[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԸ` ՀԵՆՎԱԾ ԱՆՑՅԱԼԻ ՎՐԱ ԵՎ … ԱՊԱԳԱՅԻ ՀՈՒՅՍԻՆ

Մեր խմբագրության զավեշտալի պատմություններից խմբագիրները երբեմն հիշում են Զինթադի` Զինավոր Թադևոսյանի հետ կապված դեպքը. վերջինիս ուղարկել էին խաղողաքաղի մասին մեկ էջանոց հոդված գրելու, և նա շրջանից զանգել ու ասել էր. ՙԲերքն առատ է, գուցե երկո՞ւ էջ գրեմ՚:

Ինչ-որ տեղ կարելի է նաև հասկանալ նրան. մարդը ոգևորվել էր բերքի առատությունից,  և դա նրա մեջ  գրելու մեծ ցանկություն էր առաջացրել: Իսկ ահա Քոլատակ և Թբլղու գյուղեր կատարած իմ գործուղումը մտահոգության շտրիխներ ուներ… 

Քոլատակ ասելիս անմիջապես աչքիդ առաջ են գալիս Թթու ջուրը, Կաչաղակաբերդը, Սուրբ Հակոբավանքը, թավ անտառները, գյուղի մոտակայքով հոսող գետը, հիասքանչ բնապատկերները: Այստեղ շատ են տեսարժան վայրերը: Գյուղի գրեթե բոլոր կետերից լավ երևում է Կաչաղակաբերդ ժայռամրոցը: Գյուղը և շրջակայքը հարուստ են պատմական հուշարձաններով, որոնք, Մակար Բարխուդարյանի և  հետագա ուսումնասիրողների տվյալներով, վերաբերում են 9-18-րդ դարերին: Գյուղն ունի կիսավեր մատուռ, բազմաթիվ խաչքարեր, հին գերեզմանոց, որտեղ կան վիմափոր արձանագրություններ: Շրջակայքում, հատկապես անտառներում, բարձրադիր բլուրների վրա կան բազմաթիվ պատմական հուշարձաններ` Եղցուն խութը, Հնձանի եկեղեցին, Մատուռի եկեղեցին, Զառունց տափեն եկեղեցին, Կոշիկ անապատը, Հավապտուկ վանքը, իսկ ամենից շատ այցելուներ ունի գյուղի մոտակայքում գտնվող Հակոբավանքը: 

Գյուղը հարուստ է նաև աղբյուրներով, իսկ ամենահայտնին Թթու ջուրն է, որի ակից  տարվա բոլոր եղանակներին ջուր են տանում իրենց տները, իսկ ամռանն այստեղ ուղղակի հերթեր են գոյանում: 

Մարդիկ այստեղ բնակություն են հաստատել վաղնջական ժամանակներից: Պատմությունն ու ներկան քայլում են գիրկընդխառն: Ապրել են ազգատոհմերով: Քոլատակցի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Արամայիս Աղասյանն իր ՙՔոլատակ՚ գրքույկում 15 տոհմ է նշում` Աղասյան, Հակոբջանյան, Հարությունյան, Խաչատրյան, Գաբրիելյան, Մաղաքելյան…

1940-1950թթ. գյուղն ուներ շուրջ 380 բնակիչ: Բնակչության թիվը նվազեց,  երբ բանվորական աշխատանքեր կատարելու համար երիտասարդներն սկսեցին տեղափոխվել Բաքու և Սումգայիթ քաղաքներ: Հետագայում` 1980-ականների վերջերին,  գյուղի բնակչության  մի մասն էլ  Ստեփանակերտ է տեղափոխվել: Բնակչության թվի  կրճատման գործում իր ազդեցությունն է ունեցել նաև գյուղ բերող ճանապարհի անբարեկարգ վիճակը:

Գյուղը նշանավոր շատ մարդիկ է տվել: Այստեղ է ծնվել, տեղի դպրոց հաճախել  ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լենսեր Աղալովյանը: 

Քոլատակի ներկայիս գյուղապետը երիտասարդ տղա է` Գեղամ Հարությունյանը, որը երկու տարի առաջ է  ընտրվել: Մեր գնալու պահին նրա անշուք գրասենյակում էր գտնվում նաև 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող հաշվապահ Լավրենտ Գաբրիելյանը: Նրանց հետ մեր զրույցը սկսեցինք  գյուղ բերող ասֆալտապատ ճանապարհից, որը բարեկարգվել է 2013թ.`  արմատներով քոլատակցի, ռուսաստանաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանի միջոցներով:

ՙԴա գյուղում ամենամեծ հաջողությունն է,-ասաց համայնքի ղեկավարը:- Բարեկարգ ճանապարհը հասնում է մինչև Սուրբ Հակոբավանք եկեղեցի՚: Սակայն բարերարի մյուս նախաձեռնությունը, ցավոք, կիսատ է մնացել. ինչպես նշեց համայնքապետը, բարերարը նախատեսել էր 22 տուն կառուցել սպաների և երիտասարդ ընտանիքների համար, որի մեծ մասն արդեն արված է: Սակայն  արդեն երրորդ տարին է, ինչ շինարարական աշխատանքերը  դադարեցվել են: ՙՈչ մի տեղեկություն չունենք բարերարից, անհասկանալի ձևով հեռացել է, չգիտենք` ինչու է կիսատ թողել, նեղացա՞ծ է, թե՞ մեկ ուրիշ պատճառ կա՚,-մտահոգություն հայտնեց համայնքի ղեկավարը: Իսկ հաշվապահն էլ հավելեց, որ այդ տների շահագործման հետ գյուղը մեծ հույսեր է կապել, քանզի նոր ընտանիքներ կգան, գյուղի բնակչությունը կշատանա, դպրոցը կաճի, գյուղում  առևտուրը կաշխուժանա, նոր աշխատատեղեր կբացվեն: ՙԵրբ գյուղը ասֆալտապտվեց, բարերարն սկսեց այստեղ աշխատանքներ իրականացնել,  քոլատակցիները ոգևորվել էին այդ ամենից: Բայց հիմա մեր հույսերը կարծես ջուրը թափվեցին՚,-ասաց Գ. Հարությունյանը: 

Քոլատակում  այսօր կա 76 տնտեսություն`  258 բնակչով, այդ թվում` ժամանակավոր գրանցված: Հիմնական աշխատատեղը դպրոցն է, համայնքապետարանը, ակումբը: Գյուղապետը հիմնական աշխատատեղ ասելով` նկատի ունի այն հիմնարկները, որտեղ ամեն ամիս աշխատավարձ են ստանում: Իսկ ընդհանուր առմամբ, գյուղացիների զբաղմունքը անասնապահությունը և հողագործությունն է: Ի տարբերություն շատ գյուղերի, այստեղ չկան մենատնտեսներ. 133 հա սեփականաշնորհված վարելահողից ընդամենը 35 հեկտարն է մշակվում,  քանի որ հողատերերի մեծ մասը  գյուղում չի բնակվում: Այդ հողակտորները  չեն մշակվում,  թփակալել են և անգամ հնարավոր չէ այդտեղով անցնել: Նշված հողերի համար հարկ չի վճարվում, և տույժի վրա տույժ է հավելվում, գյուղապետարանի պարտքերն ավելանում: Գյուղապետը գտնում է, որ կառավարությունը պետք է չմշակվող այդ հողերը հանի պլանավորումից: Հաշվապահի ներկայացրած տվյալներով` անցած 9 ամսում հարկը 65 տոկոսով է հավաքվել: Գյուղացիները հիմնականում վերջին եռամսյակում են սկսում հարկերի մուծումը: Դրա համար էլ գյուղապետարանի, ակումբի, բուժկետի աշխատողների  աշխատավարձը ժամանակին չի տրվում:

Գյուղը խմելու ջրի խնդիր չունի, բայց  բոլոր ժամանակներում ունեցել է ոռոգման խնդիր: Ինչպես ասացինք, գյուղի մոտակայքով հոսում է Քոլատակ գետը, բայց այն չի օգտագործվում ոռոգման նպատակներով: Խորհրդային տարիներին Ադրբեջանը թույլ չի տվել` պատճառաբանելով, որ տափաստանում բամբակի դաշտերը չորանում են, այսինքն` Քոլատակի ջուրը  հարևաններն են օգտագործել: Թվում է` հիմա ոչինչ չպիտի խանգարի գյուղը ջրարբի դարձնելու համար, բայց…

Գյուղում պահում են 156 գլուխ խոշոր եղեջերավոր անասուն: Քանակը չի համապատասխանում արոտին: Գյուղապետի խոսքով` նշված անասնագլխաքանակին հասնում է 300 հա արոտ, բայց կցագրված է 201 հա: Խոտհարքը 19 հա է կազմում, և դա բավարարում է, նշեց գյուղապետը: Ընդհանրապես այստեղ ՙհովիվ՚ հասկացություն չկա, հերթով նախիրը պահել` նույնպես: Գյուղապետը տեղեկացրեց, որ իրենց գյուղում անասունները ավանդաբար բաց են թողնում հանդ` ազատ արոտի: 

Շատ հարմար է անասունները սարում պահելը, բայց 2-3 կովի համար չարժե բարձրանալ, այնտեղ գնացողը առնվազն 40-50 գլուխ պետք է ունենա, շարունակում է Գ. Հարությունյանը:  

Գյուղացու աչքը իր անտառի վրա է. փայտի գործը եկամտաբեր է, բայց դա ուրիշի ձեռքին է, անտառը անհասանելի է գյուղացուն, նա միայն որպես բանվոր կարող է աշխատել: 

Հաշվապահ Լ. Գաբրիելյանը հիշում է խորհրդային տարիները, երբ Քոլատակը Առաջաձորի կազմում ուժեղ տնտեսություն էր` հարուստ տեխնիկայով: Ամենաշատ տեխնիկան իրենց գյուղն ուներ: Առանձնանալուց և տնտեսությունը լուծարվելուց հետո տեխնիկան փոշիացվեց, որի պատճառով էլ չեն կարողանում ժամանակին վար ու ցանք անել: Երբ տարին երաշտային է, այստեղ դա լավ եղանակ է համարվում,  ցորենի առատ բերք է ստացվում: Այս տարի լավ բերք են աճեցրել: 22 հա ցորեն են ցանել, հեկտարից ստացել 20 ցենտներ հացահատիկ: Բայց միշտ չէ այդպես լինում: Այստեղ լավ աճում է եգիպտացորենը, որը նաև անջրդի պայմաններում է լավ բերք տալիս: Աճում է նաև ճակնդեղը, արևածաղիկը, բայց, չգիտես ինչու` միայն ավանդական մշակություններն են արվում, որոնց բերքատվության հավանականությունը 50 տոկոս է:         

Համայնքի բյուջեն կազմում է 5 մլն 760 հազար դրամ, զուտ եկամուտը՝ 1 մլն 86 հազար դրամ, որը գոյանում է հարկավճարներից, իսկ 4 մլն դրամից ավելին պետական դոտացիան է: 

Կարծես թե բնական բոլոր պայմանները կան զարգանալու համար, բայց գյուղը հեռու է բարեկեցիկ կոչվելուց: Ամեն գյուղ իր դիմագիծն ունի, իր ավանդույթները: Այս գյուղին հատուկ չեն մրցակցությունը, նախաձեռնողականությունը: Աչքները գցել են Յերի Քերծին, որ տեսնեն` երբ է կարմրում, ուրեմն, տարին առատ կլինի, կամ էլ հույսով սպասում են բարերարին, որ իրենց համար բարենպաստ պայմաններ ստեղծի: 

ՙՄեր հնամյա գյուղերը կամաց-կամաց կորցնում են իրենց դեմքը,- մտորումներս ընդհատվում են գյուղի կանանցից մեկի խոսքից:-Երևի մեզ համար էլ մի լույս կբացվի, այդ հույսով էլ ապրում ենք՚: 

Սվետլանա  ԽԱՉԱՏՐՅԱՆ