[ARM]     [RUS]     [ENG]

ՖՐԵԶՆՈՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի մի խումբ բժիշկներ հերթական անգամ այցելեցին Արցախ՝ իրականացնելու բնակչության անվճար ընդունելություն, խորհրդատվություն և վիրահատություններ։

Բժիշկների պատվիրակությունը՝ ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 9-12-ն ԱՀ առողջապահության նախարարության  հանրապետական բժշկական, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում, ՙԱրևիկ՚ մանկական  բուժմիավորումում և ՙԴենտեքս Դենտալ Գրուպ՚ ՍՊԸ-ում ոչ միայն ցուցաբերեցին բուժօգնություն, այլև նշյալ բուժհիմնարկներին նվիրեցին անհրաժեշտ սարքավորումներ։ ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը ողջունեց Ամերիկայից ժամանած բժիշկ-մասնագետներին և շնորհակալություն հայտնեց կատարվող բոլոր աշխատանքների ու նվիրատվությունների համար։ ՙԵրկար տարիներ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում բացակայում էր լապարոսկոպիկ սարքը, և Պ. Աբգարյանն իր խոստման համաձայն այս անգամ մեր ծննդատանը նվիրաբերեց այն, ինչի համար անչափ շնորհակալ ենք։ Սարքն արդեն տեղադրվել և կիրառվում է Կենտրոնում վիրահատություններ իրականացնելու համար։ Բացի դրանից, Ֆրեզնոյի հայ համայնքի աջակցությամբ բժիշկների պատվիրակությունն այլ սարքավորումներ էլ է բերել մյուս բուժհաստատությունների համար։ Ես ոչ թե հուսով, այլ հավատում եմ, որ այս նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ, և եկող տարի մենք կրկին կհանդիպենք նոր ծրագրերով՚,- նշեց Կ. Աթայանը։

Ֆրեզնոյի քիթ-կոկորդ-ականջաբան, լապարոսկոպիկ վիրաբույժ, թերապևտ, օպտոմետրիստ, նեոնատոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, մանկական վիրաբույժ, էնդոկրինոլոգ, ուրոլոգ, նեոնատոլոգ, մանկաբույժ և ատամնաբույժ մասնագետները հատուկ առաքելությամբ են Արցախում։ Նրանք նպատակադրվել են հնարավորինս օգնել արցախահայությանը ժամանակակից բուժօգնության, վիրահատական միջամտությունների և դրանց հետ կապված սարքավորումների կիրառման հարցերում։ Կ. Աթայանի պարզաբանմամբ՝ բժիշկների խմբի կողմից կատարված լուրջ վիրահատությունները տեղի բուժհաստատություններում իրականացվեցին առաջին անգամ։ Այդ ամենին զուգահեռ, ամերիկացի որոշ բժիշկներ Ասկերանի շրջանային հիվանդանոցում կազմակերպեցին ՙԲաց դռների օր՚, որի շրջանակներում մանկաբույժի և թերապևտի կողմից բնակիչները ստացան խորհրդատվություններ ու անհրաժեշտ ցուցումներ։

Հոկտեմբերի 10-ին Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում առաջին անգամ կատարվեց հիստերոսկոպիկ (գինեկոլոգիական բնույթի)  վիրահատություն։ ՙԵրջանիկ ենք, որ կարողացել ենք մեր համայնքի օժանդակությամբ Արցախ բերել լապարոսկոպիկ և մյուս սարքավորումները։ Նաև ուրախալի է, որ օտարազգի այն բժիշկները, ովքեր անցյալ տարի Արցախի առողջապահության համակարգում ունեցան իրենց ներդրումը, այս անգամ կրկին ցանկություն հայտնեցին գալ և համատեղ աշխատել։ Ի դեպ, նրանք առավոտից մինչև ուշ երեկո աշխատում էին մեծ սիրով, որովհետև Արցախի ժողովրդի ջերմ ընդունելությունը նրանց էլ ավելի էր քաջալերում։ Ես և մեր պատվիրակությունն ի սրտե շնորհակալ ենք նաև Կ. Աթայանից և համակարգի պատասխանատուների կատարած աշխատանքից, ովքեր հոգ էին տանում մեր բոլոր խնդիրները և կարիքները լուծելու, ինչպես նաև ստեղծում անհրաժեշտ պայմանները միասին և արդյունավետ աշխատելու համար՚,- ասաց Պերճ Աբգարյանը։ 

Համաձայն պայմանավորվածության, Կալիֆոռնիայի բժիշկների համատեղ աշխատանքը կկրի շարունակական բնույթ, ու արդեն նախանշվել են մյուս տարվա ծրագրերը։ Արցախի առողջապահության նախարարի հետ խորհրդակցելով, Պ. Աբգարյանը խոստացավ հայթայթել անհրաժեշտ այլ սարքավորումներ և դեղորայք բերելու` հաջորդ այցի ժամանակ։ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում իր բուժծառայությունը մատուցեց ամերիկացի մասնագետ, վիրահատական բաժանմունքի համակարգող Վիրջինիա Ուելսը, ով արդեն երկրորդ անգամն է Արցախում։ Այս տարի ևս նա պատրաստակամություն հայտնեց գալ ԱՀ և իր ներդրումը բերել ծննդատան վիրահատական աշխատանքներին։ Լապարոսկոպիկ նոր սարքով կատարվեցին վիրահատական միջամտություններ և այլ աշխատանքներ։ Վ. Ուելսը շնորհակալություն հայտնեց Ֆրեզնոյի բժշկական առաքելության թիմին, որի օգնությամբ արդիական սարքավորումներով նա հնարավորություն ունեցավ ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն։ Այս սարքի շնորհիվ հիվանդներն արագ վիրահատվում են ու արագ ապաքինվում։ Նույն կենտրոնում աշխատում էր նաև մանկաբարձ-գինեկոլոգ Թիվար Մեյսոնը, ով նույնպես երկրորդ անգամն է Արցախում և զգացված է տեղի բնակչության ջերմ ընդունելությունից։ Նա  պատրաստ է պարբերաբար այցելել Արցախ, ուր ականատես եղավ արցախահայության նվիրվածությանը հայրենի երկրին, ինչպես նաև այն ջերմ վերաբերմունքին, որ Արցախի առողջապահության նախարարը ցուցաբերեց օտար բժիշկներին։ Նշյալ մասնագետներն անցած տարի լինելով Արցախում, տեղեկացան տեղի բուժհամակարգի խնդիրներին, առանձին սարքավորումների պակաս լինելուն և իրենց հերթին փորձեցին նաև ֆինանսական ներդրումներով աջակցել։ Պ. Աբգարյանի տեղեկատվությամբ՝ Թ. Մեյսոնը 25 հազար ԱՄՆ դոլարի արժեք ունեցող վիրահատական սարքավորումներ էր ձեռք բերել և նվիրել Արցախին։ Եվ նա Ստեփանակերտում ավելի երկար կմնա, որպեսզի իրականացնի բոլոր նախանշված վիրահատությունները։ Մեյսոնն իրեն համարում է ծննդատան բուժանձնակազմի անդամ և պատրաստ է շարունակական համագործակցության։ ՙՏեղի մասնագետները բարձրորակ մակարդակի են, և ես նույնպես նրանցից շատ բան եմ սովորում, անյպես չէ, որ այս բժիշկներից լավն եմ։ Պատրաստ եմ օգնել անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելուն և հնարավորինս օգտակար լինել մյուս հարցերում։ Իհարկե, մենք նույն լեզվով չենք խոսում իրար հետ, բայց վիրահատության ժամանակ աշխատում ենք նույն լեզվով։ Հաճույքով շփվում եմ տեղի բժիշկների հետ, որովհետև արդեն մտերմիկ ու ջերմ հարաբերություններ ենք հաստատել։ Այս առաքելությունն ավելի դյուրին է դարձել նաև ԱՀ առողջապահության համակարգի պատասխանատուների շնորհիվ, և մենք ամբողջ հոգով ու սրտով նվիրված աշխատում ենք՚,- ասաց Թ. Մեյսոնը։ 

Ֆրեզնոյի պատվիրակությունը Հանրապետական բժշկական կենտրոնին նվիրեց մամոգրաֆիայի տպիչ սարք, որը հնարավորություն կտա հեռահար (դիստանցիոն) խորհրդատվություն իրականացնել։ Քանի որ Արցախում աշխատում է միայն մեկ մամոլոգ, ժամանակ առ ժամանակ խորհրդատվությունների անհրաժեշտություն է ծագում, իսկ նման սարքի առկայությունը տալիս է այդ հնարավորությունը։  Ամերիկացի մասնագետները նշյալ հաստատություններում իրականացրին այնպիսի բարդ  վիրահատություններ, որոնք կատարվում են արդի սարքավորումների և մեթոդների օգնությամբ։ Տեղի մասնագետներն էլ իրենց հերթին ծանոթացան վիրահատական ժամանակակից մեթոդներին, նոր սարքավորումներին և տեղեկացան դրանց կիրառման ձևերին։ Ծրագրի շրջանակներում իրականացվեցին բազմաթիվ ընդունելություններ, խորհրդատվություններ։  

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ