[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼՈՒ ԱՌՋԵՎ

Հասարակական կյանքի բազմաշերտ գործընթացի կարգավորման համար իրավական նորմերը բավարար չեն:

Պատմականորեն ձևավորվել է այնպիսի հայացքների, նորմերի և գնահատականների համակարգ, որոնք վերաբերում են անհատների վարքի կանոնակարգմանը, այլ մարդկանց կամ որոշակի հանրույթների շահերի հետ արարքների համաձայնեցմանը, մարդկանց միջև հարաբերությունների ու ներգործությունների եղանակներին: Այս գործառույթն իրականացվում է բարոյական նորմերի ու գնահատականների միջոցով, որոնք մարդու ներքին մղումների, անձնական պարտականությունների և պատասխանատվության զգացումի հիմք են: Բարոյական նորմերից է կախված մարդու վերաբերմունքը մյուսների, պետության, ազգի,  բնության, հասարակության և այլնի հանդեպ: Բարոյականությունն անմիջականորեն չի հենվում պետության պարտադրող ուժի, որևէ հատուկ հաստատության վրա, որը կհարկադրեր պահպանելու որոշակի  նորմեր: Անզեն աչքի համար էլ նկատելի է, որ, ցավոք, վերջին շրջաններում` հասարակական կացութաձևի արագընթաց փոփոխությունների փուլում, հանրային կյանքի բազմաթիվ ոլորտներում ի հայտ են եկել բարոյական արժեքների նսեմացման միտումներ, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ են ծագել: Բարոյական որակների և բարության վրա է հենվում առողջ հասարակությունը: Եթե մարդ վախենա միայն  գործող իրավական օրենքներից ու միայն տեսանելի կերպով հետևի դրանց` առանց պատասխան տալու սեփական խղճի առաջ, ապա հասարակական կյանքը կվերածվի քաոսի: Հասարակության բարոյական ինքնամաքրման ահազանգը զգաստացնող հնչեղություն ունի: Հանրակրթական դպրոցների ուսուցիչներն ավելի առարկայական են նկատում ու  գիտակցում ավագ սերնդի պատասխանատվությունը մատաղ սերնդի առջև: Եվ քանի որ դաստիարակված մարդն ինքն է գիտակցում իր բարոյական պարտքը, այսինքն` իր անձնական պարտականությունները մյուս մարդկանց և սերնդի նկատմամբ, ինքն է գնահատում իր վարքն ու արարքները, բնական է, որ ուսուցչական հանրությունն ինքնակամ ընտրում է իր բարոյականության վարքականոնը և հետամուտ լինում դրա պահպանմանն ու ամրապնդմանը: Ուստի ապագա սերնդի բարոյական նորմերի սերմանման գործն անմիջականորեն ընկած է ուսուցիչների ուսերին: Մարդկային բարձր որակները, չարը բարուց տարբերելու, գեղեցիկն ու վսեմը  սիրելն  ու գնահատելը կարող է դաստիարակել բարձր բարոյական ու էթիկական արժանիքներ ունեցող ուսուցիչը: Մանկավարժն ավելին է, քան տեղեկություն հաղորդողը, նա անձի մշակույթի ու հոգևոր դաստիարակության առաջնորդ է: Ուսուցիչը հասարակությունը ներկայացնող այն առաջին անհատն է, որի հետ ծանոթանում է աշակերտը, ուստի երեխային դաստիարակելու ու կրթելու համար նա իր մեջ պետք է կրի  մարդկային լավագույն որակները: Ուսուցիչ լինելն ու դառնալը  ինքնակատարելագործման տաժանակիր աշխատանք է, ինչին բոլորը չէ, որ ընդունակ են: Ըստ Է. Կանտի, ուսուցչի համար սովորողը պետք է լինի  ոչ թե միջոց, այլ նպատակ, ինչը, ցավոք, արդի ժամանակներում հազվադեպ է լինում: Այսօր ավելի շատ են Մամոնային աստված դարձրած ՙուսուցիչները՚: Իհարկե, նույնիսկ ամենալավ ուսուցիչն էլ միս ու արյունից կազմված մարդ է, ունի թերություններ, սխալվելու իրավունք, բնավորության լավ ու վատ կողմեր, խառնվածք, սակայն ամեն դեպքում նա պետք է ծառայի գլխավոր նպատակին` դաստիարակել բարի, խելացի, բարոյական բարձր արժանիքներով օժտված քաղաքացիներ, ովքեր էլ հետագայում կդառնան ազգին ու  պետությանը նվիրված, տարբեր ոլորտներում աշխատող, հոգեպես առողջ մարդիկ: 

Իսկական մանկավարժը բարությունը սովորեցնում է ոչ միայն խոսքով, այլև անձնական օրինակով: Երեխաները սովորաբար ֆիքսում են այն ամենը, ինչ տեսնում են ոսուցիչ-աշակերտ, ուսուցիչ-ուսուցիչ, ուսուցիչ-տնօրեն կամ ուսմասվար փոխհարաբերությունների մեջ: Առավելագույնս պետք է զգույշ լինել հատկապես աշակերտների հետ հարաբերություններում. լինել զգույշ, կոռեկտ, զիջող, համբերատար: Մանկավարժը պետք է առաջնորդվի մանկավարժական տակտով, որն իր մեջ ներառում է հարգանքն ու պահանջկոտությունը աշակերտի հանդեպ, նրան լսելու, ապրումակցելու ունակությունը, լինել ուշադիր և նրբանկատ: Ուսուցիչը պետք է կարողանա զսպել իր հույզերը, լինել անկեղծ ու արդարացի բոլորի հանդեպ, զերծ մնա կողմնապահությունից, հաշվի առնի սովորողների տարիքային առանձնահատկությունները: Չի կարելի երեխաներին դասակարգել սիրելիների ու ոչ սիրելիների: Զգալով ուսուցչի կողմից սիրված լինելը, աշակերտը շատ ավելի դյուրին կենթարկվի նրա պահանջներին, սիրելով նաև նրա կողմից դասավանդվող առարկան: Այսօր հաճախ ենք լսում, որ երեխաները դժվարանում են սովորել, մեծամասնությունը կրկնուսուցիչների կարիք է զգում, չի սիրում սովորել: Որոշ ուսուցիչներ երեխայի նկատմամբ անարդարացի են վերաբերվում միայն նրա համար, որ չեն ընտրում իրենց մասնագիտությունը, կամ լրացուցիչ պարապմունքների  համար նախընտրում են այլ մասնագետի: Երեխայի հանդեպ վատ տրամադրվելու փոխարեն պետք է ինքնակատարելագործվել, մաքրվել նախանձից, չարությունից,  հմտանալ սեփական մասնագիտության մեջ, հետաքրքրվել տվյալ ոլորտում ժամանակակից գիտնականների  նորանոր ձեռքբերումներով ու հայտնագործություններով: 

Բարկությունը, տրտունջը, ոխակալությունը, ցավ պատճառող խոսքը թունավորում են երեխայի միտքը: Մեր ժամանակներում նկատելի է դեռահասների ու պատանիների հոսքը հոգեբանի մոտ: Պարզվում է` մեծամասամբ նրանց խնդիրներն այս կամ այն ուսուցչի անհարգալից վերաբերմունքի հետևանք են: Երեխան նկատում է, որ, անկախ իր ընդունակություններից, ինքը երկրորդական պլանում է, ավելի հարգի է համադասարանիցիներից մեկ ուրիշը, ով, չնայած առանձնապես ոչ մի առավելություն  չունի, բայց ունի ունևոր ծնողներ: Ուսուցիչներից ոմանք էլ, առանց հաշվի նստելու այն հանգամանքի հետ, որ ամեն մի ընտանիք չէ ի վիճակի ավելորդ ծախսեր կատարելու, ծնողներին դժվար կացության մեջ են նետում շքեղ  միջոցառումներ կազմակերպելով, կամ յուրահատուկ ու ժամանակակից ծառայություններից օգտվելու համար աշակերտներից գումար պահանջում: Կցանկանայինք նշել վերջերս մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում եղած տհաճ  միջադեպի մասին` հետագայում նման պահվածքներից զերծ մնալու համար: Երրորդ դասարանի աշակերտուհիներից մեկը իրենց բակից վարդեր է հավաքում ու սիրով նվիրում ուսուցչուհուն: Վերջինս արհամարհանքով շպրտել է ծաղկեփունջը, երեխայի ձեռքից բռնել ու ցույց է տվել զուգահեռ դասարանում դրված այն շքեղ  ծաղկեփնջերը, որ ստացել է իր գործընկերուհին, ու շեշտել, որ այսուհետ միայն այդպիսի ծաղիկներ նվիրի: 

Ուսուցչից է մեծամասամբ կախված այն, թե վաղը ինչ տեսարանի կառերեսվենք բոլորս: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ինքն իրեն հարցնի. կցանկանա՞, արդյոք, որ վաղն իր զավակին կամ թոռանը կրթի ու դաստիարակի այն մարդը, ում հիմա ինքն է դաստիարակում ու կրթում: Ի՞նչ որակներ կցանկանար տեսնել իր ապագա սերունդներին դաստիարակողների մեջ: Եթե այսօր ժամանակավոր շահի համար ուսուցիչն ի վիճակի է առուծախի առարկա դարձնել երեխայի կրթությունն ու դաստիարակությունը, ապա վաղը իրավունք չի ունենա նույն մարդուն բարոյականանության, էթիկայի կամ արդար վերաբերմունքի պահանջ ներկայացնել:  Ինչ ցանում ես, այն էլ հնձում ես: Եթե այսօր դու գումարով ես սովորեցնում, այն էլ հարց է, թե ինչ և ինչպես, ապա վաղը քո սովորեցրածն էլ գումարով քեզ կբուժի, կաշառք կպահանջի թոռներիդ կամ ծոռներիդ աշխատանքի տեղավորելու համար և այլն: 

Ամեն մի ուսուցիչ թող յուրահատուկ լինի, առանձնանա  շուկայական ամբոխից, հմտանա ոչ միայն իր մասնագիտության մեջ, այլև որպես մարդ ինքնակատարելագործվի` իր անձի մեջ կերտելով ապագան: 

 

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

Հոգեբան