[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱԲՈՒՆՑՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

 altԳերդաստանի ավագը մեծ հայրենասեր Հայրապետ Բաբունցն էր, որը ծնվել է 1890թ., Հադրութի շրջանի Ծակուռի գյուղում, բազմազավակ հողագործի  ընտանիքում: Ավարտելով գյուղի տարրական դպրոցը, չնայած ընդունակություններին, ընտանիքի նյութական սուղ վիճակի պատճառով ուսումը  շարունակել չկարողացավ. լինելով տան անդրանիկ  զավակը, Հայրապետն իրեն պարտավորված էր զգում օգնել ծնողներին: Նա հոր հետ սկսում է զբաղվել հողագործությամբ: 

Սակայն շուտով հասկանում է, որ հողագործի աշխատանքի արդյունքը, ինչպես մեծն Թումանյանն է գրել, կախված է երկնքից: Այդ իսկ պատճառով  որոշում է արհեստ սովորել, ունենալ կայուն եկամուտ: Այդ նպատակով Հայրապետը 1906թ.  մեկնում է Սամարղանդ, փորձելով գտնել իր երջանկությունը օտար ափերում: Այստեղ նրան բախտը ժպտում է. ծանոթանում է մի հայ կոշկակարի հետ, որը  Հայրապետին ընդունում է իր ընտանիքում և վերցնում իր մոտ աշխատանքի` որպես աշակերտ: Կարճ ժամանակում Հայրապետը տիրապետում է արհեստին, անուն ու հարգանք վաստակում քաղաքում: Նա նաև սկսում է ծնողներին նյութապես օգնել: Սակայն շատ էր կարոտում նրանց ու հայրենիքին և 1910թ. վերադառնում է ծննդավայր: Մեկ տարի գյուղում մնալուց հետո,  տեսնելով, որ տեղում գործ չկա, ստիպված տեղափոխվում է Կորյագինո ավան, որտեղ սկսում է աշխատել իր արհեստով:  Այդ տարիներին Հայրապետի համար ամենակարևորն այն էր, որ նա  ծնողներին շատ մոտ էր ապրում և ժամանակ առ ժամանակ այցելում էր նրանց, օգնում և° նյութապես, և° ֆիզիկապես: Բայց նրա այդ ուրախությունը կարճ տևեց. 1914թ. ծագած Առաջին համաշխարհային պատերազմը չշրջանցեց նաև Հայրապետին: Նա ևս զորակոչվեց ռուսական բանակի շարքերը. կռվում էր Կովկասյան ռազմաճակատում, հետևակային էր, մասնակցել է մի շարք մարտական գործողությունների: Երբ ռուսական բանակը լքեց մարտական դիրքերը, հայերն ստիպված էին նահանջել, ու հենց այդ ընթացքում էլ ձևավորվում են հայկական կամավորական գնդերը, որոնցից մեկին զինվորագրվում է Հայրապետը: Գնդի հրամանատարը գնդապետ Պողոսբեկ Փիրումյանն էր, և այդ հետևակային գնդի կազմում Հ. Բաբունցը մասնակցում է նաև Սարդարապատի ճակատամարտին, իսկ ճակատամարտից հետո, որպես արցախցի, զորացրում են. նրա հայրենիքում նույնպես մեծ վտանգ կար` Արցախը շրջապատված էր մուսավաթականներով: Հայրապետը, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, հասնում է գյուղ և սկսում ակտիվորեն մասնակցել գյուղի պաշտպանությանը: 

1922թ. նա ամուսնանում է համագյուղացի Աշխենի հետ: 1923թ. ծնվում է նրանց անդրանիկ զավակը`  Գրիգորը: Հաջորդ տարում Բաբունցներն ընտանիքով տեղափոխվում են Կորյագինո: 1930թ. սկսում են հայկական թաղամասում սեփական տուն կառուցել: Տունը երկհարկանի էր` մեծ պարտեզով, որտեղ տան ավագը տնկել էր պտղատու ծառեր: Սակայն մինչև վերջ վայելել չարչարանքի պտուղները չհաջողվեց:  Նրանք էլ չդիմացան հայության հանդեպ իշխանությունների ճնշումներին, որոնք առանձնապես սաստկացան 1960 թվականին, և ավագ Բաբունցներն ստիպված ջրի գնով վաճառելով տունը, տեղափոխվում են Ստեփանակերտ` միջնեկ որդի Գուրգենի մոտ, որտեղ և 1970թ. չնչին տարբերությամբ կնքում են իրենց մահկանացուն: 
Հայրապետն ուներ երեք որդի, խելացի, ընդունակ տղաներ և, ամենագլխավորը, նրանք իրականացրին հոր երազանքը` երեքն էլ ստացան բարձրագույն կրթություն. Գրիգորն ու Անդրեյը` Բաքվում, իսկ Գուրգենը` Մոսկվայում: Գրիգորը տնտեսագետ էր, աշխատանքային գործունեությունն սկսել է մարզային ֆինանսական բաժնում, հասարակ տեսուչից հասել  բաժանմունքի պետի պաշտոնին` սիրած գործին  նվիրաբերելով ավելի քան 35 տարի: Անդրեյը, ավարտելով Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժինը, երկար տարիներ դասավանդել է  Բաքվում, Երևանում, Լենինգրադում, որտեղ և նրան շնորհվել է վաստակավոր ուսուցչի կոչում: Յուրահատուկ անձնավորություն էր Գուրգենը, որը ծնվել է 1926թ.: Դառն է եղել նրա պատանեկությունը. տասնհինգ տարեկան հասակից թողնելով ուսումը`  ստիպված է եղել անցնել աշխատանքի: Սկզբում աշխատել է բնակության վայրում, ապա` Բաքվի նավթահանքերում` որպես բանվոր: 1945թ. նա վերադառնում է ծննդավայր և շարունակում կիսատ թողած միջնակարգ կրթությունն ու այն ավարտում 1947թ.: Նույն տարում ընդունվում է ՆԳՆ Բաքվի հատուկ  դպրոցը եւ այն  ավարտում  1949թ.: Նույն տարում աշխատանքի է անցնում ՆԳ մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում` որպես  օպեր-լիազոր, ճակատագիրը կապում քրեական հանցագործությունների հետաքննության գործի հետ: Շնորհիվ քրտնաջան աշխատանքի, նա հասարակ լիազորից հասնում է մինչև բաժնի պետի պաշտոնին և փոխգնդապետի կոչմանը: Նա ոստիկանության վարչությունում երրորդ  բարձր պատասխանատու պաշտոնյան էր և հաճախ էր փոխարինում վարչության պետին: Գ. Բաբունցը դեռևս 1957¬1960 թվականներին ավարտել է Մոսկվայի բարձրագույն իրավաբանական հատուկ դպրոցը:  Գրագետ օպերատիվ մասնագետ էր: Նրա մշակած պլանները միշտ էլ պսակվում էին հաջողությամբ, այսինքն`  հանցագործությունների բացահայտմամբ: Նա լավ դաստիարակ էր, բարի խորհրդատու, իր օպերատիվ փորձը փոխանցում էր ենթականերին: Նրանց հետ պարապմունքներն անց էր կացնում մատչելի լեզվով, հստակ, չէր սիրում շատախոսությունը, մարդամոտ էր, որի համար էլ վայելում էր ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցների սերն ու համակրանքը: Մարզի բնակչությունը նրան հավատում, վստահում ու հարգում էր: 
Գ. Բաբունցը նաև գեղեցիկ և օրինակելի ընտանիքի հայր էր: Նա իր ազատ ժամանակը լրիվությամբ օգտագործում էր երեխաների դաստիարակության գործին: Կինը` Թամարան, հոգատար մայր էր,  քառասուն տարուց ավել ծառայել է հանրապետության առողջապահական համակարգում` որպես բուժքույր:  Շնորհիվ ճիշտ դաստիարակության` նրանց երեք որդիներն  իրոք հասարակության լիարժեք անդամներ դարձան: Վալերին` ավագ որդին, որը երկու բարձրագույն կրթության տեր է, այժմ դասավանդում է Խարկովի ավիացիոն ինստիտուտում: Միջնեկը` Կարոն, ավարտել է Խարկովի ավտոմոբիլային ինստիտուտը: 1985թ. աշխատել է Ստեփանակերտում գործող հ. 2718 ավտոշարասյունում` որպես շահագործման բաժնի պետ, ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: 1988-ից  մինչև 1991 թվականն աշխատել է երջանկահիշատակ Բ. Դադամյանի անմիջական ենթակայության ներքո` որպես ավտոձեռնարկության միավորման շահագործման բաժնի պետ: 1992թ., առողջական խնդիրներից դրդված, մեկնել է Խարկով բուժման, որից հետո բնակություն է հաստատել այդտեղ: Ներկայումս նա ձեռներեց է Խարկովում: Չնայած  Վալերին և  Կարոն բնակվում են հայրենիքից դուրս, նրանք հարազատ բնօրրանի հետ կապը չեն խզել: Խարկովի հայկական համայնքի հայանպաստ աշխատանքի ակտիվ մասնակիցներն են, հայեցի են դաստիարակում իրենց զավակներին, հաճախակի արձակուրդներն անց են կացնում Արցախում, կատարում իրենց որդիական պարտքը ծնողների սուրբ հիշատակի հանդեպ: Գ. Բաբունցի կրտսեր որդին` Կամոն, ճիշտ հոր կրկնօրինակն է, շարունակում է հոր գործը` փոխգնդապետի զինվորական կոչումով Ազգային անվտանգության ծառայությունում, 1992 թվականից: 
Գ. Բաբունցը նաև անփոխարինելի ուսուցիչ էր: Նրա վարպետության քուրայով են անցել ոստիկանության համակարգի բազմաթիվ սպաներ: Նրանց թվում` հանրապետության ոստիկանության պետի նախկին տեղակալ, գնդապետ Վ. Ավագիմյանը, հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ, գնդապետ Լ. Աբրահամյանը, հին Շահումյանի շրջանի ոստիկանության պետ, փոխգնդապետ Ն. Պողոսյանը: 
ՙԲաբունցը խստապահանջ էր ոչ միայն ենթակաների, այլև իր հանդեպ: Պահանջում էր հետևողական լինել ցանկացած հարցում`  լիներ դա հանցագործության բացահայտում, թե փաստաթղթերի հետ աշխատանք: Նա գերազանց տիրապետում էր մարզի օպերատիվ վիճակին, նույնն էլ պահանջում էր մեզանից: Ճանաչված էր ոչ միայն մարզում, այլև նրա սահմաններից դուրս: Հավասարապես ընդունված էր ինչպես հասարակ  մարդկանց կողմից, որոնց շահերը կոչված էր պաշտպանել, այնպես էլ հանցավոր տարրերի կողմից, որոնց նկատմամբ աչքի էր ընկնում օբյեկտիվ խստապահանջությամբ՚,- գրում է Վ. Ավագիմյանը:
ՙՆրա տված խորհուրդներն ինձ օգնել են ճիշտ կողմնորոշվել ու ծանր հանցագործությունների քննության ժամանակ կազմել համատեղ օպերատիվ քննչական միջոցառումների պլան` պարզելու հանցավոր խմբի մասնակիցների դերը կատարված հանցագործության մեջ՚,- ասում է Ն.Պողոսյանը:
Գուրգեն Բաբունցը մեծատառով մարդ էր, հոգատար ղեկավար: Ամենակարևորը, նա կարողանում էր հասկանալ ենթականերին և նրանց կողմից բարձրացված հարցերին ճիշտ և ժամանակին լուծում տալ: Բաբունցի ծառայությունները հայրենիքն արժանվույնս է գնահատել: Նա պարգևատրվել է միլիցիայում ՙԳերազանց ծառայության համար՚ առաջին, երկրորդ, երրորդ կարգի կրծքանշաններով և մեկ տասնյակից ավելի պատվոգրերով:
Գ. Բաբունցն իր մահկանացուն կնքեց 1993թ.: Նա հանկարծամահ եղավ սրտի կաթվածից, իսկ կինը` Թամարան, 2007թ. մահացավ բնական մահով: Նրանք արցախահայությանը թողեցին բարի անուն, երեք որդի և ութ թոռ, բոլորն էլ գերդաստանի ավագների պես հայեցի, խելոք, կիրթ: Բաբունցներն իրենց արժանի հետնորդներով վառ օրինակ են ինչպես մեզ` ապրողներիս, այնպես էլ Արցախի գալիք սերունդների համար: