Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՐԲԱՑԱԾ ԱՆՈՒՆ

Արցախյան ազատամարտի և ապրիլյան պատերազմի հերոսների կերպարը երախտապարտ ժողովուրդը կրում է իր հոգում։ Նրանց սրբացած անունները մշտապես ժողովրդի շուրթերին են։ Բայց և կան անհատականություններ, որոնք համաժողովրդական սիրո ու մեծարանքի են արժանացել դեռևս կենդանության օրոք։

Այդ լեգենդար հերոսների առաջին շարքում է Ավոն` Մոնթե Մելքոնյանը, ում ծննդյան 60-ամյակը լրանում է այսօր... Այս անգամ մենք փորձեցինք նրա դիմանկարն ամբողջացնել մարտունեցիների շուրթերով. մի բան պարզ է, որ յուրաքանչյուր մարտունեցի ունի իր Ավոն, որի կերպարը, հիշատակը մասունքի պես թանկ են ու նվիրական։

Կարեն ԹՈՎՄԱՍՅԱՆ, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար, Ճարտարի թիվ 24 գումարտակի նախկին հրամանատար. -Ավոյին առաջին անգամ հանդիպել եմ 1992թ. փետրվարի 22-ի լույս առավոտյան, ներկայումս ՙԶորավան՚ կոչվող տեղամասում։ Մենք ազատագրել էինք Ներքին Վեյսալու գյուղը: Դիրքերի տեղադրման և տեղանքի ուսումնասիրման ժամանակ էլ հենց ծանոթացանք, և այդ օրվանից էլ սկսվեց մեր համատեղ ծառայությունը։ Պայմանավորված այն բանի հետ, որ Ներքին Վեյսալուում դիրքերի փոփոխություն կատարվեց, մենք իջանք Ալիբալի տեղամասը և այդտեղից էլ ստացանք հետագա գործողությունների հրահանգավորումը։ Երբ արդեն կազմավորվեց բանակը` 1992թ. սեպտեմբերի 1-ին, Ճարտարում կար մեկ գումարտակ,  հրամանատարն էր Մովսես Հակոբյանը։ Բանակի կազմավորման առաջին փուլում Ճարտարից ստեղծվեց երկու գումարտակ, և Ավոյի անմիջական պարտադրմամբ գումարտակների հրամանատարներից մեկը դարձա ես, և մինչև 1993թ. հունիսի 12-ը` նրա զոհվելու օրը,  կես  խոսքից հասկանում էինք իրար: Կար փոխադարձ հարգանք և վստահություն ողջ ծառայության ընթացքում։ Ավոն միշտ  ձգտել է մարտի կազմակերպումն իրականացնել տեղի հրամկազմի ուժերով։ Մարտունու պաշտպանական շրջանը կազմված էր յոթ գումարտակից, և Ավոն միշտ ձգտում էր, որ իրադրության տերը դառնան գումարտակի  հրամանատարները, իսկ ինքը կողքից հետևում էր, թե ինչպես է ղեկավարվում մարտը։ Իհարկե, շտկումներ, միջամտություններ լինում էին, բայց նա մեզ վստահում էր, և եկավ մի պահ, երբ ասաց. ՙՏղարքը կարող են ինքնուրույն կռվել, և իմ պայքարը Արցախով չպիտի վերջանա՚։  Նա մեծ ծրագրեր ու նպատակներ ուներ ապագայի համար և ասես շտապում էր։ Նա հրամանատար է եղել, մարտագործողություններ է ղեկավարել նաև  Քարվաճառի ու Մարտակերտի ուղղություններում։ 

Որո՞նք էին Ավոյից առած իմ դասերը... Յուրաքանչյուրս մեր մեջ կրում ենք ազնվության մեր չափաբաժինը, բայց նրա այդ ՙսանդղակը՚ շատ բարձր էր, և ձգտում էինք հասնել դրան, բայց, իհարկե, չհասանք և ինչ էլ անեինք՝  չէինք կարող համեմատվել...Հետևողականություն, պահանջկոտություն, մի  խոսքով` նա ազնվագույն անձնավորություն էր ու նվիրվածության չափանիշ ու խորհրդանիշ։ Կարճ ժամանակում ինտեգրվեց և դարձավ մարտունեցի, դարձավ մեզանից մեկը, իսկ Մարտունին նրան ընդունեց հարազատ զավակի  պես, ու  այդպիսին էլ մնաց մինչև նահատակությունը։ 

Մեկ առ մեկ հետևում էր, որ նախօրոք պլանավորված գործողություններն ընթանան առանց խոտորումների, անկրկնելի  հրամանատար էր, մեծ ռազմավար, անսպասելի իրավիճակներում խորհրդակցում էր մեզ հետ, լսում մեր կարծիքը, ապա որոշում կայացնում։ Նա գնահատում էր մեզ և այն համոզմանն էր, որ մեկ ձեռքը ծափ չի տալիս։ Երբ Ավոն ղեկավարում էր մարտը, տղաներն ավելի ինքնավստահ ու ՙդուխով՚  էին կռվում, և սա անզեն աչքով էլ տեսանելի էր։ Երբ նա ղեկավարում էր Քարվաճառի ռազմագործողությունը, մենք արևելյան  ուղղությամբ մարտեր էինք մղում Մովսես Հակոբյանի գլխավորությամբ։ Ազատագրեցինք Ղաջարը,  դուրս եկանք Ֆիզուլիի ուղղություն, հասանք  մինչև Ղարաբաղի հարթավայրային հատվածը։ Երբ վերադարձավ` մեծ ուրախությամբ շնորհավորեց մեզ, ողջունեց մեր հաղթանակները և ասաց, որ հավատում էր մեր հնարավորություններին։ 

Ռաիսա ԱՎԱՆԵՍՅԱՆ, Ավոյի զինակից և մարտական ընկեր Կոմիտաս Ավանեսյանի մայրը. -Որդիս` Կոմիտասը, միշտ անբաժան էր Ավոյից։ Թե՜ կուշտ են եղել` միասին էին, թե՜ սոված ու ծարավ էին՝ միասին էին։ Այնքան եմ կարկատել Ավոյի շորերը, որ էլ ասելու չէ։ Մի օր ասացի` Ավո, մի նոր համազգեստ վերցրու քեզ համար`  էլ կարկատան չունեմ, ասաց` ես կբերեմ կարկատանը, նոր շորերը դիրքում կռվող տղաների համար են։ Մի օր էլ Սեդային ասացի` փափուկ ներքնաշոր բեր, թող համազգեստի տակից հագնի, ա՛խր ամբողջ օրը դրսերում է։ Սեդան թե` Ավո, ես քեզ համար տաք շորեր էի բերել, որտե՞ղ է։ Որտեղ պիտի լինի` պատասխանեց, պոստերի տղաներին եմ տվել։ Միշտ  սոված էր տուն գալիս, հարցնում էի` ինչո՞ւ դիրքերում հաց չկերաք։ Զինվորի բաժինը ո՞նց պիտի ուտեինք` զարմացած ասում էր նա։  Նրա նման մարդու ես ոչ տեսել եմ իմ կյանքում, ոչ էլ հանդիպել և հույս էլ չունեմ, թե երբևէ կհանդիպեմ, կամ կլինի երկրորդ Ավո։ 

Մի գիշեր թուրքերն անընդհատ խփում էին Մարտունու վրա, ասում էի` Ավո, 5 երեխա ունեմ, մեկը  տանը չկա, դուրս են եկել, ո՞ւր են գնում, ինչի՞ են գնում: Ասաց` զինվորի մայրը, քույրը, ընտանիքը որ այստեղ չլինեն, զինվորը ո՞նց պիտի կռվի: Նրան այդքան ջղայնացած դեռ չէի տեսել. գնաց Բալի Բաղ տեղամասում պոստեր դրեց, որ խաղաղ բնակիչները շրջանից դուրս չգան, որ զինվորը թիկունքից սատարող ունենա։ Ուտելիք չկար, շոր չկար, հազար ու մի պակաս ունեինք, արթուն էի մնում, մինչև որ գան, գոնե մի բաժակ տաք թեյ դնեմ, մի քիչ էլ որ շաքարավազ էր ճարվում` դնում էի, որ գոնե մի բաժակ քաղցր թեյ խմի: Գդալը ջրից հանում, կողքանց քսում էր պեսոկին ու ասում՝ այսքանը հերիք է, բոլորն էլ այդպես պիտի վարվեն ու պիտի դիմանանք։ 

Շատ ենք վշտացել նրա կորստով, Կոմիտասն էլ նրա կողքին էր, ծնկից վիրավորվել էր, տասը  տեղից կոտրվածք ուներ, բայց գնաց Երևան ու մասնակցեց Ավոյի հուղարկավորությանը։ Որդիս Ավոյին շատ էր ընդօրինակում, իսկ Ավոն  ասում էր` ես առանց Կոմիտասի մի թևատած արագիլ կլինեի, նա ինձ շատ օգնեց, ճիշտ ուղղություն ցույց տվեց: Այդ մասին քիչ է խոսվում, բայց սկզբնական շրջանում նրա հանդեպ վերաբերմունքն համարժեք չէր, հետագայում հասկացան, որ Ավոյին ոչինչ պետք չէր` ո՜ չ պաշտոն, ո՜ չ փառք, նա հասարակ զինվոր էր ու այդպես էլ մնաց մինչև վերջ։ Երբ հոգնած, մրսած ու կիսաքաղց տուն էին գալիս, առաջինն Ավոյին էի պաչում, նոր Կոմիտասին, իմ որդուց չեմ տարբերել։ Հետագայում, երբ ծնողները եկան, շնորհակալություն հայտնեցին, ասացի՝ այդ մենք ենք շնորհակալ, որ նման որդի եք ազգին պարգևել, նա բացառիկ անձնավորություն էր, բացառիկ հայ։ 

Բաբկեն ՍԱՖԱՐՅԱՆ, բազմավաստակ մանկավարժ, ք. Ճարտար. -Արցախում հազիվ թե գտնվի մեկ հայ, ով չիմանա Ավոյին, իր պատկերացումները չունենա, իր խոնարհումը, մեծարումը չբերի նրա ու նրա հիշատակի առջև։ Առաջին հերթին կասեի, որ Ավոն հասարակ մահկանացու չէր, նա Աստվածառաք մարդ էր, մանավանդ  արցախցու համար Ավոյի նմանների կարիքն ու պահանջարկը շատ մեծ էր։ Նա եկավ համոզելու, որ պարտադիր չէ լինել ղարաբաղցի՝ Ղարաբաղը սիրելու համար։ Նա եկավ ապացուցելու, որ իր իսկական տեղը Մարտունին է։ Մի՞թե պատահական է, որ շա՛տ¬շատ նվիրյալների կողքին Ավոն մնում է եզակի, անկրկնելի, ժողովրդի կողմից պաշտված ու շատ սիրված։ Եվ, իհարկե, ես բացառություն չեմ կազմում։ Ավոյի հետ անձնական մտերմություն, դժբախտաբար, չունեի, բայց մոտիկից անմիջական շփում ունեցել եմ, երբ եկել էր տեղի միավորման գործերը քննելու, ցուցմունքներ տալու։ Ներքին դժգոհություն էի զգում` ամեն անգամ տեսնելով Ավոյի հասարակ համազգեստը, կիսապատռված, խունացած ու հնացած նրա շորերը։ Սա գուցե մանրուք է, բայց, ա՛խր, Ավոն անում էր այն, ինչը շատերին հասու չէր։ Մարդ, որը անձնական կյանք չուներ, և եթե մի փոքր ուներ էլ, ապա դա էլ էր ծառայեցնում վեհ ու մեծ նպատակին։ Մեծ ու անչափելի էր նրա հայրենասիրությունը։ Ծնված ու դաստիարակված լինելով ոչ հայկական միջավայրում (մայրը հայերեն չգիտեր), ինքը մեծ հայ էր։ Նա կռվում էր հայի համար, և գտնում էր, որ ամենաիսկական հայն արցախցին է, և նա եկավ համար մեկ արցախցին դառնալու ու դարձավ։ Բոլոր մարտունեցիներն անխտիր ու յուրովի իրենց Ավոն ունեին, և այժմ էլ ունեն, և իրենց հոգում փայփայում են նրա  նվիրական կերպարը։ Որդիս իր տղային Մոնթե անունն է տվել, իմ որդու, իմ թոռան և նրանց նմանների մեջ է Ավոն, բոլորիս մեջ է Ավոն, այսօր Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում Ավոներ ու Մոնթեներ են ծնվում...

Իմ աշակերտներից մեկը, ներկայումս ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանը, Ավոյի զոհվելու օրը ոտքից վիրավորվել էր: Երբ գնացի տեսության, նա բառացիորեն ինձ ասաց հետևյալը. ՙԸնկե՜ ր Սաֆարյան, երանի ինձ նման շատերը զոհվեին, Ավոյին բան չպատահեր՚։ Հովիկի բերանով խոսում էր և՜  հայը, և՜  զինվորականը, և՜  մարդը։ Ամենքս այդպես կցանկանայինք, ինչ¬որ բան տայինք, բայց Ավոյին պահեինք, պաշտպանեինք։  Նրա մահն անմահության սկիզբն էր` տիեզերական չափանիշներով։ Մենք սիրում ենք  Ավոյին, պաշտում ենք նրան և վստահ ենք, որ նրա անունը, գործն ու կերպարը եղել և կմնան անկրկնելի, նվիրվածության խորհրդանիշ։ Հպարտ եմ, որ Ավոյի սերնդակիցն եմ։