[ARM]     [RUS]     [ENG]

ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ` ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐ

Մարդու կյանքում ամենակարևորը առողջությունն է։ Իզուր չի ասված` ով առողջ ու ամուր է մարմնով, կարող է դիմանալ ամեն ինչի և հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն։

Մեր առողջության պահպանման ու վերահսկման գործում մեծ դերակատարում ունեն բուժաշխատողները։ Մարդիկ, ովքեր իրենց գործին մոտենում են անմնացորդ նվիրումով, ամենայն պատասխանատվությամբ։ Տեղին է հնչեցնել ակադեմիկոս Բ. Պետրովսկու խոսքերը. ՙԱյսօր բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, նա պայքարող ճակատային զինվոր է` հանուն առողջության, երկարակեցության, ստեղծագործող լի կյանքի, հանուն խաղաղության։ Նրան, իրավամբ, կարելի է համարել ժամանակակից կյանքի առաջնորդներից՚…

Այսօրվա իմ զրուցակիցը ՙԱսկերանի շրջանային բուժմիավորում՚ (ՇԲՄ) ՓԲԸ տնօրեն Գոհար ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆՆ է:

 -Տիկին Հակոբջանյան, մենք բազմիցս ենք անդրադարձել Ասկերանի շրջբուժմիավորման գործունեությանը. մարդիկ բուժում ստանալով Ասկերանի հիվանդանոցում՝ հեռանում են երախտագիտությամբ և մեծ հույսերով լեցուն։ 

-Ես շատ ուրախ եմ, որ այդպիսի արձագանքներ եմ լսում։ Ցանկանում եմ շեշտել, որ մեր բոլոր բուժաշխատողներն իրենց աշխատանքը կատարում են պատասխանատվությամբ։ Լավ բժիշկ լինելու համար նախևառաջ լավ հոգեբան պետք է լինել՝ անկախ ընտրած մասնագիտությունից։ Բուժաշխատողը պետք է միշտ հասանելի լինի, քանի որ ինչ-որ մեկը նրա կարիքը զգում է։ Մեր աշխատանքը դժվարին է և բազմակի անգամ ավելի մեծ համբերություն է պահանջում, քան մեկ այլ մասնագիտություն։ 

-Շրջանի առողջապահության ոլորտում ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել 2017 թվականին։

-Նշեմ, որ անցած 9 ամիսների ընթացքում ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության մասով կատարվել են 15504 հաճախումներ։ 766 մարդ անվճար ապահովվել է դեղորայքով։ Այլքաղաքային հետազոտության և բուժման է ուղեգրվել 42 հիվանդ, որից 29-ը՝ երեխա։ Իրականացվել են կանխարգելիչ պատվաստումներ` ըստ տարիքային խմբերի։ Շրջանում  մինչև 18 տարեկան երեխաների թիվը կազմել է 3921, մինչև 1 տարեկան երեխաներինը՝ 164։

Հոկտեմբերի 1-ի դրությամբ շրջանում գրանցվել է 98 մահ. մահացության հիմնական պատճառների մեջ գերակշռում են սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի սուր ինֆարկտը, ուռուցքային հիվանդությունները, գլխուղեղի կաթվածը։ Գրանցվել է մանկական մահացության մեկ դեպք։

ՇԲՄ-ում կազմակերպվել է չարորակ նորագոյացություններով հիվանդների սիմպտոմատիկ բուժում։ 2017թ. անցած  9 ամսում շրջանում հաշվառված էր 212 չարորակ նորագոյացությամբ հիվանդ, նոր հայտնաբերվածների թիվը՝ 25։ 

Կազմակերպվել է նաև հիվանդների բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը հաշմանդամության հարցը որոշելու նպատակով։ ԲՍՓ հանձնաժողով  է ուղեգրվել 25 մարդ, որից մեկը՝ երեխա։ Շրջանում կա 664 հաշմանդամ, որից 31-ը՝ երեխա։ Հակապալարախտային դիսպանսերում Ասկերանի շրջանից գրանցված է պալարախտով 24 հիվանդ, որոնց դեղորայքի շարունակական և կանոնավոր ընդունման հսկողություն իրականացվում է հոգեթմրաբանական դիսպանսերի կողմից։

2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառման է վերցվել 151 հղի, ծնունդների թիվը կազմել է 135։ Հաշվառվել է շաքարային դիաբետով տառապող 44 մարդ։ Այժմ դիսպանսերի հսկողության տակ է 304 շաքարային դիաբետով հիվանդ։ 

Նշված ժամանակահատվածում շտապօգնության բաժանմունքի կողմից գրանցվել է 836 կանչ, որից 144-ը՝ գյուղական վայրերից։ Ինքնադիմող հիվանդների թիվը կազմել է 750։ Ստացիոնար բուժում է ստացել 277 հիվանդ։

Ասկերանի ՇԲՄ-ի բժիշկ-մասնագետների կողմից կատարվում է ընդունելություն ԳԲԱ-ներում (գյուղական բժշկական ամբուլատորիա) և ԲՄԿ-ներում (բուժակ-մանկաբարձական կետ)։ 2017 թվականին կատարվել է 70 գյուղական այց՝ 4 բժիշկ-մասնագետներով։

-Մեր ունեցած տեղեկություններով`  շրջանում գրանցվել են լեյշմանիոզ հիվանդության դեպքեր։ Կանխարգելող ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվել։

-Այո, գրանցվել է լեյշմանիոզ հիվանդության 11 դեպք, այսինքն` նկատվել է հիվանդության աճման միտում։ Հիվանդության դեպքեր են գրանցվել Նորագյուղում, Խրամորթում, Խնապատում, Աստղաշենում, Խնածախում և Ուղտասարում։ Ստեղծված պայմաններում կարևորվել է լեյշմանիոզ հիվանդության տարածման դեմ ուղղված պայքարի և կանխարգելման համալիր միջոցառումների իրականացումը, որի նպատակն էր բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը,  հորդորել, որպեսզի մարդիկ դիմեն բժշկի վարակի յուրաքանչյուր կասկածի դեպքում։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել փոխանցողի դեմ ուղղված երկարատև ազդեցությամբ օժտված ինսեկտիցիդներով շինությունների մշակմանը, բնակավայրերի բարեկարգմանը և աղբահանության գործի բարելավմանը, բնակավայրերից 100-300 մետր հեռավորության վրա գտնվող կրծողների բների ոչնչացմանը, ինչպես նաև անհատական պաշտպանական միջոցների կիրառմանը և հիվանդության կանխարգելման կարևորագույն միջոցներից վարակի աղբյուր դարձող հիվանդ և թափառող շների դեմ պայքարին։ Փաստեմ, որ այդ միջոցառումներն իրականացվել են շրջանի բոլոր համայնքներում, համայնքների ղեկավարների, դպրոցի տնօրենների, ԲՄԿ-ների, ԳԲԱ-ների և Ասկերանի հակահամաճարակային կայանի ակտիվ մասնակցությամբ։

-Ասկերանի ՇԲՄ-ում հաճախակի է ՙԲաց դռների օր՚ կազմակերպվում։ Ի՞նչ կասեք այդ առթիվ։

-Իհարկե, ողջունելի են տարբեր տեղերից ժամանող բժշիկ-մասնագետների այցելությունները։ 2017 թվականի օգոստոսի 24-ին կազմակերպվել էր ՙԲաց դռների օր՚  Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներից ժամանած սրտաբանի և մանկաբույժի կողմից։ Նույն օրը ՇԲՄ-ում կատարվել է նաև հիվանդների ընդունելություն ակնաբույժի կողմից, ըստ անհրաժեշտության տրամադրվել են ակնոցներ։

Հոկտեմբերի 10-ին և 11-ին ՙԲաց դռների օր՚ է իրականացվել Ֆրեզնոյից (ԱՄՆ) ժամանած մանկաբույժի և թերապևտի կողմից` բնակչության բժշկական օգնություն և սպասարկում կազմակերպելու նպատակով։ Կատարվել է 64 հիվանդի անվճար ընդունելություն և խորհրդատվություն, հիվանդներին տրամադրվել է անվճար դեղորայք։

-Տիկին Հակոբջանյան, գիտենք, որ մասնակցել եք Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարին։ Ինչպիսի՞ տպավորություններով եք վերադարձել։

-2017թ. մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը մասնակցել եմ Հայ բժիշկների միջազգային համագումարին, որն անցկացվում է չորս տարին մեկ՝ աշխարհի տարբեր անկյուններում։ Լատինական Ամերիկայում առաջին անգամ է անցկացվում։ Այն ղեկավարում էր FIDES հիմնադրամի նախագահ Դանիել Ստամբուլյանը։ 

Համագումարի աշխատանքները կազմակերպված են եղել երեք տարբեր ուղղություններով՝ առողջապահության կազմակերպում, նեղ բժշկական մասնագիտություններ, քույրական գործ։ Նման համագումարներում կարևոր է ոչ միայն հայաստանցի և արցախցի մասնագիտական շփումն օտարերկրացի գործընկերների հետ, այլև տարբեր երկրների հայ բժիշկների շփումը։ Կոնգրեսը ցույց տվեց, որ տարիքն առած կորիֆեյներին փոխարինելու եկած սփյուռքահայ բժիշկների նոր սերունդը չի կորցրել իր ազգային ինքնությունը։ Իմ կողմից ներկայացվել են Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի ձեռքբերումները և խնդիրները։ Պետք է նշեմ, որ անչափ հետաքրքիր ու օգտակար էին Կոնգրեսի բոլոր քննարկումները, իսկ իմ տպավորությունները՝ բավականին ոգևորիչ։

-Այսօրվա դրությամբ ի՞նչ խնդիրներ ունի շրջբուժմիավորումը։

-Հերթական անգամ նշեմ, որ ՇԲՄ-ի արդիականացումը շարունակում է մնալ օրակարգային։ Սա վերաբերում է և՜ շենքային պայմաններին, և՜ նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող ծառայությունների ծավալներին, գործիքային և լաբորատոր ծառայությունների իրականացման հնարավորություններին, ինչպես նաև մասնագետներով ապահովվածությանը։ Այս ճանապարհով միայն կարող է լուծվել Ասկերանի և նրա հարակից բնակավայրերի բնակչության որակյալ բժշկական օգնության մատուցումը տեղում։ Վստահ եմ, որ այս դեպքում բուժաշխատողներն իրենց մասնագիտական պարտականությունները կկատարեն ավելի մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ։ 

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ք. Ասկերան