ՄԱՍՈՒՆՔՆԵՐ ՍՈՒՐԲ ԵՐԿՐԻՑ` ԱՐՑԱԽԻ ՍՈՒՐԲ ՔԱՂԱՔՈՒՄ

Թանգարանների միջազգային օրվան աշխարհում ավանդաբար հաջորդում   է Թանգարանային գիշերը։ Համաթանգարանային այդ միջոցառմանն արդեն մի քանի տարի է` միացել են  Արցախում գործող թանգարանները:

Նպատակն է մեծացնել մշակութային այդ օջախների նկատմամբ հանրության հետաքրքրությունը, հանրահռչակել հոգևոր-մշակութային արժեքները: Այս տարի Արցախում այն նշանավորվեց նոր ձևաչափով` Շուշիի արվեստի կենտրոնում մայիսի 20-22-ը   ՙհյուրընկալվեց՚ Սանկտ Պետերբուրգի  կրոնների պատմության թանգարանը` ՙԵրուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը՚ խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրությամբ: 

Այն իրականացվեց նշյալ թանգարանի և  ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային ինստիտուտ-թանգարանի ու  ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ: Ցուցահանդեսը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո ՙՇուշիի թանգարաններ՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը հակիրճ ներկայացրեց ցուցահանդեսի բովանդակությունը և խոսքը  փոխանցեց Սանկտ  Պետերբուրգի կրոնների պատմության թանգարանի փոխտնօրեն Եկատերինա Տերյուկովային: Վերջինս իր ներողամտությունը հայցեց ներկաներից` հայերենին  չտիրապետելու և ռուսերենով հաղորդակցվելու  համար: Նաև ասաց, որ ուրախ  է  այստեղ հիանալի, մաքուր ռուսերեն խոսք լսելու համար, մի բան, որ միշտ չի հաջողվում իրեն` նույնիսկ հայրենիքում: Նա նաև իր գոհունակությունը հայտնեց պատկերասրահի պայմաններից, որտեղ կարելի է ցուցադրել անգամ նկարների բնօրինակներ:

Նրա խոսքով` վերոհիշյալ խորագրով ցուցահանդեսը մեկ տարի առաջ բացվել է Երևանի ճարտարապետության ինստիտուտ-թանգարանում և մաս է կազմում Սանկտ Պետերբուրգի թանգարանի ցուցադրանքին: Անցյալ տարի հոկտեմբերին Երևանում բացվել է Պաղեստինի  կայսերական ուղղափառ ընկերության  ներկայացուցչություն, որն իր   գործունեությունն է ծավալում Հայաստանում, հնարավոր է՝ կանի  նաև Արցախում: 19-20-րդ դարասկզբի եզակի լուսանկարները Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերության հավաքածուից են: Այս ցուցահանդեսը, նշեց Ե. 

Տերյուկովան, դեռևս առաջին քայլն է և չէր կայանա, եթե չլինեին Երևանի թանգարանի հետ   համագործակցությունը և Արցախի իշխանությունների բարի կամքը այստեղ նույնպես ներկայանալու համար,  և իր երախտագիտությունը հայտնեց  ՄԵՀ նախարար Նարինե Աղաբալյանին` սրտաբաց ընդունելության և աջակցության համար` նրան նվիրելով ալբոմ, որում ներառված են հնագիտական պեղումների արդյունքները` ի նշան երկու ժողովուրդների բարեկամության և հետագա համագործակցության: 

Ալ. Թամանյանի անվան  ազգային ինստիտուտ-թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանն ասաց, որ մշակույթի հիմքի վրա մարդիկ, ժողովուրդները  միավորվում են, երկրները կարող են զարգանալ միայն այդ հողի վրա, նշելով, որ առանձնահատուկ կարևոր է, որ Թանգարանային գիշեր միջազգային ակցիան իրենք  անց են կացնում  փառապանծ Շուշի քաղաքում: Լուսանկարները խոսում են սուրբ երկրում Հայ Առաքելական եկեղեցիների և ռուսական հոգևոր ներկայության, ընդհանուր քրիստոնեական արժեքների մասին: Դրանք այն  սրբավայրերն են, որոնք  միշտ հնչում են մեր ունկերում:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը խորհրդանշական  համարեց   ցուցահանդեսը Շուշիում կազմակերպելը, քանզի Շուշին նույնպես հոգևոր կենտրոնի դերակատարություն է ունեցել Արցախում: ՙԱյս օրերին, երբ  մենք նշում ենք բերդաքաղաքի ազատագրման 25-ամյակը,  դրանով նաև փաստում ենք, որ մենք այս քաղաքը ազատագրել ենք` նրան նորից իր հոգևոր-մշակութային առաքելությունը, դերակատարությունը վերադարձնելու նպատակով՚,¬ասաց նախարարը: Նա տեղեկացրեց, որ  Շուշիում  հայկականի կողքին գործել են նաև  ռուսական եկեղեցիներ, որոնց լուսանկարներն անգամ չեն պահպանվել: Նախարարի այդ ընդգծման նպատակն այն էր, որպեսզի նշի, որ, ցավոք, մեր օրերում նույնպես  վանդալների ձեռքով ոչնչացվում են սրբավայրեր, եկեղեցիներ, հոգևոր կենտրոններ, մշակութային ժառանգության կարևորագույն կոթողներ աշխարհի տարբեր մասերում: Եվ ըստ նրա` այդ կարգի միջոցառումները նաև  որպես յուրատեսակ  կոչ են ծառայում, որ պետք է պահպանել այն, ինչ ստեղծվել է  դարերի ընթացքում: Նա իր հերթին հյուրերին հանձնեց հուշանվերներ, որոնք բովանդակում են Շուշիի մասին նյութեր: 

Ցուցահանդեսը դիտելու էին եկել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական այլ այրեր,  հասարակայնության ներկայացուցիչներ: 

Շատերն, իհարկե, գիտեն Սուրբ երկրում հայկական հետքի մասին, բայց քչերին է հաջողվել լինել այդտեղ և իրենց աչքով տեսնել սրբավայրերը, և ցուցահանդեսը հնարավորություն տվեց նրանց  վիրտուալ ճամփորդություն  կատարելու դեպի  Ավետյաց  երկիր: 

Շուրջ 6 տասնյակ լուսանկարներում, որոնց հեղինակներն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրող լուսանկարիչներ են (այդտեղ կային նաև մեր հայրենակից Մաքսիմ Աթայանցի կողմից արված լուսանկարներ), պատկերված էին  հայկական, ռուսական սրբավայրերը և  տերունակոխ մյուս վայրերը: Ներկաները տեսան  Զատկական ընթրիքը Սերգեևյան վանական բակում,  Ջաֆֆայի դարպասները, Սիոնյան դարպասները, Եղիսաբեթյան վանատունը, սուրբ Ալեքսանդր Նևսկու եկեղեցին, սուրբ Հակոբյանց մայր տաճարը, Գողգոթան, Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, Լացի պատը, Հայկական պատրիարքարանի փողոցը, Փրկչի սուրբ գերեզմանի մատուռը,  որտեղ ամեն օր հերթով տարբեր ժամի պատարագ են մատուցում հույները, հայերը, կաթոլիկները, ինչպես նաև Գեթսեմանի այգին և այլն:   Այդ լուսանկարները հնարավորություն են տալիս համեմատելու 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի և այսօրվա սրբավայրերը: 

Երուսաղեմ այցելած  ուխտավորները գիտեն, որ  քաղաքը  ներծծված է հայկականությամբ: Հայկական շունչը, պատմությունը, ճարտարապետությունը գրեթե ամենուր առկա են, և Սուրբ երկիրն անհնար է պատկերացնել առանց հայոց ներկայության, որովհետև քրիստոնեական առանցքային սրբավայր այդ քաղաքում մի շարք նորամուծությունների հեղինակները հենց հայերն են: 

Այցելուների մեջ կային մարդիկ, որոնք  իրենց աչքով են տեսել  այդ սրբավայրերը: Նրանցից էր Ստեփանակերտի հ. 3 դպրոցի ուսուցչուհի Սուսաննա  Մեժլումյանը, ով թանգարան էր եկել  իր սաների  հետ և ականատեսի վկայությամբ էր բացատրում լուսանկարները: Ի դեպ, օրերս Արցախից  ուխտավորների երկրորդ խումբը կմեկնի Սուրբ երկիր: