[ARM]     [RUS]     [ENG]

ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ Ի ՆՊԱՍՏ ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ

25 տարի է անցել Շուշիի ազատագրումից, բայց նման անառիկ բնական դիրք ունեցող բերդաքաղաքի գրավումը մինչ այսօր հանելուկային է թվում:

Շուշիի ռազմագործողությանը մասնակցել են այն ժամանակ գործող գրեթե բոլոր ինքնապաշտպանական ջոկատները: Մեծ էր նաև Աֆղանստանի պատերազմի վետերանների դերը, որոնք ընդգրկված էին տարբեր ջոկատներում, մեծ թվով էլ՝ Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հրամանատարությամբ գործող առաջին վաշտում:

Ըստ Աֆղանստանի պատերազմի վետերանների ԼՂՀ միության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի տեղեկատվության, Աֆղանստանի պատերազմական գործողություններին  200-ից ավելի ղարաբաղցի է մասնակցել, որից 7-ը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ: Նրանք արժանացել են ԽՍՀՄ Կարմիր աստղի շքանշանի, որոնցից երեքը՝ կրկնակի: Մեծ մասը պարգևատրվել է ԽՍՀՄ ՙՄարտական ծառայություն՚ մեդալով և հուշամեդալներով:

Ձեռք բերած հարուստ այդ փորձը տղաները ծառայեցրել են Արցախյան ազատամարտին: 1989 թվականին նրանք միավորվեցին և ստեղծեցին  գաղտնի գործող ՙաֆղանցիների՚ ջոկատ, որի հիման վրա 1990թ. ստեղծվեց  և պաշտոնական գրանցում ստացավ  Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը՝  Արմեն Գևորգյանի նախագահությամբ:  Նպատակն էր՝ քողարկված լինելով միության անվան տակ` գաղտնի գործողություններ ծավալել՝ ի նպաստ Ղարաբաղի ազատագրական շարժման:  Միության անդամներն  ունեին համապատասխան  գրքույկ, որի առկայությունը  թույլ էր տալիս հաճախ շրջանցել պարետային ժամի կանոնները:  Կռահելով, որ հակամարտությունը վեր է ածվելու պատերազմական գործողությունների, գիտակցելով, որ երիտասարդների մի ստվար մասը ռազմական պատրաստվածության խնդիր ունի, նրանք սկսեցին լուծել զենք-զինամթերքի հայթայթման, տղաների վարժեցման հարցերը: 1991թ. ՙաֆղանցիների՚ ջոկատի հիման վրա ստեղծվեց  լեգենդար 1-ին վաշտը: Վաշտի 1-ին դասակը համալրվեց  Աֆղանստանի պատերազմի  թոհուբոհով անցած զինծառայողներով: Վաշտի հրամանատարն էր, ինչպես վերը նշեցինք, լեգենդար Աշոտ Ղուլյանը, Արմեն Գևորգյանն էլ 3-րդ ջոկի հրամանատարն էր:

Արմենը հիշում է, թե ինչ պատասխանատվությամբ  էին վարժեցնում զինվորական ծառայությունը դեռևս չանցած տղաներին՝ շեշտը դնելով պարտիզանական պայմաններում պատերազմելու ռազմական գաղտնիքների ուսումնասիրման վրա: Ուշադրությունը սևեռվում էր թե՜ հարձակողական,  թե՜ պաշտպանողական գործողությունների վրա: Միայն ռազմական պատրաստություն անցնելուց հետո էր զինվորագրված տղաներին թույլատրվում մասնակցելու ռազմական գործողություններին:  Թե որքան է նախնական ռազմական պատրաստությունն օգնել ռազմի դաշտում, հիշում են 1-ին վաշտի 3-րդ ջոկի (երիտասարդների խումբը) տղաներից Ռաֆիկ Արշակյանը (ֆիզմաթ դպրոցի փոխտնօրեն), Արթուր Ջավադյանը (Քաղպաշտպանության Ստեփանակերտի բաժնի պետ), Արամ Մայիլյանը (ատամնաբույժ).

-Մեր ջոկի տղաները եղել են 16-18 տարեկան, ովքեր չեն էլ հասցրել ծառայել բանակում ու, բնականաբար, չունեին գիտելիքներ ռազմական կարգապահության մասին, փորձի մասին էլ խոսելն ավելորդ էր: Զինվորական ուսուցումը մեզ հետ անց էր կացնում Աֆղանական պատերազմի մասնակից Բորիս Ասրյանը: Վարժվում էինք Խնածախի արվարձաններում: Շատ մանրակրկիտ ուսումնասիրել ենք մարտավարությունը, պաշտպանական գործողությունները:  Մեր վարժվածության աստիճանն  այնքան վստահելի էր, որ մեզ ուղարկեցին օգնելու քարինտակցիներին: ՙԱֆղանցիները՚ գնացել էին օգնության հենց հունվարի 26-ի՝ հերոսական մարտի օրը, մենք՝ հաջորդ օրը:  Այսօր գիտենք, որ այդ ծանր մարտից հետո ադրբեջանցիները չհամարձակվեցին կրկին գրոհ ձեռնարկել, բայց այն ժամանակ թվում էր, թե ևս մեկ անգամ գյուղը գրավելու փորձ կանեն: Այդուհանդերձ, իրավիճակը վտանգավոր էր. Քարինտակը շրջապատված էր դիպուկահարներով, ցերեկը գյուղի կյանքը կանգ էր առնում, անընդհատ լսվում էր կրակոցների ձայնը: Դա եղավ մեր մարտական մկրտությունը՝ սովորեցինք գնդակների սուլոցների տակ անհրաժեշտ գործողություններ կատարել, թնդանոթների դղրդոցի տակ կողմնորոշվել հեռավորության մեջ ու համապատասխանեցնել մեր անելիքները: Այդ ամենում մեծ էր Բորյայի ավանդը, ով, քանիցս ճիշտ կողմնորոշվելով, փրկել էր մեր կյանքը,-երախտագիտությամբ պատմեցին տղաները:

Հետո  եղան մարտեր  Ստեփանակերտը շրջապատած Կրկժանի, Քյոսալարի, 26-ի պահպանական կետի, Լեսնոյեի ուղղություններով, որտեղ տեղակայված էր ադրբեջանական ՕՄՕՆ-ը, որի կողմից անընդհատ խուզարկություն էր կազմակերպվում Բադարայում և մոտակա գյուղերում: Շրջանների հետ կապը մայրուղով պահելու համար կարևոր էր Մալիբեյլուի, Խոջալուի ազատագրումը, որին նույնպես լուրջ դերակատարություն ունեցան ՙաֆղանցիները՚: Նրանք հաճախ էին մեկնում նաև Մարտակերտի շրջանի սահմանամերձ գյուղեր: Թե՜ երիտասարդներից բաղկացած ջոկի տղաները, թե՜ ՙաֆղանցիները՚ հիշում են՝ առաջինները՝ որպես դաս, երկրորդները՝ որպես դաստիարակման միջոց, հատվածներ մարտերից, հատկապես 26-ի պահպանական կետից: Անվերջ գրոհներից հոգնած երիտասարդ մեր զինվորները սկզբնական փուլում հաճախ քնով էին անցնում դիրքերում, փորձառուներն էլ շրջում էին, նկատում նման թերությունները, զգուշացնում հրամանատարին: Այդպես, քայլ առ քայլ, երիտասարդները կոփվում էին: 

¬Հաջորդ բնակավայրը, որը պետք էր ազատագրել, անհաղթահարելի թվացող Շուշին էր: Չնայած մինչ այդ ունեցած հաջողությունները ոգևորիչ էին,- հիշում են տղաները, - բայց նման դիրք ունեցող բերդաքաղաքի գրոհը լրջացնում էր բոլորին: Կար այն զգացումը, որ Շուշիի ազատագրումը կհաջողվի, աչքներիս առաջ էր Քարինտակի պաշտպանությունը: Խոջալուից հետո Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարությամբ մանրակրկիտ մշակվում էր Շուշիի ազատագրման պլանը: Նա մեծ հույսեր էր կապում Աֆղանստանի պատերազմն անցած տղաների հետ: Նրա հրահանգով Շուշիի գրավման գործողություններին մասնակցելու եկան նաև ՀՀ-ի ՙաֆղանցիները՚: Մի քանի անգամ նշանակված օրը հետաձգվեց: Մայիսի 7-ի գիշերը ԼՂՀ ՙաֆղանցիները՚, այդ թվում նաև 1-ին վաշտում ծառայողները, Աշոտ Ղուլյանի հրամանատարությամբ, սկսեցին իրենց վրա դրված առաջադրանքն իրագործելու գործընթացը:

-Շուշիի ռազմագործողությունից առաջ (մինչ այդ մի շաբաթ հետախուզություն ենք իրականացրել) հետևում էինք ողջ շարժին: Դասակով տեղակայվել  էինք Շոշ գյուղի տարածքում: Տվյալները  կենտրոնանում էին շտաբում` Կոմանդոսի (Արկադի Տեր-Թադևոսյանի) մոտ: Որոշ աղբյուրներ գրում են, որ առաջին վաշտը  գնացել է բանտի ուղղությամբ, բայց  դա այդպես չէր, գոնե 25 տարի հետո ասենք ճշմարտությունը... Մի  վաշտն Աշոտի գլխավորությամբ գնացել է բանտի ուղղությամբ, իսկ մյուսն իմ հրամանատարությամբ, 18 հոգով, գնացել է ավտոբազայի՝ ֆիննական տների ուղղությամբ: Մի 3 հոգի էինք տարիքով, մնացածները 17-18 տարեկան էին, բայց` մեծ ուժի ու ոգու տեր,- հիշում է Արմեն Գևորգյանը:

Ըստ տղաների, թեժ փոխհրաձգությունից հետո սկսվեց գրոհը և ադրբեջանական զորամիավորումների կողմից վերահսկվող ամենաանառիկ բարձունքն անսպասելիորեն հեշտ գրավվեց ԼՂՀ և ՀՀ ջոկատների միացյալ ուժերով:

- Շուշիի ազատագրումից հետո,- վերհիշում է Արմեն Գևորգյանը,-  վաշտը տեղափոխվեց Մարտակերտի շրջան, որտեղ իրավիճակն օրեցօր բարդանում էր: Ցավոք, օգոստոսի 24-ին զոհվեց լեգենդար Աշոտ Բեկորը: Նրան փոխարինեց  ՙաֆղանցի՚ շատ քաջ, գրագետ գործող մի անձնավորություն՝ Գենա Հակոբյանը: Կանոնավոր բանակի ձևավորմամբ 1-ին վաշտը դարձավ 1-ին գումարտակ՝  Գենա Հակոբյանի հրամանատարությամբ: 1-ին գումարտակն իր մասնակցությունն  ունեցավ պատերազմի բոլոր թեժ կետերում՝ բարձր պահելով վաստակած համբավը: 

Ցավոք, գումարտակը ևս ունեցավ զոհեր. հերոսաբար զոհվել են 19 ՙաֆղանցիներ՚, որոնք հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու արժանացել են շքանշանների և մեդալների: Շքանշանների և մեդալների են արժանացել միության գրեթե բոլոր անդամները: 

Այսօր ՙաֆղանցի՚ վետերանները  գործուն մասնակցություն են ունենում Արցախի հասարակական կյանքում: Ընդառաջելով ՙաֆղանցիների՚ դիմումին, կառավարությունը գրասենյակի համար 2016թ. տարածք է տրամադրել, ինչը հեշտացրել է նրանց համակարգված գործունեությունը: Նրանք միշտ հանդիսավոր կերպով անց են կացնում միջոցառումներ՝ նվիրված լեգենդար հրամանատար, Արցախի  հերոս Աշոտ Ղուլյանին: 2016թ. Կենտրոնական պաշտպանական շրջանի աջակցությամբ և սեփական միջոցներով ՙաֆղանցիները՚ նորոգել են Աշոտ Բեկորի հուշարձանի պատվանդանը, բարեկարգել նրա անունը կրող պուրակի տարածքը: Աֆղանստանի պատերազմի  ԼՂՀ վետերանների միությունը հետևողականորեն աշխատանք է տանում արտերկրի նմանատիպ կազմակերպությունների հետ, այդ թվում  նաև՝  ռուսաստանյան, կապեր հաստատում: Փետրվարի 15-ին ԼՂՀ ՙաֆղանցիներն՚ իրենց՝  ամբողջ հետխորհրդային տարածքի մարտական ընկերների հետ նշում են ինտերնացիոնալ- զինվորների հիշատակի օրը: Հենց այդ օրը՝ 1989թ.-ին, խորհրդային զորքերի վերջին շարասյունը թողեց Աֆղանստանի տարածքը:

Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Եսայի Բալայանի տեղեկատվությամբ,  միությունը դիմել է իշխանություններին՝ առաջարկելով վերանորոգել Աշոտ Ղուլյանի անվան պուրակը և, հուրախություն բոլորի, արդեն ոչ միայն պատրաստ է պուրակի վերանորոգման նախագիծը, այլև սկսված են նշյալ աշխատանքները, որոնք նախատեսված է ավարտել սեղմ ժամկետներում:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ