[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂՆ ԱՅՍՏԵՂ ԱՊՐՈՂՆ Է ՇԵՆԱՑՆՈՒՄ

Մարտակերտի շրջանը Հոռաթաղ կոչվող երկու գյուղ ունի, երկու դեպքում էլ անվան ընտրությունը տարեցները բացատրում են ոչ միայն աշխարհագրական դիրքով, այլև ուռենիների առատությամբ և  տարբերելու համար մեկը` Վերին, մյուսը Ներքին Հոռաթաղ են կոչել: Վերջինը, ուր գործուղման ընթացքում այցելեցինք օրերս, գտնվում է շրջկենտրոնից ընդամենը 4 կմ հարավ-արևմուտք:

 Սովորաբար հանրապետության հեռավոր գյուղերում գրեթե միշտ նույն պատկերն է լինում` գյուղական աշխատանքներից խուսափող և  դեպի քաղաք ձգտող երիտասարդություն, ծնելիության տխրեցնող ցուցանիշ, բնակարանային չլուծվող խնդիր, ծերացող բնակչություն: Այս գյուղում իրողությունը բոլորովին այլ` ոգևորող  ու կենսահաստատ երանգներ ունի: 1072 բնակիչ և 300 տնտեսություն, գումարած՝ վերջին տարիներին  արտագաղթի իսպառ բացակայություն: Ոչ առանց հպարտության այսպես է բնութագրում իր ղեկավարած համայնքը Արթուր Մնացականյանը, ով արդեն 7-րդ տարին է` ստանձնել է համայնքապետի պարտականությունները: 

Ներքին Հոռաթաղը միշտ էլ բարգավաճ գյուղ է եղել, բնակչությունը` ակտիվ ու նորարար: Հոռաթաղցիներն Արցախյան շարժմանն արձագանքել են առաջին իսկ օրերին: Հետագայում` 1989-ին, Ռ. Հայրապետյանի հրամանատարությամբ գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ, որը 1989-94թթ. մասնակցել է Շահումյանի և Մարտակերտի շրջանների գրեթե բոլոր գյուղերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992-ի հուլիսի 4-ին թշնամին մտել է գյուղ, բնակչությունը տեղահանվել ու ապաստան է գտել տարբեր վայրերում: Այդ ընթացքում ավերվել ու թալանվել են գյուղի բոլոր տները: 1993-ի հունիսին Ներքին Հոռաթաղն ազատագրվել է:  Գյուղի տարեց բնակիչների վկայությամբ` այս գյուղում ծնվածները հնուց ի վեր ամուր են կապված եղել ծննդավայրին և հեռացել են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Թերևս դա է պատճառը, որ բնակիչների մեծ մասը տուն է դարձել, վերադարձել են անգամ ռուսաստանյան քաղաքներից,  պատսպարվել թալանված ու կիսաքանդ տներում, վերանորոգել, ուղղել ծննդավայրի կորացած մեջքը: Չնայած կրած դառնություններին` այսօր Ներքին Հոռաթաղը հանրապետության այն  համայնքներից է, որտեղ աչքի չեն զարնվում կիսավեր ու լքված տները, գրեթե բոլոր տները խնամված տեսք ունեն: Գյուղի կենտրոնում է գտնվում 19-րդ դարավերջին կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին, մեր այցելության պահին եկեղեցու ներսում վերականգնողական աշխատանքներ էին ընթանում: Ռուսաստանաբնակ Արտաշես Գալստյանն է  ցանկություն հայտնել իր միջոցներով տեսքի բերել այն, մինչ այդ նաև գմբեթ է տեղադրվել:  Գյուղի տարածքում` դիմացի բլրի վրա, վերջին տարիներին նոր` Սբ Գևորգ եկեղեցին է կառուցվել:

ԳՅՈՒՂ, ՈՐԸ ՉՈՒՆԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ

Հնուց ի վեր այս գյուղում զարգացած է եղել խաղողագործությունը, նաև անասնապահությամբ ու հողամշակման աշխատանքներով են հիմնականում զբաղվել ներքին հոռաթաղցիները: Նախկինում Ներքին Հոռաթաղը հայտնի էր ուժեղ խորհտնտեսությամբ, որի մեջ մտնում էին հարակից բոլոր գյուղերը: Բնակիչների խոսքով` այստեղ հողը բերրի է և տքնաջան ու նվիրված աշխատողին  հատուցում է տասնապատիկի չափով: Համայնքն ունի 230 հա վարելահող, ոռոգման ջրի բացակայության պատճառով այն համարյա չի օգտագործվում:  Մի քանի տարի առաջ այդ ցանքատարածքները հիմնականում մշակվում էին, սակայն բնության բարեհաճության վրա հույս դրած հողօգտագործողի շահույթն աննշան էր, փոխարենը` տարեցտարի ավելի էր մեծանում վարկային պարտավորությունների չափը:  Ըստ Ա. Մնացականյանի` նախկինում գյուղացիները խմելու ջուր էին ստանում օրական 2 ժամով:  Անտառամերձ բարձունքի  Մնդրեկան կոչվող աղբյուրի և  գյուղից ներքև գտնվող արտեզյան ջրհորի` գյուղի ջրամբար հասցված ջուրն է ծառայում որպես խմելու ջուր:  Արտեզյան ջրհորը փորվել է Ռուսաստանում բնակվող հոռաթաղցիների միջոցներով: Ներկայում կառավարության ֆինանսավորմամբ աշխատանքներ են ընթանում ջրատար խողովակները փոխելու և համապատասխան հզորությամբ ջրի հոսք ապահովելու ուղղությամբ, որի արդյունքում  400 տոննա տարողությամբ ջրամբարը կկարողանա շուրջօրյա ջուր ապահովել: Մոտ ապագայում  նաև ջրային հաշվիչներ են տեղադրվելու,  ինչը, ըստ համայնքապետի, թույլ կտա նաև խուսափել ջրի անշրջահայաց օգտագործումից:  Ոռոգման ջուր ունենալը հոռաթաղցիներն անհույս երազանք են համարում, գյուղի մերձակա տարածքում  ջրի բավականաչափ պաշարներ չկան: Գյուղացիները խմելու ջուրն օգտագործում են նաև ոռոգման համար:  

Գյուղապետը, սակայն, դա էլ ապագայի հնարավոր ծրագիր է դիտարկում.  ոռոգման ջրի շնորհիվ համայնքում կյանքը նոր թափ կստանա, այստեղ մարդիկ նորարար են, չնայած ջրի պակասին` փորձում են նաև բանան ու կիվի աճեցնել` ասում է նա: Ներքին Հոռաթաղի գերակշիռ մասն այսօր քաղաքաբնակի կյանքով է ապրում, քանի որ այստեղ աշխատատեղերի խնդիր, կարելի է ասել, գոյություն չունի: Համայնքի երիտասարդության մեծ մասը ծառայում է զորամասում, բնակչության մի մասն էլ աշխատում է մոտակայքում գտնվող Կաշենի հանքավայրում կամ շրջկենտրոնում: Գործում են միջնակարգ դպրոց, բուժկետ, վարսավիրանոց, անգամ` ՙսուպեր մարկետ՚ վերտառությամբ երկու խանութ: Գյուղը գազիֆիկացված է: Շաբաթվա գրեթե բոլոր օրերին տրանսպորտային կապը մայրաքաղաքի հետ կա: 

Գյուղի բնակիչների մի մասը փորձում է նաև ձեռնարկատիրությամբ  զբաղվել: Արթուր Երեմյանը գյուղում փայտամշակման արտադրամաս է բացել և արդեն որակյալ արտադրանք է թողարկում: Գյուղաբնակներից երկու հոգի թռչնաֆերմա են հիմնել, գյուղացիները թարմ ձվի և հավի մսի պակաս չեն զգում:  

ՎԵՐՋԻՆ ՀԱՐՍԱՆԻՔԸ` 

ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՌԱՋ

Ներքին Հոռաթաղի գյուղապետը 4 զավակ ունի: ՙՕրինակ եմ ծառայում մեր ջահելների համար,- կեսլուրջ-կեսկատակ ասում է նա ու ավելացնում,- մեր ջահել ընտանիքներն էս հարցում ակտիվ են, ամենաքիչը երեք երեխա պիտի անպայման ունենան: Այս տարում գյուղում արդեն 4 ընտանիք է կազմավորվել: Չորս հարսանիք ենք ունեցել, վերջինը մի քանի օր առաջ եղավ՚: Նման ուրախացնող իրողությանը նպաստել է նաև 2016-ին գյուղում պետական միջոցներով մանկապարտեզի կառուցումը: Համայնքի միջնակարգ դպրոցի առաջին և նկուղային  հարկերը վերանորոգվել և հարմարեցվել են նախակրթարանի համար: Այսօր այն իր հարկի տակ ընդունում է 30 երեխայի: Պետք է ասել, որ այս մանկապարտեզն իր  հարմարություններով` ննջասենյակով, խաղասենյակներով, բուժկետով ու բացօդյա խաղահրապարակով, կարող է մրցել մայրաքաղաքի ցանկացած նման հաստատության հետ: 

Արթուր Մնացականյանի վստահեցմամբ` գերխնդիր, որպես այդպիսին, համայնքը չունի: Շատ դեպքերում այս կամ այն խնդրի լուծմանը սեփական միջոցներով մասնակցում են հենց գյուղի բնակիչները` հետևելով գյուղապետի օրինակին: Ինչպես ամենուր, այստեղ ևս զգալի է բնակարանային  խնդիրը: Նոր կազմավորված շատ ընտանիքներ ապրում են ծնողների ու հարազատների հետ` մեծ ընտանիքներով: Գյուղի համար առաջնակարգ խնդիրներից է հանդիսությունների սրահի բացակայությունը: Գերեզմանատանը տարիներ առաջ սգո արարողությունների համար համապատասխան շենք էր կառուցվել, որը ներկայում  անմխիթար վիճակում է և այսօր չի ծառայում իր նպատակին: Գյուղը չունի նաև մշակույթի տուն: Ներքին Հոռաթաղ մտնող նորեկի աչքին է զարնվում համայնքապետարանի երկհարկանի շենքի անմխիթար վիճակը: 1970-ականներին կառուցված տիպային շենքը ժամանակին ծառայել է որպես գրադարան և մշակույթի տուն` կինոդիտումների և այլ միջոցառումների համար հարմարեցված մեծ դահլիճով: Այն այսօր վերանորոգման կարիք ունի, սակայն  սեփական միջոցներով դա անհնարին է իրագործել:

Ըստ համայնքապետի` երբեմնի գյուղից հեռացած և արտերկրում բնակություն հաստատած հայրենակիցներից շատերն են ձեռք մեկնում, հանդես գալիս գյուղի շենացմանը նպաստող առաջարկություններով: Այժմ համայնքապետը մտահոգված է Արցախյան հերոսամարտի 26 հերոս նահատակների հուշահամալիրի վերականգնման խնդրով։

 

ԱՊՐԻԼԻՑ ՀԵՏՈ` 

ԱՎԵԼԻ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ

Ներքին Հոռաթաղը չի ընկճվել նաև 2016թ. ապրիլյան քառօրյայի ընթացքում` առաջին իսկ օրը ենթարկվելով արկակոծության: Դժբախտաբար, ապրիլյան պատերազմում գյուղը զոհ ունեցավ դիրքերում: Բազմաթիվ արհավիրքներ տեսած գյուղացիները դպրոցի նկուղային հարկը  ռմբապաստարանի էին վերածել: Առաջին իսկ արկերից հետո այստեղ են պատսպարվել ոչ միայն համայնքի, այլև շրջակա գյուղերի և շրջկենտրոնի շատ բնակիչներ: ՙՄեր համայնքի միաբանությունն ու պատվախնդրությունը երևաց հենց 2016-ի այդ  օրերին՚,- ասում է նախկինում զինվորական համայնքապետը:  Առաջին իսկ ժամերին դիրքերում էին զենք բռնելու ունակ բոլոր տղամարդիկ: Համայնքապետի 14 տարեկան որդին թաքուն հավաքել է ուսապարկն ու հասել դիրք` հոր մոտ, ավագը` 16 տարեկան, ընկերների հետ գյուղի մոտ գտնվող զորամասում արկ էր բեռնում:  Ըստ Ա. Մնացականյանի` գյուղից տեղահանված բնակչությունը մեկ մարդու պես վերադարձել է քառօրյա պատերազմից ընդամենը մի քանի օր անց, ընդ որում` վերադարձել է ավելի հաստատակամ, քան նախորդ պատերազմից հետո էր: Արկակոծության հետևանքով համայնքում ավելի քան մեկ տասնյակ տուն է վնասվել: Կառավարությունը հատկացրել է վերանորոգման համար  անհրաժեշտ շինանյութը: Այսօր էլ  շարունակվում է  սննդամթերքով գյուղացիներին օգնելու` ապրիլից սկսված ծրագիրը: 

 ԴՊՐՈՑԸ

Գյուղի միջնակարգ դպրոցը կրում է Արցախյան ազատամարտի առաջին նահատակներից մեկի՝  1991թ. Շահումյանի Կարաչինարում զոհված համագյուղացի  Գառնիկ Գրիգորյանի անունը: Տնօրեն Մելանյա Դավթյանի տեղեկատվությամբ` շենքը շահագործման է հանձնվել 2000թ.: Այն փաստորեն առաջին շենքն է, որը կառուցվել է գյուղն ազատագրվելուց հետո: Այսօր դպրոցում 149 աշակերտ է սովորում: 24 մանկավարժ է աշխատում դպրոցում, ներկայում որևէ առարկայի գծով մասնագետի պահանջ կրթօջախը չունի: Նույնիսկ երրորդ օտար լեզվի` ֆրանսերենի ուսուցումն են կարողացել ապահովել տեղացի նորավարտ երիտասարդ մասնագետի շնորհիվ:  Երկու համակարգչային կաբինետ ունի դպրոցը` 22 գործող համակարգիչներով, կա նաև գրադարան, լաբորատորիա, գրեթե բոլոր կաբինետները կահավորված են ըստ առարկաների: Կրթօջախում գործում են գրական-գեղարվեստական, սպորտային  խմբակներ: Հնարավորությունների սահմաններում արվում է ամեն ինչ՝ ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու համար, վստահեցնում է տնօրենը: Անցյալ տարի դպրոցական օլիմպիադաների հանրապետական փուլ են հասել 3 աշակերտ` աշխարհագրությունից և պատմությունից: Չնայած շենքն այնքան էլ հին չէ, այն այսօր արդեն վերանորոգման խիստ կարիք ունի,  և ընդգրկված  է  ցանկում:  ՙԴպրոցը չունի դահլիճ, ինչը կրկնակի խնդիր է գյուղում մշակույթի տան բացակայության հետ: Չնայած դրան, հաճախ ենք  միջոցառումներ կազմակերպում կաբինետներում կամ դպրոցի բակում, իհարկե, եթե եղանակը թույլ է տալիս՚,-նշում է Մ. Դավթյանը: Անմխիթար վիճակում է սպորտդահլիճը:  Շրջկենտրոնից մարզիչ է հրավիրվել, և դպրոցի սպորտդահլիճում արևելյան մարզաձևի գծով պարապմունքներ են ընթանում: Համայնքապետի շնորհիվ մարզաներքնակներ են ձեռքբերվել, արտերկրում ապրող հոռաթաղցիների միջոցներով` անհրաժեշտ մարզահագուստը, և արդյունքներն արդեն ակնառու են. գյուղի պատանիները վերջերս առաջնային տեղեր են գրավել հանրապետական մրցումներում: 

Ներքին Հոռաթաղի համայնքապետը մեզ հրաժեշտ է տալիս նույն լավատեսությամբ.  ՙԳյուղն ապրողն է շենացնում: Մեր հողում  խաղաղություն և միասնականություն լինի, մնացած բոլոր խնդիրները կհաղթահարվեն: Մինչև մենք չսովորենք իրար լսել ու հարգել՝ ոչնչի չենք հասնի: Մեր գյուղի զարգացումը հենց դրանով է պայմանավորված, համայնքապետ-ավագանի-բնակիչ հարաբերություններում կա վստահություն, հարգանք ու սեր: Մենք էլ մեր հերթին ամեն ինչ անում ենք այդ  միասնականությունն ամրապնդելու համար՚:

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ