[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Աշխարհում հոկտեմբեր ամիսը համարվում է կրծքագեղձի  քաղցկեղի դեմ պայքարի ամիս։

Այդ կապակցությամբ առողջապահական համակարգի ներկայացուցիչները պարբերաբար կազմակերպում են ծրագրեր՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման, այդ հիվանդությունն առաջացնող գործոնների ուսումնասիրության, սոնոգրաֆիկ և մամոգրաֆիկ հետազոտությունների ուղղությամբ։ Հերթական անգամ  հոկտեմբերի  20-21-ը Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի գլխավորությամբ ԱՀ հանրապետական բժշկական կենտրոնում (ՀԲԿ) ռադիոլոգներ Հովհաննես Վարդևանյանը և Ալլա Ղազարյանը իրականացրին կրծքագեղձի, վահանաձև գեղձի և որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտություններ։ Ծրագիրը կրում էր կանխարգելիչ բնույթ։ 

Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի մասնագետները շուրջ 6 տարի է, ինչ պարբերաբար հոկտեմբեր ամսին Արցախում իրականացնում են սկրինինգային ծրագրեր, որոնց նպատակն է կանխարգելել չարորակ հիվանդությունները, բարձրացնել զգոնությունը քաղցկեղի նկատմամբ, որովհետև հիվանդության վաղ հայտնաբերումը դյուրացնում է բուժումը։ ՙՄեզ համար շատ կարևոր է, որ արցախցի կանայք ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ և անպայման հիշեն, որ տարին մեկ անգամ պետք է դիմեն բժշկի՝ հետազոտելու ոչ միայն կրծքագեղձը, այլև վահանաձև գեղձը, ինչը հնարավորություն կտա բացառել գինեկոլոգիական խնդիրները։ Կենտրոնի կողմից ՀԲԿ-ում տեղադրված մամոգրաֆիկ սարքը մենք վերահսկում ենք, որպեսզի այն նորմալ կիրարկվի և հետազոտություններն էլ լիարժեք իրականացվեն։ Պարբերաբար կազմակերպվող կանխարգելիչ հետազոտությունների արդյունքում փրկվում են մարդկային բազմաթիվ կյանքեր։ Այնպես որ, մեր այցելությունները կշարունակվեն, և հուսով եմ, որ այս աշխատանքներն ավելի ծավալուն բնույթ կկրեն՚,-նշեց Խ. Հակոբյանը։ Դիմելով Արցախի ազգաբնակչությանը, Կենտրոնի տնօրենը մեկ անգամ ևս կոչ արեց, որ  դարի չարիքի՝ քաղցկեղի դեմ պայքարելու համար տարին մեկ անգամ հետազոտվեն նույնիսկ որևէ գանգատ, առողջական խնդիր չունենալու պարագայում։ Վիճակագրական տվյալներով՝ քաղցկեղով հիվանդ կանանց 30%-ը տառապում է կրծքագեղձի քաղցկեղով։ Մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար հետազոտվել նախ  ինքնազննման, ապա բժշկի կողմից, անհրաժեշտության դեպքում մամոգրաֆիկ սարքով։ 

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի վարիչ Հովհաննես Վարդևանյանն իր հերթին կատարեց սոնոգրաֆիկ հետազոտություններ, որոնց նպատակն էր հայտնաբերել տարբեր բնույթի ախտաբանական վիճակներ, երբ այցելուն դեռևս ոչ մի գանգատ չունի։ Այս անգամ Կենտրոնի կողմից տեղադրվել է սոնոգրաֆիկ շարժական սարք, որի օգնությամբ իրականացվեցին նաև որովայնի խոռոչի ներքին օրգանների և փոքր կոնքի հետազոտություններ։ Հ. Վարդևանյանի պարզաբանմամբ՝ սկրինինգից հետո ՀԲԿ-ի բժիշկների հետ անց են կացվում խորհրդատվություններ, քննարկումներ՝ նախկինում կատարված մամոգրաֆիկ և համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությունների տվյալների շուրջ։ Եղել են դեպքեր, երբ կանայք արդեն ունեցել են գանգատներ, և հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է շոշափվող ուռուցք, արդյունքում հիվանդը ենթարկվել է նպատակային սկրինինգի։ Հետազոտվողների շրջանում որևիցե գանգատ չլինելու պարագայում էլ հայտնաբերվել են որոշակի փոփոխություններ, և այդ հիվանդներին մասնագետներն ուղղորդել են Երևանի համապատասխան բուժհաստատություններ՝ հետագա մանրակրկիտ սկրինինգի համար։ ՙՄենք համատեղ բուժման և համագործակցության լայն հնարավորություններ ունենք։ Իսկ նման կանխարգելիչ սոնոգրաֆիկ հետազոտությունները պարտադիր են բոլորի համար։ Այսինքն, եթե նույնիսկ 16  տարեկան աղջիկն ինչ-որ անհանգստություն ունի, ապա անպայման պետք է ենթարկվի սոնոգրաֆիկ սկրինինգի։ Բացի դրանից, կան վիճակներ, երբ վահանաձև գեղձի խնդիրները ուղղակիորեն կապված են կանացի օրգանների ֆունկցիոնալ խանգարումների հետ։ Այդ դեպքում ևս երիտասարդ տարիքում կինը որոշակի պարբերականությամբ պետք է հետազոտվի՚,- ասաց Հ. Վարդևանյանը։ Բժշկի խոսքով՝ սոնոգրաֆիկ հետազոտությունից հետո կինը 35-40 տարեկանում պետք է ենթարկվի նաև մամոգրաֆիկ ստուգման, իսկ 40 տարեկանից հետո այդ զննումը պարտադիր է երկու տարին մեկ անգամ, ու արդեն 50-ից բարձր տարիքում խիստ կարևոր է մամոգրաֆիկ հետազոտության ենթարկվել տարին մեկ անգամ, որովհետև այդ շրջանը համարվում է ռիսկային՝ կրծքագեղձի քաղցկեղի ձևավորման առումով։ Քաղցկեղ առաջացնող գործոններից մեկը նաև ժառանգականությունն է, ու եթե ընտանիքում եղել են արդեն քաղցկեղով հիվանդացության դեպքեր, ապա պետք է տարեկան հետազոտությունները սկսել ավելի վաղ տարիքում։ Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման պայմաններում մարդն ունի լայն հնարավորություններ խուսափելու կյանքին վտանգ սպառնացող մի շարք հիվանդություններից, եթե ժամանակին ենթարկվի նախնական կանխարգելիչ զննումների։ 

Ընդհանուր առմամբ՝ Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի մասնագետներն Արցախում իրականացրին 250 սոնոգրաֆիկ հետազոտություն, որից 16-ի դեպքում կատարվեց նաև մամոգրաֆիկ սկրինինգ։     

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ