[ARM]     [RUS]     [ENG]

ՀՕՄ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ. ԲԵՐՔԻ ՏՈՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Հայ օգնության միությունը (ՀՕՄ) մշտապես նեցուկ լինելով հայության խնդիրներին, մեծ եռանդով է իր մասնակցությունը բերում արցախահայության` հատկապես սահմանապահ զինծառայողների կենցաղային, հոգեբանական խնդիրների աջակցմանը: ՀՕՄ-ի Արցախի միավորի 25-ամյակի կապակցությամբ, որը, ինչպես գիտենք, մեծ շուքով նշվել է ՙՍոսե՚ նորակառույց մանկապարտեզի բացմամբ, կատարվեցին նվիրատվություններ` ՀՕՄ-ի Արցախի միավորի տարբեր ծրագրերի իրականացման նպատակով: 

 Արցախի հօմուհիների մտահղացմամբ ու ԱՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության աջակցությամբ և նպատակային նվիրատվությունների շնորհիվ (Ֆրանսիայի Կապույտ Խաչի ՙԲոնքո Քալանի՚ մասնաճյուղ, ՀՕՄ-ի ԱՄՆ Արևելյան շրջանի ՙՇաքե՚ մասնաճյուղ, ՀՕՄ-ի Արևմտյան շրջանի ՙԱստղիկ՚ մասնաճյուղ) ՙԱյցելություն դիրքապահ զինվորին՚ ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 6-ին կազմակերպվել է այց Մարտունու N զորամաս: Օրվա ընտրությունը կապված էր Արցախում Գյուղատնտեսության աշխատողի օրը նշելու հետ. հօմուհիները ցանկացան բերքի տոնին ընդառաջ Արցախի այգիների բերք ու բարիքը, իրենց ձեռքով պատրաստած քաղցրավենիքն անձամբ հասցնել Հայրենիքի պաշտպաններին: Հօմուհիներին օգնել և N զորամաս են այցելել ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները:

ՀՕՄ-ի Արցախի միավորի գրասենյակի տնօրեն Սվետլանա Հարությունյանի տեղեկատվությամբ` կազմակերպական և տրանսպորտային հարցերում աջակցել է ԱՀ ՊՆ ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժինը: Հօմուհիներին տրամադրվել է մեկ ավտոբուս և մեկ բեռնափոխադրող մեքենա, քանի որ 1000-ից ավելի զինվորների համար պատրաստված էր ընդհանուր և  յուրաքանչյուրի համար` մի տոպրակ տարբեր տեսակի մրգեր, քաղցրավենիք: Մարտունու N զորամասի հրամանատարությունը ևս մեծ սիրով կատարել է հօմուհիների ցանկությունը` այցելել և անձամբ հյուրասիրել սահմանը պաշտպանող զինվորին: Բլինդաժների, խրամատների մաքրությունը, ինչպես և մերձակա տարածքին խնամքով վերաբերմունքը հաճելիորեն զարմացրեց այցելող խմբին: Անցնելով դիրքից դիրք, ծանոթանալով զինվորների առօրյային, հօմուհիներն ականատես եղան, թե ինչպիսի հոգածությամբ ու պատասխանատվությամբ են նրանք վերաբերվում իրենց վստահված հողակտորին: 

ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության և ՀՕՄ-ի Արցախի միավորի անդամ Ռիտա Մնացականյանը, ով համակարգում էր բերված մթերքի բաժանումը ճաշարանում, նկատեց, որ զինվորները կարոտ էին մրգերին: Հետաքրքրվեց, թե ինչ հաճախանությամբ են զինվորներին միրգ մատուցում: Պարզվեց, որ միայն տոն օրերին: Որոշեց Ազգային ժողովում հարց բարձրացնել զինվորների ճաշացուցակում մրգեր մտցնելու մասին: 

Զորամաս այցելած խումբը տպավորված էր նաև կազմակերպական հարցերի պատասխանատու, զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Արամ Քամալյանի պատրաստվածությամբ, ով ընդգծեց, որ նման այցելությունները ավելի են գոտեպնդում, ուժ տալիս զինվորներին,  որովհետև նրանք զգում են, որ ողջ ազգն է կանգնած իրենց կողքին: 

Փոխգնդապետ Արամ Քամալյանին օգնող զորակոչիկ Գագիկ Եկմալյանը, ով բոլորին զարմացրեց հասուն մտքերով, գաղափարախոսությամբ, ինչպես և գիտելիքներով` թե՜ պատմության, թե՜ գրականության ասպարեզում, վստահեցրեց, որ պատրաստ են ամեն գնով պահելու մեր ավագ սերնդի արյունով սրբացած հողը: ՙԶինվորի համար այլ իրականություն է, երբ գիտակցում է, որ մենակ չէ, որ կողքին կանգնած է ողջ ազգը: Ինչպես Նժդեհն է ասում` ՙերբ ազգն է բանակ դառնում, նրան հաղթելն անհնարին է՚,- համոզմունքով ասաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախկին ուսանող, այժմ զինվոր Գ. Եկմալյանը:

Այնպես որ` այցելող խումբն ավելի մեծ լիցք ստացավ զինվորից եկող զորեղ ուժից և էլ ավելի մեծ պատասխանատվությամբ լցված հեռացավ զորամասից:

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ