[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ

Ստեփանակերտի նախկին Կիրովի անվան փողոցի թիվ 21 բազմահարկ նորակառույց  շենքում 1973թ.-ին  68 ընտանիքներ տոնեցին իրենց բնակարանամուտը։ Այդ օրերից անցել են 44 տարիներ, շատ ջրեր են հոսել, շատ բան փոխվել։ 

 Տարիների ընթացքում մի քանի անգամ վերանորոգման են ենթարկվել շենքի տանիքը, մուտքերը, սակայն ոչ մի անգամ հնարավորություն չի եղել վերանորոգել բակը, փոխել քայքայված ասֆալտը։ Երկար ժամանակ որոշ բնակիչներ խիճ ու ավազ են լցրել բակում առաջացած խոր փոսերի մեջ, որպեսզի հնարավորություն ունենան ապահովել ավտոմեքենաների ելքն ու մուտքը։ Անձրևի ու ձնհալի ժամանակ բակում քաոսային իրավիճակ էր ստեղծվում, հատկապես ծերերն ու երեխաները չէին կարողանում տեղաշարժվել։ Դեպքեր են եղել, որ շտապօգնության մեքենաները  չեն կարողացել բակ մտնել, բժիշկները հենց Ազատամարտիկների (այսօր այդպես է կոչվում) փողոցից էին սկսում իրենց այցելությունները հիվանդներին՝ հաղթահարելով մեծ դժվարություններ։

Ստեղծված իրավիճակը մտահոգել էր շենքի բնակիչներին, և նրանք մի քանի անգամ դիմել են Քաղաքաշինության նախարարությանը, Ստեփանակերտի քաղաքապետարանին՝ բակի ասֆալտապատման խնդիրը լուծելու համար։ Եվ ամեն անգամ նրանց հորդորել են մի քիչ էլ դիմանալ, չհուսահատվել. միջոցներ լինելու դեպքում առաջնահերթ խնդիրը կլուծվի։ Բնակիչներն էլ ըմբռնումով էին մոտենում և սպասում։ 

Եվ ահա մի օր քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այցելեցին բակ: Օգոստոսին շինարար վարպետները կառուցեցին ջրահեռացման և կոյուղաջրերի նոր ցանց, բակը ձևափոխվեց, ասֆալտապատվեց, հիանալի տեսք ստացավ: 

Ազատամարտիկների 21 և 23 շենքերի բոլոր բնակիչների անունից խորին երախտագիտություն ենք  հայտնում Կարեն  Շահրամանյանին, Սուրեն  Գրիգորյանին և կառուցող բոլոր վարպետներին, բանվորներին, ինժեներատեխնիկական աշխատողներին, որոնց ջանքերով Արցախի Հանրապետության հռչակման օրը՝ սեպտեմբերի 2-ին, մեծ նվեր մատուցեցին նշված շենքերի բնակչությանը։ 

 

Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Տնային կոմիտեի նախագահ