[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

 

 

ԱՀ առողջապահության նախարարության հրավերով և գերմանաիտալական ՙԲեռլին ¬Խեմի/Մենարինի՚ դեղագործական ընկերության աջակցությամբ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում և ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման կոնֆերենց դահլիճներում հերթական անգամ կայացան երկօրյա սեմինար¬դասախոսություններ բրոնխիալ ասթմայի, մաշկաբանական խնդիրների և կիրառվող ժամանակակից դեղորայքի ազդեցության վերաբերյալ։

Ծրագիրը նախատեսված էր Արցախի մանկաբույժների, մաշկավեներաբանների, սրտաբանների, թերապևտների, նյարդաբանների, վնասվածքաբանների, էնդոկրինոլոգների, վիրաբույժների և բուժքույրերի համար։ 

ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում բրոնխիալ ասթմայի բուժման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ դասախոսություններով հանդես եկավ Երևանի ՙԻզմիրլյան՚ բժշկական կենտրոնի բժիշկ¬թոքաբան, բ.գ.դ. Մարինե Պետրոսյանը։ Ընդհանրապես բրոնխիալ ասթման ալերգիկ հիվանդություն է, որը շատ հաճախ ուղեկցվում է անցանկալի մի շարք երևույթներով (ալերգիկ ռենիտներ, դերմատիտներ)։ Խնդրի առնչությամբ համաշխարհային բժշկագիտության չափորոշիչներում ընդունված են բուժման նոր մեթոդներ։ Մ. Պետրոսյանն անդրադարձավ բազմաթիվ հետազոտությունների արդյունքներով ընդունված բուժման նոր մոտեցումներին։ Նրա պարզաբանմամբ՝ բժշկությունը՝ որպես գիտություն, մեծ արհեստավարժություն պահանջող ոլորտ է, որտեղ կոնկրետ հիվանդության և կոնկրետ հիվանդին ցուցաբերվող բուժօգնության դեպքում պետք է ելնել ընդունված չափանիշներից ու փորձից։ Սեմինար- դասախոսությունների մասնակիցները տեղեկացան վերոնշյալ հիվանդության ախտորոշման նրբություններին: Բրոնխիալ ասթման մարդուն ուղեկցում է մինչև կյանքի վերջը, բայց եթե բժիշկը հետևողականորեն է կազմակերպում տվյալ հիվանդի բուժումը, ապա վերջինիս վիճակը մնում է բարվոք։ Այստեղ կարևորվում են բժշկի ճիշտ ախտորոշումը և բուժման եղանակները։ Բժիշկ-թոքաբանը ներկայացրեց նաև վիճակագրական որոշ տվյալներ և ընդգծեց, որ հիվանդությունն սկսվում է ի հայտ գալ հենց մանկական տարիքից, սակայն մինչև 5 տարեկանն այն չի ախտորոշվում որպես բրոնխիալ ասթմա։ ՙՀերթական անգամ Արցախում փորձում ենք մեր լուման ներդնել տեղի առողջապահության զարգացման գործում, կիսվել մեր բժիշկների հետ հուզող հարցերով, մասնավորապես` մինչև 5 տարեկան երեխաների շրջանում բրոնխիալ ասթմայի ախտորոշման ու բուժման վերջին մոտեցումներին։ Հուսով եմ, որ ծրագիրը կհասնի իր նպատակին, որովհետև մենք պետք է սովորենք նման խնդիրներ ունեցող երեխաներին բուժել` օգտագործելով առաջատար երկրների փորձը։ Ներկայացրինք ժամանակակից բուժօգնության ուղեցույցները, ձևաչափերը և կաշխատենք դրանք տեղայնացնել՚,¬ասաց Մ. Պետրոսյանը։

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի դասախոս, բժիշկ-մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը հանդես եկավ ՙՏոպիկալ ստերոիդների կիրառման ժամանակակից մոտեցումները՚ թեմայով։ Բանախոսի պարզաբանմամբ՝ ընտրելով այս թեման, փորձել է հնարավորինս օգնել արդիականացնելու ու բարձրացնելու բուժօգնության որակը։ Նա ներկայացրեց մաշկային ախտահարումների, մասնավորապես, ամբողջ աշխարհում ատոպիկ մաշկաբորբի տարածվածության մակարդակը և բուժման ժամանակակից մոտեցումները։ ՙԿարծում ենք, որ այն մոտեցումները, որոնք կիրառվում են առաջատար երկրներում, համարվում են ճշգրիտ ու արդյունավետ, և եթե դրանք կարողանանք կիրառել նաև տեղում, կարձանագրենք լավ արդյունքներ՚,¬ նշեց Հ. Հովհաննիսյանը։ 

Մասնագետների խոսքով՝ երեխաների հետ աշխատելը շատ պատասխանատու գործ է, որովհետև օգտագործվող բազմաթիվ դեղամիջոցները տարբեր տարիքային խմբերի համար ունեն սահմանափակումներ։ Բացի դրանից, մանկական տարիքում հիվանդություններն ընթանում են տարբեր երևույթներով։ Ու շատ կարևոր է, որ հատկապես մանկաբույժը ճիշտ ախտորոշի հիվանդությունը։ Դրանով մանկաբույժի աշխատանքը բավականին դժվարանում է, որովհետև հենց նրան են դիմում վաղ մանկական տարիքում ի հայտ եկած հիվանդագին տարբեր ախտանշանների դեպքում։ Հ. Հովհաննիսյանի խոսքով՝ եթե մանկաբույժը լինի արհեստավարժ, հիվանդությունը ժամանակին կբուժվի, և կհեշտանա մյուս մասնագետների աշխատանքը։ 

Դասախոսությունների վերջում մասնագետները տեղի բժիշկների հետ քննարկեցին կոնկրետ դեպքեր, տրվեցին անհրաժեշտ ցուցումներ։ Իսկ Հանրապետական բժշկական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ՙՆաիրի՚ և ՙԷրեբունի՚ ԲԿ¬ների սրտաբանության բաժանմունքի գիտական ղեկավար, ԵՊԲՀ  սրտաբանության ամբիոնի դոցենտ,  բժիշկ¬սրտաբան, բժշկագիտության թեկնածու Վիկտոր Տեր¬Գրիգորյանը։ Նա ևս ներկայացրեց ոլորտի նորույթները, բուժման առավել պրոֆեսիոնալ մեթոդները, ժամանակակից դեղորայքի կիրառումը։ ՙԵս հասկանում եմ տեղի բժշիկների ունեցած դժվարությունները. նրանք զրկված են մասնագիտական բարձրորակ, գիտական ապացուցողական բազայով հիմնավորված օժանդակությունից։ Ուստի մենք նմանատիպ ծրագրերով փորձում ենք զինել տեղի բժիշկներին արդի մեթոդներով և նոր շունչ հաղորդել Արցախի սրտաբանական ծառայությանը՚,- ասաց Վ. Տեր¬Գրիգորյանը։  Խոսելով սրտաբանության մեջ կիրառվող ժամանակակից դեղամիջոցներից, սրտաբանը ցավով նշեց, որ ֆինանսական խնդիրների պատճառով բնակչության մի մասը չի կարողանում օգտագործել եվրոպական արտադրության թանկարժեք, բայց ավելի արդյունավետ դեղորայք։ 

Վերոնշյալ թեմաներին զուգահեռ բուժքույրերի համար անցկացվեց սեմինար` նվիրված ցավազրկողների կիրառմանը։ Մասնագետներն անդրադարձան  ցավի խնդրին և դրա լուծման հետ կապված հարցերին։ 

Ընդհանուր առմամբ, ծրագրի նպատակն էր անդրադառնալ նշյալ ոլորտների նորույթներին, արդի դեղամիջոցներին, որպեսզի Արցախի առողջապահության ոլորտը քայլի ժամանակակից բժշկագիտությանը զուգընթաց։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ