...ԵՎ ՀՆՉԵՑ ԶԱՆԳԸ ՎԵՐՋԻՆ

Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական  վարժարանում  հնչեց վերջին զանգը։ 16-ամյա ռազմական նախակրթարանը դեպի մեծ կյանք է ճանապարհում իր 28 սաներին, ովքեր ընտրել են մասնագիտություններից լավագույնը՝ Հայրենյաց պաշտպանի  մասնագիտությունը։

Նրանցից շատերն արդեն վերջնական  որոշում են կայացրել՝ ուսումը շարունակել բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում։ Օրը նշանավոր էր նաև նրանով,  որ ռազմական վարժարանն ավարտում է իգական սեռի առաջին ներկայացուցիչը՝  Եվա Ղազարյանը, ով նույնպես արդեն կողմնորոշվել է մասնագիտության ընտրության հարցում։ Եվան ուսումը շարունակելու է Ա. Խանփերյանցի անվան  ռազմաավիացիոն ինստիտուտում։

Միջոցառումը մեկնարկեց Արցախի  հերոս Ք. Իվանյանի հուշարձանին  ծաղիկների խոնարհմամբ։ 

Դասղեկ Իվետա Հարությունյանը, ողջունելով շրջանավարտ սաներին, ասաց. ՙԳիտեմ, հեշտ չի լինելու ձեր ընտրած ուղին,  բայց վստահ եմ, որ դուք հաղթահարելու և հասնելու եք ձեր նպատակներին, քանզի դուք՝ քաջարի Իվանյանականներդ, Հայոց Արցախի դրոշը վեր պահելու պատգամն ունեք՚։ 

Զորամասի հրամանատար փոխգնդապետ Վահրամ Հակոբյանի բնորոշմամբ՝ տոն է ոչ միայն շրջանավարտների, այլ ռազմական  կրթօջախի սպաների, դասախոսների, վարչության, սպասարկման և ապահովման ոլորտի աշխատողների համար։ Իրենց սաները կայացել են նաև նրանց  շնորհիվ, դարձել առնական, խրոխտ,  զինվել  գիտելիքների մեծ պաշարով։  Ուսումնառության տարիներին  վարժարանի սաներն արձանագրել են բազմաթիվ հաջողություններ, նրանք հաղթող են ճանաչվել 40-ից  ավելի մրցույթներում, արվեստի, հանրակրթական ուսուցման և մշակութային ոլորտներում։ Ըստ  զորամասի հրամանատարի՝ այդ ամենը հանգեցրել է նրան, որ 28 շրջանավարտներից 26-ը դիմել է ուսումը շարունակելու բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում։ Եվս մեկուկես ամիս` և նրանց արդեն կհանդիպենք կուրսանտական ուսադիրներով, իսկ չորս տարի անց՝  սպայական կոչումներով։ 

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի  շնորհավորական ուղերձը վերջին  զանգի առթիվ հրապարակեց  նախարարության ներկայացուցիչ Ստեփան Օհանջանյանը։  Ուղերձում կար վստահություն առ այն, որ կրթօջախի սաները  պատրաստ են դառնալու  ազատ ու անկախ Արցախի Հանրապետության արժանի քաղաքացիներ։ Նախարարի կողմից կարևորվեց ուսուցիչների ու  ծնողների ներդրումը, որոնց շնորհիվ սաների հոգում սերմանած ազնիվն ու առաքինին կդառնան խորհուրդ և պատգամ հետագա կենսական նախաձեռնություններում։   Ըստ Ս. Ասրյանի՝ այդ նրանց շնորհիվ են շրջանավարտները ձեռք բերել մեծ կյանքի դռները բացելու ոսկե բանալին։ 

Բարեմաղթանքի խոսք ասաց  շրջանավարտ սանի հայր, ծնողական կոմիտեի նախագահ  Վարուժան  Աղաջանյանը, շնորհավորանքի խոսք` ռազմամարզական վարժարանի  շրջանավարտ, ապրիլյան պատերազմի  օրերին  հայրենիքին իր կյանքը նվիրաբերած, ավագ լեյտենանտ Գարիկ Ավանեսյանի մայրը՝ տիկին  Մարիետան։ Շրջանավարտների անունից երախտագիտություն հայտնեց 3-րդ ուսումնական վաշտի սան Մարատ Օհանջանյանը։ Առաջին, երկրորդ և երրորդ ուսումնական վաշտերի սաները  շրջանավարտներին ողջունեցին իրենց ՙԲերդապար՚-ով, դեֆիլեի ցուցադրմամբ և ՙՎիեննական վալս՚-ով։ Շրջանավարտներին իրենց  բարեմաղթանքները հղեցին նաև  դպրոցահասակ  մի խումբ երեխաներ։ 

Զորամասի հրամանատարի հրամանով  ուսումնական տարվա ընթացքում  հաջողությունների հասած սաները  պարգևատրվեցին պատվոգրերով, ԵԿՄ, ՙԼավագույն մարզիկ՚, ՙԱնդրանիկ Օզանյան՚ կրծքանշաններով, իսկ ՈՒՎ 1-ին ուսումնական դասակը՝ փոխանցիկ գավաթով։ 

Վերջին զանգի հնչեցման  պատիվը տրվեց ուսման ընթացքում աչքի ընկած  սաներին՝ Ալբերտին, Սամվելին, Լևոնին, Սմբատին, Գևորգին ու Կարենին։  

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ