ԳԱՌՆԱՔԱՐՈՒՄ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ

Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղը մի գողտրիկ բնակավայր է՝ իր վաղեմի պատմությամբ ու կոլորիտային բնակչությամբ։

Համայնքի ղեկավար Էրիկ Մարտիրոսյանի խոսքով՝ 173 բնակիչ է գրանցված, բայց մշտապես բնակվողները 125-ն են։ Մարդիկ գրանցված են, բայց չեն ապրում գյուղում, որովհետև չկա աշխատանք՝ պատճառաբանում է գյուղապետը (ընդամենը երկու տարի է, ինչ նա ղեկավարում է Գառնաքարի համայնքը)։ Թվում է՝ աշխատատեղերի բացակայությունը գյուղաբնակների համար չպիտի խնդիր լինի, այն պարզ պատճառով, որ գյուղում ոչ մի ժամանակ էլ առանձնակի աշխատատեղեր, թեկուզ փոքր արտադրամասեր չեն եղել։ Տարիներ շարունակ գյուղացու հիմնական զբաղմունքը միշտ էլ հողագործությունն էր ու անասնապահությունը։ Բայց այսօր գյուղատնտեսության այդ ճյուղերը ոմանց համար կարծես մատչելի չեն։ Հատկապես հողագործությունը, քանզի սեփականաշնորհված հողատարածքները ոչ բոլորն են կարողանում նպատակային օգտագործել։  Պատճառները, ըստ համայնքի ղեկավարի, տարբեր են։ Եվ ահա այստեղ է, որ ՙօգնության՚ են հասնում առավել ձեռներեցները, ովքեր վարձակալում կամ պայմանավորվածությամբ վերցնում և իրենք են մշակում նման անհատների հողատարածքները։ 

Իսկ վարելահողերում հիմնականում հացահատիկ են ցանում՝ ցորեն, գարի և հաճար։ Ընդհանուր առմամբ՝ հողօգտագործողները գոհ են 2017-ի բերքահավաքից. Նոր Ղազանչիի հարակից տարածքում համայնքին պատկանող 35 հա վարելահողից բարձր բերք են ստացել  (մեկ հեկտարից 1-1,5 տոննա բերքը վատ ցուցանիշ չէ)։ Իսկ գյուղամերձում՝ մոտ 20 հա-ի վրա, միայն հաճար էր ցանվել, ու եկամուտն էլ վատ չի եղել։ Անցյալ տարի արևածաղիկ էին ցանել, և, ինչպես Էրիկ Մարտիրոսյանն է ասում, պիտի որ առատ բերք ստանային, բայց մինչև բերքը հավաքելը թռչունները դրա մեծ մասը ոչնչացրել էին։ Արևածաղկի սերմացուն տրամադրել էր Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը (ԳԳԱՀ)։ Համայնքի ղեկավարը գոհ է Հիմնադրամից, ասում է՝ մշտապես աջակցում են  հողօգտագործողներին։ Գյուղատնտեսական տեխնիկայի առումով էլ խնդիրներ չեն ծագում։ Համայնքի բնակիչներից մի քանիսն ունեն, ձեռք են բերել անհրաժեշտ տեխնիկան, որը բավարարում է գյուղացիներին։ 

Գառնաքարում հողագործությամբ զբաղվողները քիչ են։  Անասնապահություն և մեղվաբուծություն. սրանք գյուղատնտեսության այն ճյուղերն են, որոնք զարգացած են համայնքում։ Գյուղն աչքի է ընկնում իր որակյալ մեղրով։ Հատկապես մեղվաբուծությունը մարդկանց համար դարձել է հիմնական զբաղմունք և ընտանիք կերակրելու եկամտաբեր աղբյուր։ 400-450 մեղվաընտանիքը, որն առկա է համայնքում, մի ամբողջ տնտեսություն է կազմում։ Բայց ինչպես Էրիկ Մարտիրոսյանն  է փաստում, այնուամենայնիվ, մեղրի իրացման համար որոշակի խնդիրներ ունեն։  Արցախի գյուղատնտեսության նախարարությունը փորձում է աջակցել այդ հարցում, սակայն առաջարկվող գները մարդկանց ձեռնտու չեն։ Բացի այդ, փորձել են կիրառել Ռուսաստանի ՙՊանսկի սոտ՚ ընկերության ժամանակակից մեթոդները՝ օգտագործելով հատուկ տարաները, բայց համոզվել են, որ դա ևս ձեռնտու չէ մեր տարածաշրջանին։ Մեղվաբույծների կարծիքով՝ մեղուն այդ փոքր տարաների մեջ իր ՙգործը՚ դյուրին չի կատարում։ Բացի այդ, Ռուսաստանում մեղրը համեմատաբար ավելի էժան է և նման փաթեթավորումն արդարացնում է իրեն։

Առկա խնդիրներից համայնքի ղեկավարն առաջինը մատնացույց արեց ակումբի կահավորման հարցը. շենքը հիմնանորոգվել է, բայց չունի սեղան և նստարաններ։ Ի դեպ, համայնքի վարչական գրասենյակն ու ակումբը գտնվում են միևնույն շենքում. նախկին հանդիսությունների տունը հիմնանորոգվել և  համայնքային կենտրոն է դարձել  Լոս Անջելեսի ՙՀայրենիք՚ միության և Արցախի կառավարության համագործակցության արդյունքում։ Շինարարական աշխատանքներին ընդգրկվել էր գյուղի երիտասարդությունը։ Նույն հովանավորի ֆինանսավորմամբ գյուղում նաև նոր բուժկետ է կառուցվել։ Երկու ամիս առաջ Գառնաքարում հանդիսավոր պայմաններում շահագործման հանձնվեցին վերանորոգված շինություններն ու նոր բուժկետը։ Իսկ այս նախաձեռնությունների իրականացման և Արցախին աջակցություն ցուցաբերելու համար ամերիկահայ բարերար, ՙՀայրենիք՚ միության անդամ Բարունակ Չելիքյանն էլ ԱՀ Նախագահի կողմից պարգևատրվեց ՙԵրախտագիտություն՚ մեդալով: 

Համայնքի կենտրոնը ևս զուրկ է կահույքից, այն, ինչ օգտագործում են այսօր, խորհրդային տարիներից է։ Բացի այդ, հանդիսությունների սրահի կարիք ունեն, քանի որ նորաբաց ակումբի շենքը ստիպված օգտագործում են նաև այդ նպատակին։

Բուժկետի շենքը շահագործման հանձնելուց հետո ՙՀայրենիք՚ միությունը նաև դեղորայք է տրամադրել հիմնարկին։ Մեկ հաստիք ունեցող բուժհիմնարկում առաջին օգնություն է ցուցաբերվում, իսկ ավելի ծանր դեպքերում մարդիկ ստիպված են գնալ Ստեփանակերտ։ Նման պարագայում մեկ այլ խնդիր է հառնում. համայնքը չունի երթուղային տրանսպորտ։ Բնակչությունն օգտվում է դեպի Վանք գնացող երթուղայինից և պատահական մեքենաներից, իսկ դրա համար մոտ 2 կմ ճանապարհ պետք է կտրել ոտքով՝ մայրուղի հասնելու համար։ 

Ջրամատարակարման հարցում ևս խնդիրներ կան. համայնքը զուրկ է շուրջօրյա ջրից, խմելու ջուրը բնակիչներին մատակարարվում է ժամանակացույցով։ Բացի այդ, ջրատար խողովակները հին են: Գառնաքարը աղբյուրներ ունի, շուրջօրյա ջրի հարցը կարելի է այս տարբերակով լուծել։ Գյուղապետի հավաստմամբ՝ կառավարությունում խոստացել են նոր խողովակներ տրամադրել, բայց հարցը, չգիտես ինչու՝ ձգձգվում է։ Ոռոգման ջրի խնդիր չկա. գյուղի տարածքով գետն է հոսում։ 

Համայնքում գործում է հիմնական դպրոց, որտեղ սովորում է 25 աշակերտ։ Չնայած դա մեծ թիվ չէ, բայց դասասենյակները չեն հերիքում պարապմունքները նորմալ կազմակերպելու համար։ Ըստ Է. Մարտիրոսյանի՝ դիմել են պատկան մարմիններին և համոզված են, որ շուտով խնդիրն իր դրական լուծումը կստանա։ Շրջվարչակազմի և կառավարության օժանդակությամբ որոշել են կրթօջախին կից մասնաշենք կառուցել, այժմ անհամբեր սպասում են աշխատանքների մեկնարկին։

Վերջին տարիներին գյուղում  բնակչության բնական աճ է արձանագրվում։ Դրա մասին է փաստում նաև այն երևույթը, որ դեռևս մի քանի տարի առաջ համայնքում փակվել էր դպրոցը՝ երեխա չլինելու պատճառով, սակայն ներկայում մինչև 15 տարեկան 56 երեխա կա գյուղում։ Ծնունդների թիվն էլ այս տարի ավելացել է երկուսով, ևս երկուսը կարձանագրեն մինչև տարեվերջ։ Երիտասարդների մի մասը բյուջետային աշխատողներ են, մյուսներն էլ զբաղված են անհատական տնտեսական աշխատանքներով։ Բազմաերեխատեր մի քանի ընտանիք ունի Գառնաքարը, որից 2-ը սոցիալապես անապահով են։ Հինգ երեխատեր 3 ընտանիք կա, որոնց համար ըստ կառավարության համապատասխան ծրագրի՝ պետք է բնակարան կառուցվի, բայց հայտնի չէ, թե երբ է դա լինելու։ Դիմել են կառավարությանը, պատասխանել են, որ այդ ընտանիքներին կընդգրկեն 2018-ի բնակարանաշինության ծրագրում։ 

Գյուղամիջյան ճանապարհները բարվոք վիճակում են։ Ժամանակ առ ժամանակ դրանք բարեկարգվում են և բանուկ են։ Համայնքը գազիֆիկացված է, բայց ոչ բոլորն են օգտվում երկնագույն կրակից  (35 տնտեսությունից՝  25-ն են գազ օգտագործում)։ Հեռուստակապի, բջջային կապի ու համացանցի մասին խոսելն էլ կարծես ավելորդ է։ Աշխարհից կտրված չենք, ասում է Է. Մարտիրոսյանը, ով լավատեսորեն է տրամադրված Գառնաքարի ապագայի հանդեպ։ Ասում է՝ բնակչության աճ կա, երիտասարդ ընտանիքներ կան և կարևորը՝ գյուղը լքող չկա։ Արցախյան պատերազմին նա չի հասցրել մասնակցել, դեռահաս էր, բայց մասնակցել է ապրիլյան պատերազմին։ 1991-1994թթ. 11 զոհ է տվել Գառնաքարը, որոնց հիշատակին կառուցված հուշաղբյուրն այսօր վատթար վիճակում է։ Նպատակ ունեն զոհվածների հիշատակին հուշարձան կառուցել՝ ինչպես բոլոր մյուս բնակավայրերում։ Սա ևս համայնքի առջև ծառացած խնդիրներից է։ ՙՉունենք համագյուղացի մեծահարուստ, որ նման հարցերում աջակցի, զոհված ազատամարտիկների և բազմազավակների ընտանիքներին երբեմն օգնի,-ասում է Է. Մարտիրոսյանը և շարունակում։- Փոքր համայնք ենք, հաճախ փորձում ենք համատեղ ուժերով լուծում տալ մանր ու միջին խնդիրներին։ Իհարկե, եթե մեր ուժերից վեր է՝ դիմում ենք շրջվարչակազմին, հանրապետության կառավարությանը, բայց անպատասխան չենք թողնում մարդկանց դիմումները։ Հանրային աշխատանքներին ներգրավում ենք երիտասարդներին։ Մեր գյուղի բնակիչները մեծավ մասամբ վատ չեն ապրում, տնամերձ հողամասերը մշակելով` ապահովում են անհրաժեշտ սննդամթերքի մեծ մասը։ Գառնաքարցու սեղանից անպակաս են անարատ մեղրը, թարմ վարունգն ու լոլիկը և մյուս մշակաբույսերը՚։ 

Հիրավի, գառնաքարցիներն աշխատասեր մարդիկ են, արոտավայրերն ու բնությունը՝ առատ։ Անասնապահությունն ու մեղվաբուծությունը զարգացնելու մեծ հնարավորություն կա, բայց շուկան հեռու է, ապրանքի սպառումն անհնար է, ինչն էլ խոչընդոտում է զարգացմանը։ Լիներ մոտիկ մի գործարան, որտեղ կարողանային անտառի բարիքները հանձնել, մեղրն իրացնել՝ մեծ խթան կդառնար գյուղի շենացմանը։ Նաև աշխատատեղեր կստեղծվեին՝ մտորում է համայնքի ղեկավարը։

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ