[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐԱՀԱՅՏ ԺԱՅՌԱՓՈՐ ԵԿԵՂԵՑԻ` ՙԵՂԵԳՆՈՒ ՁՈՐԻ ՃԳՆԱՎՈՐ՚

Քաշաթաղի շրջանի մայր գետի՝ Հակարու միջին մասում` թե՜ աջ և թե՜ ձախ կողմերում, կան ժայռակոփ ձորակներ, որոնցում շատ են բնական քարանձավները։ Դրանք  բազում դարեր առաջ` որպես բնակարան ու որպես հոգևոր շինություն, ծառայել են հայ մարդուն։   Շրջանում ավեր ու կիսավեր, պահպանվել են մի քանի տասնյակ եկեղեցիներ, որոնց մի մասը ժայռափոր է։ 

 Ծաղկաբերդ համայնքի տարածքում՝ գյուղից մոտ 3 կմ հարավ, պահպանվել է Քրոնքի վանք-ժայռափոր եկեղեցին։ Իսկ  8,2կմ հյուսիս-արևմուտք՝ նախկին Ներքին Ջիջիմլի գյուղից 1 կմ հյուսիս-արևելք` ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից 2,3 կմ հարավ-արևելք՝ կտրատված ռելիեֆով անմարդաբնակ, անջրդի ու անօգտագործելի ձորում, որին կոռնիձորցիները ՙԵղեգնու ձոր՚ (Ղամիշ դարա) անունն են տալիս, կա մեկ այլ ժայռափոր եկեղեցի։ Այն փորված է ձորի հարավահայաց լանջի հրաբխային մանրահատիկ կավահողի հաստ շերտի մեջ և ամբողջովին ձեռակերտ է։ Շրջակայքում բնակավայրի, գյուղատեղիի հետքեր չկան։ Եկեղեցին հորինվածքում միանավ բազիլիկա է՝ ուղղանկյուն խորանով։ Հարավային ճակատից բացված միակ մուտքի եզրագծերը փլուզված են։ Ուղղանկյուն սրահը պսակված է երկկենտրոն թաղ հիշեցնող, մինչև 3,28 մ բարձրությամբ առաստաղով։ Խորանն ունի բարձր (0.8 մ) բեմ և այնտեղ տանող մեկ աստիճան՝ հյուսիսային մույթի տակ։ Այն, ի տարբերություն սրահի, պսակվում է կտրած կիսագնդի նմանվող ցածր գմբեթարդով։ Խորանի բեմի ճակատային գիծը քայքայված է և այսօր ներկայացնում է կոր բացվածք։ Հյուսիսային պատին պահպանվել է նեղ, կամարակապ որմնախորշ։ Սակայն չկա մկրտության ավազան, ինչը հուշում է, որ մատուռ-եկեղեցին եղել է աղոթարան տարածքի ճգնավորների համար։ Այդ մասին է վկայում նաև այն, որ տարածքում գերեզմանոցի հետք չկա, այսինքն՝ ժայռափորը որևէ բնակավայրի չի պատկանել։  

Եկեղեցում որևէ արձանագրություն կամ զարդարանք չկա։ Նրա կառուցման ու գոյատևման մասին լռում են նաև սկզբնաղբյուրները։ Դատելով կառուցվածքից ու շինարարական տեխնիկայից՝ եկեղեցին կարելի է թվագրել 14-15-րդ դարերին։ 

Հուշարձանը հայտնաբերել է ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի և հայագիտական ինստիտուտի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի համատեղ  արշավախումբը՝ Կոռնիձորի բնակիչ Անդրանիկ Հայրապետյանի տեղեկատվությամբ։ Հակարի գետի երկու ափերը 18-րդ դարից սկսած հայաթափ են եղել ու բնակեցվել մահմեդականներով։ Այդ ժամանակից, նաև դրանից առաջ, տարածքի հայոց պատմական հուշարձաններին քիչ են անդրադարձել հետազոտողները։ Շրջանի ազատագրումից հետո հնարավոր դարձավ ուսումնասիրել հայտնիները և հայտնաբերել նորերը։ Պատահաբար գտնվեց Հոչանցի անապատ ժայռափոր եկեղեցին, որի մասին հիշատակում է Առաքել Դավրիժեցին։ Տարածքի նման հուշարձաններ հայտնաբերելու հարցում կարևոր տեղեկություն են տալիս նախկինում ադրբեջանա-հայկական սահմանին մոտ գտնվող հայկական բնակավայրերի բնակիչները: 

 

   

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր