[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՊԱԿԱԾ ՈՒՏԵԼԻՔՆԵՐՈՎ ՇԱՏ ՉՀՐԱՊՈՒՐՎԵԼ

Արցախցիներս ավելի շատ օգտագործում ենք երկրորդ կերակրատեսակներ` տապակած, բոված, խորոված սննդամթերքներ։ Տապակած միսը, կարտոֆիլը,  բանջարեղենը մենք շատ ենք սիրում` չիմանալով, որ դա կարող է նաև վնասակար լինել։ 

 Մենք հիմնականում սննդամթերքը  տապակում ենք բուսական յուղով: Բայց  պետք է իմանալ, որ բուսական յուղը երկարատև տաքացնելիս օքսիդանում են նրա  բաղադրության մեջ գտնվող անփոխարինելի պոլիմերային չհագեցած ճարպաթթուները։  Այդ օքսիդացման հետևանքով առաջացած նյութերն ունեն մարսողության օրգանները գրգռող-բորբոքող հատկություն։ Վնասակար այդ ազդեցությունից ավելի շատ տուժում է լյարդը՝ մեր մարսողության համակարգի ամենագլխավոր օրգանը` լեղի արտադրող գեղձը։ Ուստի տապակած ուտելիքներ հաճախ օգտագործող մարդիկ տառապում են լյարդի հիվանդություններով։ Մշտական տապակած ուտելիքներ օգտագործելն առաջացնում է մարսողական օրգանների ֆունկցիաների խանգարումներ։ 

Բայց չպետք է ենթադրել, որ բուսական յուղով ընդհանրապես չպետք է ուտելիքները տապակել։ Պարզապես տապակած սնունդը չպետք է պարբերաբար օգտագործել, և ոչ պակաս կարևոր է հիշել՝ բուսական յուղի տվյալ քանակությունը պետք է օգտագործել մեկ անգամ: 

Անհրաժեշտ եմ համարում նորից հիշեցնել. ստամոքսի, 12-մատնյա աղիքի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի հիվանդություններ ունեցող մարդիկ իրենց օրաբաժնից պետք է հանեն ցանկացած տապակած ուտելիք։ Բացատրեմ՝ ինչու է դա անհրաժեշտ։ Սննդամթերքը տապակելու պրոցեսում մթերքների դրսի մակերեսային շերտերը տաքանում են մինչև 120-135 աստիճան։ Այդպիսի ջերմաստիճանում ոչ միայն ճարպերը, այլ նաև մթերքի մեջ պարունակվող ածխաջրերը և սպիտակուցները քայքայվում են։ Քայքայումից առաջացած նյութերն սկսում են կտրուկ գրգռել ստամոքսի, աղիքների գեղձային զգայուն թաղանթները, լեղատար ուղիների պատերը։ Մարսողական օրգանների հիվանդությունները դժվար են բուժվում, քանի որ ամեն օր մի քանի անգամ շփվում են տարբեր նյութերի հետ, և հիվանդն իր ողջ կյանքում լինում է ընկճված ու անտրամադիր` չդադարող ցավերի  պատճառով։ Հիրավի, շատ  երջանիկ է մարդը, եթե նրա մարսողության համակարգի բոլոր օրգաններն առողջ են, իրենց ֆունկցիան լավ են կատարում։ Տեսեք, ուրիշ շատ հիվանդությունների դեպքում մարդը կարող է ապրել մի  քանի ամիս, մի քանի տարի, բայց մարսողության օրգանների աշխատանքը խանգարվելիս  մեկ ամսից շատ չի ապրում։ Այսպիսով, մարսողության օրգանները սրտի, թոքերի, երիկամների, լյարդի նման կարևոր են: Եվ պատահական չէ, որ նշված գլխավոր  օրգանները միշտ հիվանդանում են նույն ժամանակ, երբ ճիշտ չենք սնվում, երբ կերած ուտելիքների մեջ վնասակար նյութեր, հիվանդաբեր մանրէներ, օտար նյութեր են լինում։ 

Կարևոր է նաև իմանալ, որ տապակած մթերքները շատ ճարպ են ներծծում։ Այսպես, տապակած կարտոֆիլը ներծծում է օգտագործված ճարպի 70 տոկոսը։ Դրա համար էլ տապակած ուտելիք չի երաշխավորվում այն մարդկանց, ովքեր հակում ունեն ճարպակալվելու. առանց այն էլ աշխատանքների մեքենայացման պատճառով մարդկանց կեսից ավելին ավելորդ  քաշ ունի: 

Տապակած ուտելիքն ունի նաև ախորժակը գրգռելու հատկություն, որը դարձյալ ցանկալի չէ չաղերին։  Բոլորիս հայտնի է, որ չաղությունն առաջացնում է վտանգավոր շատ հիվանդություններ (շաքարախտ, սրտի անբավարարություն և այլն)։ 

Հավարտ ընթերցողներին խորհուրդ կտայի շատ չհրապուրվել  տապակած ուտելիքներով, իսկ եթե ցանկանում եք որևէ մթերք տապակել, աշխատեք օգտագործել կենդանական հալած յուղը, արդյունաբերության արտադրած հատուկ խոհարարական ճարպեր։ 

Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կենսաբան