[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ ՊԵՏՔ Է ԼԱՎ ՍԵՐՏԻ ԱՎԱԳՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ

Մայիսյան եռատոնի կապակցությամբ մեր հանրապետությունում ձևավորված ավանդույթի համաձայն արիության դասեր են անցկացվում հանրապետության ուսումնական հաստատություններում։

Արցախի մայր բուհում մայիսի 6-ին տեղի ունեցած արիության դասը վարել են ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը:

Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը ձեռք է բերվել նաև համալսարանի ուսանողների շնորհիվ։ Նրանցից 72-ն իրենց կյանքն են դրել հայրենիքի անկախության զոհասեղանին։ Մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ պետական այրերը հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ դրեցին Արցախյան գոյամարտում զոհված ուսանող-ազատամարտիկների հուշակոթողին։ 

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհավորեց ներկաներին Մայիսյան տոների առթիվ և իր խոսքում արժևորեց դրանց իմաստը։

ԼՂՀ պաշտպանության նախարարն իր ելույթն սկսեց հայ ժողովրդի համար փառահեղ հաղթանակների սկզբնափուլից։ Նրա խոսքով՝ զարմանալի զուգադիպությամբ հայ ազգի համար բախտորոշ հաղթանակները բաժին են ընկել մայիս ամսին։ Այդ շարքն սկսվել է 451 թվականին՝ Տղմուտ գետի ափին, և եզրափակվել 1992թ. Շուշիի ազատագրման փայլուն ռազմագործողությամբ։ Բոլոր այդ հաղթանակներն ունեցել են նաև զարմանալի մի ընդհանրություն. հակառակորդը պարտվել է իր իսկ սանձազերծած պատերազմում։

Արցախի զինված ուժերի հրամանատարը հանգամանալից ներկայացրեց Պաշտպանության բանակի ստեղծման պատմությունը՝ ինքնապաշտպանական ջոկատներից մինչև կանոնավոր զորքեր։ Կարելի է ասել, որ Շուշիի ազատագրման նախօրյակին արդեն ձեւավորվել էր այդ կանոնավոր բանակը, որի ապացույցը հենց բերդաքաղաքի ազատագրման փայլուն ռազմագործողությունն էր, որի ընթացքում բոլոր ստորաբաժանումները գործեցին  միասնական հրամանատարությամբ ու մտահղացմամբ։ 

Սերունդները երբեք չեն մոռանա այն վիթխարի ավանդը, որ 72 տարի առաջ ներդրեցին աշխարհի ժողովուրդները՝  Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի հասնելու համար։ Արցախահայությունը ևս իր լավագույն զավակներին ուղարկել էր ռազմաճակատ՝ մասնակցելու հաղթանակի կերտմանը։ Նրանցից շատերն իրենց անօրինակ սխրագործությամբ բարձր պահեցին հայրենի եզերքի անունը։ Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ մեծ է Հայրենական պատերազմի վետերանների ավանդը նաև Արցախյան ազատամարտում։ ՙՄեր պատերազմում հաղթանակած սերունդը դաստիարակվել է նրանց օրինակով։ Դեռ դպրոցական տարիներից նրանց սխրանքներն են առաջնորդել ու ոգեշնչել մեզ՚,- ասաց նա։

Հիրավի, հետագա հաղթանակները նոր փայլուն էջ գրեցին հայ ռազմարվեստի պատմության մեջ։ Ձևավորված բանակը պատվով կատարեց իր խնդիրը և ապահովեց արցախահայության անկախ ապրելու կամքը։ Այսօր երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում են բանակն ու նրա զինծառայողը։ Ըստ Լ. Մնացականյանի՝ տարեցտարի բարելավվում են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները։

Արցախի պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին և դրանից հետո առաջնագծում իրականացված աշխատանքներին։ Զգալիորեն բարելավվել է բանակի նյութատեխնիկական հագեցվածությունը, ձեռք է բերվել նոր սերնդի զինտեխնիկա, ինչը հնարավորություն է ընձեռում հայ զինվորին իրական ժամանակի ռեժիմում հետևել հակառակորդի տեղաշարժին և համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Բանակի սպառազինության արդիականացումն ու համալրումը շարունակվում են։  Ապրիլը մեկ անգամ ևս հասկացրեց հակառակորդին և աշխարհին, որ մենք մեր սեփական ուժերով կարող ենք պաշտպանել մեր օջախները, մեր հավատը, իրավունքն ու արժանապատվությունը։ 

ԼՂՀ ԿԳՍ նախարարը ողջունեց ԱՀ պաշտպանության բանակի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն երկուստեք փոխշահավետ է։ Նրա խոսքով՝ ԿԳՍ գերատեսչությունն իր լիազորությունների շրջանակում անում է ամեն ինչ՝ բանակին օգտակար լինելու համար։ Յուրաքանչյուր քաղաքացի, ըստ Սլավա Ասրյանի, պատրաստ է կանգնել զինվորի կողքին, որի ապացույցը բանակի զինման գործընթացին զուգահեռ տարվող տարաբնույթ աշխատանքներն են քաղաքացիական կյանքում՝ սկսած ռազմահայրենասիրական դաստիարակությունից մինչև քաղպաշտպանության միջոցառումներ։ 

Միջոցառման ավարտին նախարարները պատասխանեցին ներկաների հարցերին։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ