[ARM]     [RUS]     [ENG]

ԽԱՉԵՆԻ ԳՈՂՏՐԻԿ, ՀՈԳՍԱՇԱՏ ԱՆԿՅՈՒՆԸ. ՇԱՀՄԱՍՈՒՐ

Շահմասուր:  Մարտակերտի շրջանի գողտրիկ գյուղերից է, գտնվում է շրջկենտրոնից 52 կմ հեռավորության վրա, Խաչենի ձորակում: Հնաբնակները պատմում  են, որ անվանումն առաջացել է գյուղի տարածքում աճող  մեծ, հյութեղ պտուղներով  շահ մասրենիների առատության պատճառով՝ շահ մասուր:

Շրջակայքում հայտնի են Խանաթոռի և Նահատակի լեռնապատ, Ծաղկի խաչ հնավայրերը։

Ասում են, որ այստեղ եկվորներ են բնակվում, որոնք գաղթել են  Արևմտյան Հայաստանի Խոյ գավառից կամ  տեղափոխվել են Հադրութի շրջանի Առաքյալ և Բանաձոր գյուղերից: Անցյալ դարի 60-ական թվականները  գյուղի համար ծաղկուն ժամանակաշրջան էին, գյուղում պահպանված երկհարկանի տները կառուցվել են հենց այդ ժամանակ: Արցախյան պատերազմից հետո գյուղը դժվարությունների առաջ կանգնեց,  եղան նաև զոհեր՝  ազատամարտում երկու  շահմասուրցի ընկավ:  1989-ին Շահմասուրում կազմավորվել էր կամավորական ջոկատ, որն  առանձին, իսկ 1992-ից Խաչենի գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի (Կիչան, Չլդրան, Սրխավենդ, Կոճողոտ, Մադաղիս, Չարեքտար, Գետավան, Չափար, Ումուդլու, Հակոբ Կամարի) և այլ շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրման մարտերին:  Նրանց հիշատակին համայնքի կենտրոնում հուշաղբյուր է կառուցվել: Գյուղի հուշարձանը, որ կառուցվել էր Հայրենական պատերազմում զոհված շահմասուրցիների հիշատակին (այդ պատերազմին գյուղից մոտ 50 մարդ է մասնակցել), և նրա հարակից տարածքը բարեկարգման կարիք ունի: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի արվում ոչինչ: Այդ  տարածքում, ասում են, նախկինում եկեղեցի է եղել: 

Սլավա Բաղդասարյանն արդեն  6-րդ տարին է, ինչ ղեկավարում է Շահմասուրի համայնքը: Նա   ցավով է նշում, որ   գյուղը  դժվարությամբ է զարգանում պետական և համայնքային  ֆինանսական միջոցների սղության  պատճառով. հովանավորներ  գյուղը  չունի, և  զարգացման ծրագրեր այստեղ հնարավոր չէ իրականացնել:  

ՙԱյսօրվա Շահմասուրը  փոքր է,  զարգացման քիչ հնարավորություններով, այդ իսկ պատճառով առանձնապես հարուստ չէ: Աշխատող մարդիկ են շահմասուրցիները, ծույլ չեն, բայց գյուղի դիրքը շատ անբարենպաստ է. այն գտնվում է մայրուղու  վերևի հատվածում, Խաչենագետից ինքնահոս ջուր ստանալ չեն կարողանում, իսկ պոմպակայանի տեղակայումը թանկ  հաճույք է համարվում՚,- ասաց համայնքի  ղեկավարը՝ պարզաբանելով, որ  հողատարածքները շատ հեռու են գյուղից, և տեխնիկայի բացակայության պատճառով   գյուղացիները չեն կարողանում օգտագործել դրանք, եղածներում  ոռոգման  ջուր չկա, հետևաբար,  քիչ մարդիկ են երկրագործությամբ զբաղվում: Գյուղատնտեսական մթերքների իրացման համար մայրաքաղաք՝ շուկա գնալն էլ անշահավետ, բնականաբար, և անիմաստ է դառնում:

ՙԿցանկանայինք  անասնապահությունը զարգացնել, քանի որ այստեղ տափաստանային վարելահողեր չկան:  Լեռնային գոտի է, որտեղ տեխնիկայի հարցը դժվար է լուծվում։ Բայց եթե արտոնյալ վարկեր տրամադրվեն գյուղացիներին, կարող ենք անասնաբուծության  ոլորտում ծրագրեր իրականացնել, -ասաց Ս. Բաղդասարյանը:- Խոշոր ֆերմերներ չունենք, դրա համար արտոնյալ վարկերից չենք կարողանում օգտվել՚: 70 խոշոր եղջերավոր անասուն կա համայնքում, մեծ է  մանր  եղջերավորների թիվը։  Խոզերի բուծումն  անշահավետ է համարվում, քանի որ ժանտախտը չի թողնում զարգացնել այդ ճյուղը:

Չնայած խնդիրներին, վերջին տարիներին  դրական տեղաշարժեր  էլ են գրանցվել, նշեց գյուղապետը: 2005 թվականի մարդահամարի տվյալներով այստեղ 139 մարդ էր ապրում:   Սլավա Բաղդասարյանից տեղեկացանք,  որ այսօր  գյուղում 32 տնտեսություն կա՝ 145 շունչ: Գյուղի բնակիչները հիմնականում մենատնտեսներ են,  հողագործությամբ քիչ են զբաղվում: Երիտասարդների մի մասը ծառայում է  ԱՀ պաշտպանության բանակում։ Երբ գործում էր   Դրմբոնի հանքավայրը, այնտեղ ևս կային  Շահմասուրից աշխատողներ, հիմա նրանցից ոմանք աշխատում են Կաշենի հանքավայրում, մնացածները՝ անտառտնտեսությունում, դպրոցում։ Գյուղում գործում են  բուժկետ, գրադարան, համայնքապետարան՝ համապատասխան հաստիքներով: Ցավոք,  աշխատանքի բացակայության պատճառով 2 ընտանիք վերջին տարում թողեց գյուղը. նրանցից մեկը մեկնեց  ՌԴ, մյուսը՝ Ստեփանակերտ: 

Գյուղը, ճիշտ է, փոքր է, բայց, համայնքի ղեկավարի խոսքով, ծերացող չէ. ծնելիության մակարդակը համեմատաբար  բարձր է։ Մինչև 18 տարեկան 47 երեխա կա գյուղում,  նախադպրոցական՝ 20 երեխա։

Կան մի քանի դժվար ապրող ընտանիքներ նույնպես։ Բազմազավակ ընտանիքները չորսն են, որոնց հիմնական եկամուտը  պետությունից ստացվող  նպաստներն  են։  Նրանցից մեկը վեց  երեխա ունի, սպասում են յոթերորդին: Ապրում են բարեկամի տանը, չափազանց վատ պայմաններում,  և հույս ունեն, որ շուտով պետական աջակցությամբ կունենան իրենց բարեկարգ անկյունը։   Համայնքի ղեկավարն ասաց, որ  2018թ.  նրանց համար տուն կկառուցվի։ 

Համայնքապետարանը շենք չունի, աշխատում են հարմարեցված շենքի երկու սենյակում։  Տիպային դպրոց  նույնպես չկա,  դասապրոցեսները կազմակերպվում են դարձյալ հարմարեցված շենքում, որի տանիքը   նոր  են վերանորոգել: 

Մինչև նոր կրթական համակարգին անցնելը Շահմասուրում դպրոցն ութամյա էր, հիմա այնտեղ գործում է հիմնական դպրոց. ճիշտ է, աշակերտների քանակը չափազանց փոքր է, և դասուսուցումը կազմակերպվում է կոմպլեկտավորված դասարաններով: Դպրոցում սովորում է 22 աշակերտ, բարձր՝ յոթերորդ, ութերորդ և իններորդ  դասարաններում աշակերտներ, ցավոք,  չկան: Ցանկացողները կրթությունը շարունակում են մոտակա  Վանքի և Ծմակահողի դպրոցներում: Դպրոցը ոչ բոլոր մասնագետ-ուսուցիչներով է ապահովված: Դասավանդում է տասը ուսուցիչ,  նրանց մի մասը Վանքի դպրոցի ուսուցիչներ են, գերմաներենի մասնագետ չկա, ռուսերենի ուսուցիչը գալիս է  Ստեփանակերտից, իսկ տեխնոլոգիայինը՝ Ծմակահողի համայնքից:   

ՙՀայրենիք՚ միության տրամադրած միջոցներով անցյալ տարի  սկսել, այս տարի ավարտել են ակումբի շենքի  վերանորոգումը:  Նույն կազմակերպության օժանդակությամբ հնարավոր է, որ  վերանորոգվի նաև  հանդիսությունների տունը։ 

Սլավա Բաղդասարյանն ասաց, որ այս տարի բնակիչների  ուժերով խճապատել են  գյուղի կենտրոնական ճանապարհը,  համայնքապետարանի տանիքը՝ պետության  տրամադրած շինանյութերով: 

Գյուղը ո՜չ շրջկենտրոնի, ո՜չ էլ մայրաքաղաք Ստեփանակերտի հետ կապող  տրանսպորտային միջոց չունի, և  քանի որ մայրուղուց մոտիկ է, օգտվում է հիմնականում Ստեփանակերտ-Վանք, Մարտակերտ-Վանք երթուղուց։ 

Ոռոգովի ջուր, բնականաբար և` ջրովի  հողատարածքներ, այստեղ չկան։ Խմելու ջուրը, որը գյուղ է հասցվել մոտակա աղբյուրներից,  քիչ է:   Ընդհանրապես, գյուղի խնդիրների մեջ  խմելու ջրի  հարցն է, որ հապշտապ լուծում է պահանջում։ Համայնքի ղեկավարից տեղեկացանք, որ  շուտով կսկսեն ջրատար ցանցի կառուցման աշխատանքները.  խողովակների մի մասն  արդեն  ձեռք է բերվել, մի մասն էլ ստանալուց հետո գործին ընթացք կտրվի: Մինչև հաջորդ ձմեռ  այդ հարցին կփորձեն  լուծում տալ։

Սլավա Բաղդասարյանն ասաց, որ 2014թ. մասնակցել է համայնքի  ղեկավարների համար կազմակերպված դասընթացներին։  Նման նախաձեռնությունները կարևոր է համարում, քանի որ այն համայնքի ճիշտ կառավարման հմտություններին տիրապետելու,  գործընկերներին ճանաչելու, իրար օժանդակելու լավ  հնարավորություն է: