[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՄԱՐԱՂԱ. ՀԱՅԱՑՔ ԱՊԱԳԱՅԻՆ

Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղը վերաբնակեցվել է 1995 թվականին։

Հին Մարաղայի՝ 1992 թվականի ապրիլի 10-ի ջարդերից հետո, այն մարաղեցիները, ովքեր չհեռացան Արցախից, վերաբնակվեցին այստեղ՝ այն անվանելով Նոր Մարաղա։ Տարածքը հարթավայրային է՝ 1291,88հա, որից 1103,94հա-ն՝ գյուղատնտեսական նշանակության, իսկ 77,7 հա-ն՝ անտառային հողեր են։ 

Նոր Մարաղա համայնքի ղեկավար Ռոմա Կարապետյանի խոսքով՝ վերաբնակեցման առաջին տարում ընդամենը 5 ընտանիք էր այստեղ ապրում, հետո դրանց թիվը ավելացավ: Ներկայում համայնքն ունի 120 ընտանիք՝ 538 բնակչով։ Վերադառնալ ցանկացողները շատ են, ասում է համայնքի ղեկավարը, բայց խնդիրը բնակարանի հետ է կապված։ Մոտ 100 հոգի բնակարանի պատճառով ապրում են հարևան գյուղերում և Մարտակերտ քաղաքում։  Նոր Մարաղայում շինարարությունը դադարեցված է, բնակարաններ են կառուցվում միայն զոհված ազատամարտիկների և բազմազավակ ընտանիքների համար։ Բացի այդ, Արցախի կառավարությունը շինանյութով օգնում է կարիքավորներին՝ բնակարանները վերանորոգելու համար։ Ըստ համայնքի ղեկավարի՝ Նոր Մարաղայում կարելի էր  5 տարով երկարաձգել բնակարանաշինության ծրագիրը՝ հաշվի առնելով, որ 20 տարուց ավելի է՝ մարաղեցիների մի մասն ապրում է դրսերում՝ սրա-նրա տանը։ 

Գյուղում բազմազավակ ընտանիքներ շատ կան. 6 երեխա ունեցող 6 ընտանիք, 5 երեխա ունեցող՝ 2, իսկ 4 և 3 երեխատերերի թիվը մեծ է։ Տարեցտարի բնակչության աճ է արձանագրվում. տարվա կտրվածքով միջինը 10 ծնունդ է գրանցվում։ Աճը նկատելի է նաև դպրոցականների մոտ. ըստ Ռ. Կարապետյանի, եթե վերջին տարիներին դպրոցում սովորում էր 30-40 աշակերտ, այսօր նրանց թիվը հասնում է 100-ի։ 

Նոր Մարաղան շրջանի մեծ ու ակտիվ կյանքով ապրող բնակավայրերից է։ Ակտիվությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Մարտակերտ-Ստեփանակերտ մայրուղին անցնում է գյուղի միջով։ Աշխատասեր մարդիկ են համայնքի բնակիչները, այդ հարցում կարելի է ասել՝ մրցակից չունեն։ Հողն այստեղ բերրի է, բերք ու բարիքը՝ առատ։ Նրանք, ովքեր հասկացել են, որ աշխատասիրությունն է հաջողությունների գրավականը՝  ապրում են նորմալ պայմաններում։ 

Մշտական օգտագործման իրավունքով սեփականաշնորհված  100 հա հողահանդակ ունի համայնքը, շուրջ 300 հա էլ տրված է վարձակալությամբ։ Սկզբում, ինչպես փաստում է գյուղապետը, ոչ բոլորն էին հող մշակելու ցանկություն հայտնում, այսօր արդեն հողագործությունը համատարած բնույթ է կրում, և շատերն անգամ պայքարում են հողատարածքի համար։ 2017-ը բերքի տարի էր. կարելի է ասել՝ բոլորն էլ բարձր բերք են ստացել։ Հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 27ց: Ցանում են հիմնականում ցորեն, գարի, եգիպտացորեն… Նոր մշակաբույսերից այս տարի փորձնական ցանվել է հնդկաձավար, բայց երաշտի պատճառով ցանքսը տուժել է։ Մյուս կողմից էլ՝ տվյալ հողօգտագործողը հունձն ուշացրեց, իսկ հնդկաձավարը եթե ժամանակին չի հնձվում, հատիկները թափվում են։  Ռ. Կարապետյանի հավաստմամբ՝ 30-40 տոկոսի չափ բերքի կորուստ արձանագրվեց։  ՙԱյն թյուր կարծիքը, թե հնդակաձավարը և էլի մի քանի մշակաբույսեր մեզ մոտ հնարավոր չէ աճեցնել, վերջին տարիներին միանգամայն փարատվեց։ Արցախում ամեն ինչ էլ կարելի է ցանել, միայն թե ճիշտ տեխնոլոգիայով մշակվի՚,-ասում է Ռ. Կարապետյանը։

Այս օրերին մարաղեցիները շարունակում են աշնանացանի աշխատանքները։  

Տարին բարենպաստ կլինի թե ոչ՝ ոչ ոք չի կարող կանխագուշակել, բայց որ գյուղացիները ոգևորված աշխատում են՝ փաստ է։ Մարդիկ տնամերձ հողամասեր էլ ունեն, հավեսով մշակում, բանջարանոցային մշակաբույսեր են ցանում՝ պոմիդոր, վարունգ, լոբի, կարտոֆիլ…  Իսկ ավելի շատ այգեգործությամբ են զբաղվում. յուրաքանչյուր մարաղեցու սեղանից անպակաս են խնձորը, տանձը, նուռը, արքայախնձորը։ Համայնքի ղեկավարը գոհունակությամբ է պատմում այդ ամենի մասին, նշելով, որ այգեգործությունը Մարաղայում շուտով է՜լ ավելի կզարգանա։ Նրա հավաստմամբ՝ 5 անհատներ նպատակ ունեն 1 հա-ից մինչև 10 հա նռան այգի հիմնել։ Նրանք արդեն տնկարաններ են ստեղծել և տնկիներ աճեցրել։ Ինչ վերաբերում է բերքի իրացմանը, այդ խնդիրն արդեն համայնքում լուծված է։  Արցախի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ և Մարտակերտի շրջվարչակազմի նոր ղեկավարի հետևողական ջանքերի շնորհիվ հարմարավետ պայմաններով շուկա է կառուցվել Նոր Մարաղայի կենտրոնում՝ ճամփեզրին։ Ռ. Կարապետյանն իր և համագյուղացիների երախտագիտությունն է հայտնում երկրի ղեկավարին, նշելով. ՙՆախագահ Բակո Սահակյանն ամեն անգամ անցնելով մեր գյուղով՝ կանգնում, հարցուփորձ է անում մարդկանց, հետաքրքրվում, թե ինչպես են ապրում, ինչ խնդիրներ ունեն։ Եվ օգնում է հնարավորության սահմաններում։ Մի օր էլ ասաց. ՙՏեսնում եմ, դուք աշխատող, քրտինք թափող ժողովուրդ եք, ձեզ շուկա է պետք՝ բերքն իրացնելու համար՚։ Եվ խոսքը գործ դարձավ։ Այսօր արդեն այսպիսի գեղեցիկ շուկա ունենք, որից կարող են օգտվել նաև հարևան գյուղերի բնակիչները։ Հիրավի, շատ էինք զգում շուկայի կարիքը, մինչ այդ մարդիկ շոգին ու ցրտին՝ հակասանիտարական պայմաններում, ստիպված էին կանգնել ճամփեզրին՝ որևէ միրգ կամ մթերք, միս վաճառելու համար՚։ 

Համայնքի ղեկավարն իրազեկեց նաև գյուղում վերջերս իրականացված մեկ այլ նախաձեռնության մասին. շրջվարչակազմի նոր ղեկավարի հանձնարարականով թարմացվել, նորացվել են ցուցանակներն ու ցուցապաստառները։ 

Նոր Մարաղայում աչք է շոյում նորակառույց համայնքային կենտրոնը ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ֆինանսավորմամբ։ Հայրենի Մարաղայից բռնագաղթված ու նոր համայնք հիմնած մարաղեցիների համար նման կենտրոնը, հիրավի, սպասված նվեր էր։ Առաջին հարկում տեղակայված են ակումբն ու բուժկետը, համակարգչային սենյակը, 2-րդ հարկում վարչական գրասենյակն է՝ իր ստորաբաժանումներով։ Կահույքը ևս տրամադրել է Տորոնտոյի հայ համայնքը։ Եվ ոչ միայն. նույն օրը Տորոնտոյի տեղական մարմինը շտապ օգնության մեքենա է նվիրել գյուղին։  Որպես երախտագիտություն՝ կենտրոնի հանդիսավոր բացման ժամանակ Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանին Նոր Մարաղայի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց։

Ի՞նչ խնդիրներ ունի Նոր Մարաղան հարցին պատասխանելով` Ռ. Կարապետյանն ասաց. ՙԱռանձնակի խնդիրներ չկան։ Ինչ խնդիր էլ որ ծագում է՝ դիմում եմ երկրի իշխանություններին, և այն ստանում է իր լուծումը։ Այդպես եղավ ջրատար խողովակների անցկացման, համայնքային կենտրոնի կառուցման, արտեզյան ջրհորի հետ կապված և մի շարք այլ հարցերով... Ներկայում շատ համայնքներ կարող են նախանձել նորմարաղեցիներին, որովհետև մեզ մոտ բնակիչները ջրի խնդիր չունեն։ Առանձին ոռոգման ջուր էլ կա, խմելու ջուր էլ։  Խաչենի ջրամբարից է գալիս ջուրը, վարելահողերի 50 տոկոսից ավելին բարելավված է ոռոգման ջրով։ Իսկ բնակտարածքները  լրիվությամբ ջրովի են՚։ Այդուհանդերձ՝ մտահոգիչ երկու խնդիր կա. Նոր Մարաղան նոր դպրոցի և մանկապարտեզի կարիք ունի։ Ներկայիս կրթօջախում ընդամենը 11 սենյակ է, չի բավարարում: Համայնքի ղեկավարի խոսքով՝ կարելի է նոր դպրոց կառուցել, իսկ հինը դարձնել մանկապարտեզ։ Գյուղում նախադպրոցական տարիքի 64 երեխա կա։

Համայնքում ընդհատումներով են գործում բջջային կապն ու հեռուստակապը։ Նշված հարցերով դիմել են պատկան մարմիններին, դրանց լուծմանն են սպասում։ 

Ինչ վերաբերում է անասնապահությանը, գյուղատնտեսության այս ճյուղն ապրիլյան պատերազմի պատճառով անկում ապրեց. 150 գլուխ խոշոր եղջերավոր անասունից մնացել է ընդամենը 40-50-ը։ Մարդիկ ցանկություն ունեն անասնագլխաքանակն ավելացնել, բայց միսն իրացնել չեն կարողանում։ Հատկապես ոչխարի միսը։ Մոտ 500 գլուխ մանր եղջերավոր անասուն կար, բայց ոչխարի մսի գինը նվազելու պատաճառով այլևս չեն ուզում ոչխարաբուծությամբ զբաղվել։  Խոզաբուծությամբ ևս չեն զբաղվում, համայնքում ընդամենը 10 խոզ կա։ 

Գյուղի կենտրոնում կանգնեցված հուշարձան-խաչքարը նախկին Մարաղայի զոհված ազատամարտիկների և սպանդի ենթարկվածների հիշատակն է հավերժացնում։  48 ազատամարտիկ և 65 խաղաղ բնակիչ է զոհվել այդ օրերին։ Ռոմա Կարապետյանը, ով եղել է նախկին Մարաղայի ջոկատի հրամանատարը, ցավով է հիշում տեղի ունեցածը։ ՙՄեզ համար ինչ-որ տեղ վիրավորական է, երբ անընդհատ միայն Մարաղայի սպանդն են հիշում։  Մարաղայում նաև հերոսամարտ է տեղի ունեցել։ Մեր կորուստը, անշուշտ, ցավալի է, բայց մենք հո չենք լռել, սպասել, որ թուրքը գա մեզ կոտորի… Մարաղայում թշնամին մոտ 200 զինվոր է կորցրել՚,- ասում է նախկին հրամանատարը։  

Նոր Մարաղան արագ տեմպով զարգացող գյուղ է։ Մարդիկ ապրում են այստեղ արարելով ու համայնքն օր օրի զարգացնելով։ Գյուղի աշխարհագրական դիրքը հարմար է, գրեթե նման  նախկին Մարաղային։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ հին Մարաղայում ապրել են Թարթառի ափին, հիմա էլ բնակվում են Խաչենի ափին։ Աշխատող ձեռքն էլ ունեն, մնում է ամենակարևորը՝ հաստատուն խաղաղությունը։ 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ