[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՆԱԿԱՆ ԶՈՒԳՍԵՐ Է ՀԱԳՆՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ

Մինչ Մայիսյան եռատոնը հաշված օրեր են մնացել:  Մայրաքաղաք Ստեփանակերտում եռանդով նախապատրաստվում են մեր ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող օրվան։ 

 Դեռևս մի քանի օր առաջ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հաստատվել է Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների ծրագիրը, ստեղծվել է համապատասխան հանձնաժողով՝ միջոցառումները համակարգելու, դրանք կազմակերպված ու սահմանված ժամկետներում իրականացնելու համար։ Այդ նպատակով դեռ շաբաթներ առաջ են մեկնարկել Ստեփանակերտի հուշահամալիրի, մայրաքաղաքի փողոցների ու բակերի սանիտարական մաքրման, կանաչապատման ու բարեկարգման, ինչպես նաև տոնական ձևավորման աշխատանքները: Քաղաքում ամենուր աչք են շոյում Եռատոնը խորհրդանշող պաստառներն ու գովազդային վահանակները, պետական դրոշները, գեղագիտական հաճելի տպավորություն են թողնում խնամքով մշակված պուրակներն ու սիզամարգերը: Մի խոսքով՝ Ստեփանակերտը տոնական տեսք է ստանում:

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ