[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՊԱՆ ԼԻՆԵԼԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՊԱՏԻՎ Է

 

 

 

ԱՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստը

 

Արդեն քանի տարի Նոյեմբերի 26-ը Արցախում նշվում է որպես Դատախազության աշխատողի մասնագիտական օր։ Տոնի այս հատկանշումը կապված է 1924թ. նոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի մարզային դատախազության ստեղծման հետ։ 

Մասնագիտական օրվա կապակցությամբ ԱՀ դատախազությունում տեղի ունեցած՝ կոլեգիայի հանդիսավոր նիստին մասնակցում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը։

Տոնի առթիվ համակարգի աշխատողներին առաջինը շնորհավորեց և խաղաղ ու ստեղծարար աշխատանք մաղթեց ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը։ 

Ինչ խոսք՝ մասնագիտական տոնը լավագույն առիթ է երեկվա, այսօրվա ու վաղվա հրամայականներն ի մի բերելու և վերաարժևորելու համար։ Անցած ավելի քան ինը տասնամյակի ընթացքում Արցախի դատախազությունը հագեցած ուղի է անցել, ինչը թույլ է տալիս վստահաբար խոսել ձեռքբերումները բազմապատկելու, երկրի պետականության ամրապնդմանը նպաստելու, Սահմանադրությամբ կառույցին վերապահված լիազորությունները պատշաճ կերպով իրականացնելու մասին։ Հանրապետության գլխավոր դատախազի խոսքով՝ համակարգի գործունեությունը միշտ էլ նպատակաուղղված է եղել օրենքի գերակայությունն ու քաղաքացիների օրինական շահերի պաշտպանությունն ապահովելուն։ Կառույցի գործունեության անկյունաքար են հանդիսանում նաև սկզբունքայնությունն ու արդարամտությունը։ ՙԱյս բոլորի համադրումը հանրապետությունում իրավակարգի ապահովման գրավականն է, և եթե վստահելով որպես օրինապահ մարմնի՝ քաղաքացիները դատախազություն են դիմում իրենց հուզող հարցերով, ապա մեր պարտքն է մասնագիտական բարձր մակարդակով լուծում տալ ծագած հարցերին։ Սա եղել է ու պիտի մնա մեր անփոփոխ գործելաոճը՚,- ասաց Ա. Մոսիյանը։

Տոնական օրը չխանգարեց  համակարգի ղեկավարին՝ ձեռքբերումներին զուգահեռ խոսել նաև անելիքների մասին։  Ըստ Ա. Մոսիյանի՝ խնդիր ունեն, մասնավորապես, քննության որակի բարելավման, դատական պրակտիկայի միասնական կիրառման և հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ։ Նշված և հարակից խնդիրների շուրջ պարբերաբար քննարկումներ են կազմակերպվում դատախազության կոլեգիայի նիստերի, օպերատիվ խորհրդակցությունների և տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ։ Ըստ ոլորտների՝ դատախազության բոլոր ստորաբաժանումներն էլ ստացել են համապատասխան հանձնարարականներ, և ստանձնած պարտականությունների անվերապահ կատարման անհրաժեշտությունը գիտակցելով՝ պետք է զուգահեռաբար ընդունել, որ դրանց հետևողական կենսագործումը նաև համակարգի հեղինակության հարցն է, ասաց կառույցի ղեկավարը։ 

Գլխավոր դատախազը հույս հայտնեց, որ համակարգի աշխատողները հետայսու ևս կշարունակեն իրականացնել իրենց առաքելությունը՝ ի նպաստ Արցախի Հանրապետությունում օրենքի  գերակայության և ժողովրդավարության ամրապնդման։    

Դատախազության մասնագիտական տոնի առթիվ համակարգի աշխատողներին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։ Միևնույն ժամանակ Նախագահի հրամանագրերով դատախազաքննչական մի խումբ աշխատողներ արժանացել են պետական պարգևների։ Համաձայն նշված հրամանագրերի՝ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար և դատախազության օրվա առիթով ՙՄխիթար Գոշ՚ մեդալով պարգևատրվեցին ԱՀ գլխավոր դատախազության կազմակերպավերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժնի պետ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարինա Սաֆարյանը, ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Արսեն Բարսեղյանը, Հադրութի շրջանի դատախազ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Գագիկ Իշխանյանը։ Պետական պարգևները հասցեատերերին հանձնեց Ա. Մոսիյանը։ 

Արցախցի գործընկերներին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Այն ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը։ Ուղերձում հայաստանյան գործընկեր կառույցի ղեկավարը մասնավորապես հավաստիացնում է, որ ՀՀ դատախազությունը նվիրումով և պատասխանատվության բարձր զգացումով  աջակցում և աջակցելու է Արցախի Հանրապետության դատախազությանը՝ լավագույնս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների, հանցավոր մյուս դրսևորումների դեմ պայքարում՝ հանուն հայոց պետականությունների հզորացման, ընդհանուր առաջընթացի և բարօրության։

Հիրավի, վերջին մի քանի տարիներին հայկական երկու հանրապետությունների դատախազությունների միջև համագործակցությունը նոր որակ է ձեռք բերել։ 

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ԱՀ գլխավոր դատախազ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Արթուր Մոսիյանը պարգևատրվեց ՀՀ դատախազության հուշամեդալով։ Համասեռ կառույցի հետ սերտ համագործակցության համար և Դատախազության օրվա կապակցությամբ ՙՀամագործակցության ամրապնդման համար՚ մեդալով պարգևատրվեցին Ստեփանակերտ քաղաքի դատախազ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Էրիկ Վերդյանը, Ասկերանի շրջանի դատախազ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Մհեր Աղաջանյանը։ ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ դատախազության կրծքանշանով պարգևատրվել են ԱՀ գլխավոր դատախազության դատախազ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Դավիթ Գաբրիելյանը, Հադրութի շրջանի դատախազության ավագ դատախազ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Արինա Մելքումյանը, Քաշաթաղի շրջանի դատախազության դատախազ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Իգոր Ալավերդյանը, նրանց հայտարարվել է շնորհակալություն։ Պարգևները հանձնեց  Արմեն Հարությունյանը։

Դատախազության աշխատողներին շնորհավորանքի ու բարեմաղթանքի ուղերձներ են հղել նաև ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, ԱՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը, ԱՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը։ Ուժային կառույցների ղեկավարների շնորհավորանքի խոսքերն ու նրանց հրամանները  գլխավոր դատախազության մի խումբ աշխատողների պարգևատրելու մասին ներկայացրեց Իրինա Մուսայելյանը։ 

Մասնագիտական տոնի առթիվ անակնկալներ ուներ նաև ԱՀ գլխավոր դատախազը. նրա հրամանով համակարգի մի խումբ աշխատողներ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար արժանացան պարգևների, պատվավոր կոչումների և խրախուսանքի։  Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով դատախազության աշխատակազմը խրախուսվեց դրամական պարգևով։

Գործընկերներին ուղղված եզրափակիչ խոսքում Ա. Մոսիյանն ասաց. ՙԼավ աշխատանքը, հիրավի, պետք է գնահատվի արժանվույն։ Ինչպես տեսնում եք՝ թե՜ Արցախի իշխանությունների, թե՜ դատախազության ղեկավարության, և թե՜ գործընկեր կառույցների կողմից չի անտեսվում բարեխղճությունը։ Իրավական պետության մեջ օրենքի պահապան լինելը յուրահատուկ պատիվ է։ Համոզված եմ՝ ձեզանից յուրաքանչյուրն այսուհետ ևս պատվի ու պատասխանատվության գիտակցումով է մոտենալու իր ամենօրյա աշխատանքին՚։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ