[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

Քսան տարի առաջ Արցախում արձանագրվեց նոր լրատվամիջոցի մուտք. եթեր հեռարձակվեց ՙՁայն արդարության՚ ադրբեջանալեզու հաղորդումների անդրանիկ թողարկումը: Ո՞ւմն էր մտահղացումը, ո՞ւմ օժանդակությամբ կյանքի կոչվեց ծրագիրը. այս և այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը ռադիոկայանի տնօրեն Միքայել ՀԱՋՅԱՆԻ հետ:

 -Երբ հայտնի դարձավ, որ մտադրություն կա ադրբեջանալեզու հաղորդումների ռադիոկայան ստեղծել, ոմանք տարակուսանքի մեջ ընկան՝ ինչո՞ւ, հանուն ինչի՞: Ստիպված էի բացատրել, որ դրա անհրաժեշտությունը կա: Անկախ նրանից, որ հրադադար է, հակամարտությունն Ադրբեջանի և Արցախի միջև դեռևս դադարեցված չէ: Իսկ շփման գծում կրակոցներ մշտապես հնչում են: Պարզապես անհրաժեշտ էր երկու ժողովուրդների երկխոսությունը: Ի դեպ, այդ շրջանում հասարակական  փոխադարձ կապերը համեմատաբար ավելի նորմալ էին։ Հիմա դրանք չկան, փաստորեն  դադարեցված են: Ադրբեջանից լրագրողներ էին գալիս կամ իրավապաշտպաններ: Արցախից և Հայաստանից մեկնում էին Ադրբեջան: Դա հանրային երկխոսության մի բաղադրիչն էր: Մյուս բաղադրիչն էլ, որ մեզ անհրաժեշտ էր, ադրբեջանական հանրության հետ ռադիոհաղորդումների միջոցով երկխոսության մեջ մտնելն էր։ Անկախ նրանից, թե հակամարտությունը բանակցությունների արդյունքում ինչ լուծում կստանա միջնորդական ջանքերի շնորհիվ, երկու կողմերի հանրությունները պետք է դրական կամ բացասական պատասխան տան արդյունքներին: Մենք պետք է բացատրենք ադրբեջանական հանրությանը, որ  արցախցիներն ադրբեջանական ժողովրդին թշնամի չեն համարում, նրանք պարզապես հանդես են եկել իրենց ազգային իրավունքների, կոնկրետ՝  ինքնորոշման իրավունքի պաշտպանությամբ։ Ի սկզբանե և հիմա էլ մեր հաղորդումներում ադրբեջանական հանրությանը շարունակաբար կոչ ենք անում կարծիք հայտնել հակամարտության վերաբերյալ, խոստանալով դրանք հաղորդել  առանց որևէ խմբագրման ու սրբագրման, բնականաբար, ի պատասխան հայտնելով մեր տեսակետը:

-Իսկ միջոցնե՞րը, որով գործի եք դրել լրատվամիջոցը:

-Ռադիոկայանի բյուջեում կան և՜ իշխանությունների, և՜ մասնավոր հատվածի միջոցներ: Կառավարությունն աջակցել է ստուդիական նվազագույն պայմանների ստեղծման խնդրում, տրամադրել հեռարձակման տեխնիկական հնարավորություններ: Ինչ վերաբերում է աշխատակիցների վարձատրությանը, նյութական ծախսերին, ապա դրանք հոգում են առանձին գործարար շրջանակներ, մասնավոր անձինք:

-Հակառակ կողմում լսո՞ւմ են ձեր հաղորդումները: Դա հնարավո՞ր է պարզել։

-Երկար տարիներ մեր հաղորդումները եթեր հեռարձակվելու տեխնիկական լայն հնարավորություն ունեին. հաղորդակները բավական հզոր էին, և քանի որ եթեր էինք դուրս գալիս կարճ ալիքով, սփռման սահմաններն  ընդգրկում էին ոչ միայն Ադրբեջանի ամբողջ տարածքը, այլև նրանից շատ ու շատ հեռու։  Պատկերացրեք, մեր հաղորդումների մասին արձագանքներ էինք ստանում աշխարհի տարբեր երկրներից: Հիշում եմ, ճապոնացի մի լրագրող էր եկել Արցախի հանրային հեռուստատեսություն, ես նրան ցույց տվեցի նոր ստացած  նամակը, կարդաց և ապա քարտեզի վրա ցույց տվեց այն ճապոնական քաղաքը, որտեղից ուղարկվել է։ Բացի այդ, նամակներ ենք ստացել Նոր Զելանդիայից, Միացյալ Նահանգներից,  Գերմանիայից,  Ռուսաստանից, Ֆինլանդիայից, այլ երկրներից։  Այդ նամակները պահպանվում են խմբագրության արխիվում։ Հեղինակները տարազգի ռադիոսիրողներ էին, ում հետաքրքրում էր եթերում նոր ռադիոալիք որսալու փաստը։ Սակայն, անկախ դրանից, այդ նամակները հստակ վկայում էին մեր եթերի սփռման սահմանները։ Ավաղ,  այդ սարքավորումները հետագայում բարոյապես մաշվեցին և այլևս չեն աշխատում:

-Իսկ ադրբեջանցինե՞րը...

-Ադրբեջանցի ոչ մի ունկնդիր, փաստորեն, չի արձագանքել։ Համենայն դեպս, մեր աշխատանքին մի քանի անգամ անդրադարձել է Բի-Բի-Սի ռադիոկայանի ադրբեջանական խմբագրությունը՝ եթեր արձակելով նաև իմ խոսքը խմբագրության նպատակների ու խնդիրների մասին։ Հետագայում անդրադարձ է կատարել նույն ռադիոկայանի նաև ռուսական խմբագրությունը, որի աշխատակցին հարցազրույց ենք տվել այստեղ՝ Ստեփանակերտում։ Ուղիղ եթերում ինձ հետ զրույց է ունեցել նաև մոսկովյան ռադիոն։  Հիշում եմ՝ մեր հաղորդումներին մի անգամ արձագանքել էր ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակը։ Բանն այն է, որ այն ժամանակ ադրբեջանցի երեք զինվոր էր գերեվարվել Արցախի տարածքում։ Պատկան մարմինների հետ պայմանավորվածությամբ որոշեցինք ռադիոկապ ստեղծել գերիների և նրանց հարազատների միջև՝ ռադիոնամակների տեսքով, որոնցում նրանք ծնողներին պետք է հաղորդեին իրենց առողջական վիճակի, կեցության պայմանների մասին։ Դա, անշուշտ, մարդասիրական քայլ էր  մեր կողմից։ Միևնույն ժամանակ, ի՞նչ թաքցնեմ, այդպիսով նաև փորձում էինք ստուգել մեր հաղորդումների լսելիությունն Ադրբեջանում։  Եվ ահա, ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակում իմանալով այդ մասին, եկան ու  քննադատեցին մեզ՝ մեղադրելով, թե մենք խախտել ենք մարդու իրավունքների միջազգային նորմերը, քանզի միայն  իրենց իրավասությունն ու լիազորությունն է կապ հաստատել ձերբակալվածների, գերիների, պատանդների ու նրանց հարազատների միջև։ 

1999 թվականին էր: Ադրբեջանից լրագրողներ էին եկել Ստեփանակերտ: Խմբի հետ մեր հանդիպման ժամանակ անսպասելի տեսա նրանցից մեկին, ում ճանաչում էի Բաքվի ՙԿոմունիստ՚ հայերեն թերթից։ Ադրբեջանցի էր՝ հայկական կրթությամբ: Զրուցեցինք։ Դիտավորյալ հայերեն էի խոսում իր հետ։ Տեսա՝ ազգակիցների մոտ անհարմար էր զգում հայերեն խոսել։ Կշտամբեցի՝  պետք չէ քաշվել, ի վերջո, մենք թշնամիներ չենք, հին գործընկերներ ենք: Զրույցից պարզվեց, որ մեր հաղորդումները լսում են: 

-Ես համացանցում հանդիպեցի մի հետաքրքիր փաստի՝ ՙԱզատություն՚ ռադիոկայանի միջոցով մի ադրբեջանցի պատանի ցանկություն էր հայտնել լսել արցախցի իր հասակակիցների կարծիքը պատերազմի վերսկսման մասին, ինչին ձեր ռադիոկայանն արձագանքեց իր հաղորդումներում:

-Իրոք, ՙԱզատություն՚ ռադիոկայանի ադրբեջանական խմբագրության վարիչ Միրզա Խազարը հաղորդումներից մեկում ներկայացրեց այդ պատանու խնդրանքը,  ափսոսանք հայտնելով, թե հանգամանքների բերումով չեն կարող կատարել այն։ Լսելով այդ մասին, մենք ստանձնեցինք այդ նախաձեռնությունը՝ մի ամբողջ շարք հաղորդումներում ներկայացնելով արցախցի նրա հասակակիցների պատասխանը, նրանց, ովքեր ճաշակել են պատերազմի դառնությունները, ցավալի կորուստներ ունեցել իրենց ընտանիքներում, հարազատների կամ հարևանների շրջանում։ Նրանք ասում էին, թե պատերազմը մեր ժողովրդին պետք չէ, այն  նոր կորուստների տեղիք կտա երկու կողմերին էլ, և, դիմելով   ադրբեջանցի հասակակիցներին, կոչ էին անում, որ վերջիններս հորդորեն իրենց ծնողներին ու հարազատներին՝ պատերազմով երբեք չգալ դեպի Արցախ: 

-Պարոն Հաջյան, փոքր է ռադիոկայանի աշխատակազմը, բայց մեծ են պատասխանատվությունն ու նվիրվածությունը: Ինչպիսի՞ն են պայմանները:

- Սովորաբար պայմանները համաչափ են լինում միջոցներին: Իսկ միջոցները սակավ են: Զբաղեցնում  ենք մի փոքրիկ աշխատասենյակ՝ ձգտելով իրար չխանգարել: Երեք լրագրող ենք, որոնցից մեկը միաժամանակ և խմբագիր է, և թարգմանիչ, մյուսը թղթակից է։ Որպես տնօրեն ես համակարգում եմ ընդհանուր աշխատանքը, նաև հանդես գալիս քաղաքական մեկնաբանություններով։  

-Իսկ ի՞նչ պարբերականությամբ են հաղորդումները եթեր հեռարձակվում:

-Շաբաթական չորս անգամ, որից երկուսը հիմնական հաղորդումներ են, երկուսը՝ կրկնություն: Դա` անցյալում: Հիմա կարող ենք ասել ամենօրյա, որովհետև հեռարձակման խնդիր այլևս  չունենք: Հիմնականում համացանցով ենք հանդես գալիս,  տարբեր սոցիալական կայքէջերով։

-Հետաքրքրվե՞լ եք երբևէ՝ Ադրբեջանը նույնպե՞ս ռադիոհաղորդումներ ունի հայկական լսարանի համար։

-Այո, իհարկե։  Ստիպված եմ ասել նաև՝ այս առումով Բաքուն առաջանցիկ է քայլում: Նրանց մոտ նույնիսկ տեղեկատվական կայքերը հայերեն թարգմանությամբ էջեր ունեն, հայերեն թերթ ունեն, հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ: Միջոցներ ունեն, կարողանում են, և պետությունն աջակցում է նրանց:

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ