[ARM]     [RUS]     [ENG]

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ կառավարության որոշմամբ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց վճարվում է միանվագ դրամական օգնություն։ 

 ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ Մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 72-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձների կապակցությամբ բնակչության առանձին խմբերին նախատեսվել է տրամադրել  միանվագ դրամական օգնություն։ Որոշման համաձայն՝  Արցախյան գոյամարտում զոհված  զինծառայողների ընտանիքները (2600) կստանան  16-հազարական դրամ, իսկ հաշմանդամ  զինծառայողները (2240 հոգի)՝ 10-հազարական դրամ։  Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցներին (26 հոգի) և հաշմանդամներին (30 հոգի) կտրամադրվի 100-հազարական, իսկ նրանց հավասարեցված անձանց՝ 50-հազարական դրամ, նույն պատերազմում զոհվածների ընտանիքների այրիներին (5 հոգի) ևս կտրամադրվի 100-հազարական դրամ և այդ շրջանի ԽՍՀՄ մեդալակիրներին (56 հոգի)՝ 11-հազարական դրամ։ 

Ընդհանուր առմամբ, դրամական օգնություն կստանան 5082 հոգի։ Այդ նպատակով  ԼՂՀ պետական  բյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 79 մլն դրամ։ 

Վճարումներն իրականացվում են  ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ¬ի կապի  բաժանմունքներում,  իսկ շրջաններում՝  ընկերության մասնաճյուղերի միջոցով։ Դրամական  օգնություն ստանալու համար  անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ  անձը հաստատող այլ փաստաթղթով։ ԼՂՀ մշտական հաշվառում ունեցող անձանց  դրամական օժանդակությունը նշանակվում է հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) սոցիալական  հարցերով զբաղվող ստորաբաժանումների կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։ Սոցիալական աջակցության բաժնի պետի պարզաբանմամբ՝ այն  ընտանիքները, որոնք ունեցել են երկու զոհ՝ միանվագ դրամական  օգնության  իրավունք ունեն  սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները՝ եռապատիկի չափով։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ