[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՐԺԱՆԱՎՈՐ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Հայրենասիրությունը զավակին է փոխանցվում ծնողական գեներով: Դրա վառ օրինակ են Ստեփանակերտի հին բնակիչներից մեկի` Միքայել Ավանեսի Սարգսյանի ու նրա որդի Հրանտ Սարգսյանի` հայրենիքին մատուցած ծառայությունները։ 

 Միքայել Սարգսյանը ծնվել է 1922թ. Ստեփանակերտում, հայրը շինարար էր մարզային շինվարչությունում։ 1929-1939թթ. նա ընդունվել և ավարտել էր Ստեփանակերտի հ. 2 միջնակարգ դպրոցը։ Առաջադեմ աշակերտ էր, երազում էր շարունակել ուսումը, սակայն ընտանեկան հոգսերը թեթևացնելու համար մտնում է աշխատանքի նույն շինվարչությունում` որպես բանվոր։ Հայրենական մեծ պատերազմն սկսվելու առաջին իսկ օրերին Մ. Սարգսյանը ներկայանում է մարզային զինվորական կոմիսարիատ և զինվորագրվում հայրենիքի պաշտպանության գործին։ Ծառայությունն սկսվում է Գրոզնի քաղաքում տեղաբաշխված ուսումնական գնդում, որտեղ նա կարճ ժամանակաշրջանում յուրացնում է կապավորի մասնագիտությունը: Ապա իր իսկ խնդրանքով ուղեգրով փոխադրվում է Հայկական 89-րդ դիվիզիան, որի հրամանատարությունը, ստուգելով նրա գիտելիքները, նշանակում է ավագ կապավոր հենց դիվիզիայում։ Մ. Սարգսյանը երկար փորձություններով լի մարտական ուղի է անցել: Մարտական մկրտությունն ստացել է Թամանյան թերակզղու համար ծավալված թեժ մարտերում։ Զորամիավորումն այդ փայլուն ռազմագործողության համար վերանվանվել է ՙ89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի՚: Դիվիզիան գերմանաֆաշիստական զավթիչներից ազատագրեց Մոզդոկը, Վարշավան, Կերչը, հասավ մինչև Բեռլին։ Բոլոր նշված մարտական գործողությունների ակտիվ մասնակիցներից մեկն էլ հենց ղարաբաղցի Միքայելն էր։ Երբ անհրաժեշտ էր, նա կապավոր էր, իսկ երբ կապն ապահով էր, ընկերների հետ առաջնագծում էր։ Մ. Սարգսյանի հայրենանվեր ծառայությունը հրամանատարության կողմից գնահատվեց արժանվույնս. նա պարգևատրվել է Կարմիր աստղ, Հայրենական մեծ պատերազմի առաջին, երկրորդ աստիճանի շքանշաններով և մեդալներով։ Զորացրվելով Կարմիր  բանակի շարքերից` Մ. Սարգսյանը 1947թ. վերադարձավ հայրենիք, նույն տարվա հոկտեմբերին աշխատանքի մտավ Ստեփանակերտի կաթի կոմբինատում` որպես բանվոր։ Կոմբինատում նա աչքի է ընկնում իր բարեխիղճ աշխատանքով և օրինակելի կարգապահությամբ: Դա նկատելով, ձեռնարկության ղեկավարությունը նրան` որպես երիտասարդ և հեռանկարային  կադրի, նշանակում է արտադրամասի վարպետի օգնական, իսկ որոշ ժամանակ անց` արտադրամասի վարպետ: Այդ պաշտոնում երեսունհինգ տարի աշխատելով, Մ. Սարգսյանը 1980թ. անցնում է թոշակի։ Նա իր մահկանացուն կնքեց 2012 թվականին, երբ բոլորել էր իր կյանքի 90 տարին` թողնելով բարի անուն ու հիշատակ։ Իր չորս զավակներին նա տվել էր հայրենասիրական դաստիարակություն, որոնցից 2-րդը` Հրանտոն, հենց նրա կրկնօրինակն էր` բնավորությամբ, հայրենասիրությամբ, ազնվությամբ։ Հրանտոն դեռևս դպրոցական տարիներից ակտիվորեն զբաղվում էր սպորտով, մասնակցում ինչպես դպրոցում, այնպես էլ քաղաքում կազմակերպվող վոլեյբոլի, բասկետբոլի, թեթև աթլետիկայի մրցումներին, բայց բոլորից առավել ըմբշտամարտն էր սիրում։ Նրա մարզիչն ըմբշտամարտի վարպետ Ա. Ղազարյանն էր։ Հրանտոն տասնչորս տարեկանից սկսում է մասնակցել պատանի ըմբշամարտիկների մրցումներին, ինչպես մարզում, այնպես էլ Բաքվում, երեք անգամ իր քաշային կարգում հանրապետությունում գրավում առաջին տեղը։ Սպորտի քաղաքային կոմիտեի երաշխավորությամբ Հրանտոն 1985 թվականից աշխատում էր որպես ըմբշտամարտի մարզիչ քաղաքային սպորտդպրոցում և ՙԴինամո՚ հասարակական կազմակերպությունում։ ՙԴինամոյի՚ նախկին ղեկավար, այժմ թոշակառու փոխգնդապետ Բ. Ղարայանը Հրանտոյի մասին զրույցում շեշտեց, որ նա շատ ջանասեր և պատասխանատու մարզիչ էր։ 1988թ. փետրվարից Հ. Սարգսյանը նվիրվում է Արցախյան շարժմանը: 1989 թվականին, երբ ամենուրեք կամավորական ինքնապաշպանական ջոկատներ էին  կազմավորվում, նա ևս ձեռնամուխ է լինում այդ գործին` ընկերներից և ծանոթներից ձևավորելով իր ջոկատը, որի հրամանատար է ընտրվում հենց ինքը: Ջոկատի առաջին առաջադրանքը հերթապահությունն էր Կրկժանում, Հասանաբադում, նախկին Սաբիր փողոցն ընդգրկող թաղամասում, Խանեն բաղ կոչվող բնակավայրում: Ջոկատին շուտով տրվեց ավելի պատասխանատու և կարևոր խնդիր` ամեն կերպ խափանել Աղդամ-Շուշի ճանապարհով գնացող ավտոմեքենաների երթևեկությունը, քանի որ թուրք-ազերիներն Աղդամից շարունակ զենք-զինամթերք էին տեղափոխում Շուշի և այնտեղից գնդակոծում մարզկենտրոնը: Ջոկատը զինված էր ինքնաշեն նռնակներով, որսորդական հրացաններով։ Նրանք որոշ ժամանակ  կարողանում են կտրել ազերիների կապը Շուշիի հետ, բայց Սաֆոնովի ջանքերով մի քանի օրից հետո  ճանապարհը կրկին գործում էր, սակայն ոչ ակտիվ, ինչպես նախկինում։ 1989թ. հունվար-փետրվար ամիսներին ջոկատը մասնակցում է Կրկժանի ազերական հենակետերը ոչնչացնելու համար ծավալված ռազմագործողություններին: 1989թ. դեկտեմբերին Հ. Սարգսյանն իր ջոկատի ազատամարտիկներից մեկի` Արարատի հետ միանում է Արցախյան շարժման ակտիվիստ Ռազմիկ Պետրոսյանի ջոկատին: Թվով քառասուն ազատամարտիկներ մեկնում են Շահումյանի շրջան և մասնակցում շրջանի հայկական Մանաշիդ գյուղի պաշտպանությանը։ ՙՀրանտոն քաջ, հայրենասեր ազատամարտիկ էր՚,- ասում է Ռազմիկ Պետրոսյանը։ 1992թ. փետրվարին Հ. Սարգսյանը ստանալով հերթական առաջադրանքը, օգտագործելով իր վաղեմի ծանոթությունը 366-րդ գնդի գումարտակներից մեկի հրամանատարի հետ, խնդրում է նրան աջակցել Մալիբեկլիի կրակակետերի վերացման գործում։ Օգնությունը չի ուշանում: Այնուհետև ջոկատի տղաներից մի խումբ` Հրանտոյի գլխավորությամբ, մասնակցում է  Ջանհասան և Քյոսալար գյուղերի ազատագրական մարտերին, որի ժամանակ հերոսաբար զոհվում է ջոկատի ազատամարտիկ, ըմբշամարտի վարպետ Ալեքսանդր Առուստամյանը` Հրանտոյի մտերիմ ընկերներից մեկը։ 1992թ. հունիսի 4-ին, Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի ազատագրման համար ծավալված ռազմագործողության ժամանակ, Հրանտոն ծանր վիրավորվում է թշնամու հրետակոծությունից. անգիտակից վիճակում նրան  տեղափոխում են Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո նա ներկայանում է Ինքնապաշտպանական կոմիտեի հրամանատարությանը` ծառայությունը շարունակելու համար։ 1993թ. հունվարի 26-ին Ինքնապաշտպանական կոմիտեի նախագահի հրամանով, նա նշանակվում է հետախույզների պատրաստման ուսումնական կենտրոնի հրամանատարի պաշտոնում։ Նույն թվականի սեպտեմբերի 14-ին ԼՂՀ  ՊԲ հրամանատարի հրամանով նա վերահաստատվում է նույն հաստիքում, նրան շնորհվում է կապիտանի զինվորական կոչում։ Որպես ուսումնական կենտրոնի հրամանատար` նա մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իրեն վստահված գործին` քաջ գիտակցելով, որ լավ հետախույզներ պետք են բոլոր պաշտպանական շրջաններին։ 1993թ. դեկտեմբերին առողջության վատթարացման պատճառով մեկնում է Երևան, հետագայում երկարամյա բուժման նպատակով հաստատվում  Ռուսաստանում: Նա իր հայրենասիրությունը կրկին ապացուցեց 2016թ.-ին՝ ապրիլյան լարված օրերին, երբ ադրբեջանական կողմը, անցնելով լայնածավալ հարձակողական գործողությունների,  ցանկանում էր կրկին տիրանալ Արցախին։ Հրանտոն՝ լինելով յոթ թոռների պապ՝ իր խնայողությունները որոշում է օգտագործել հանուն հայրենիքի, իսկույն գնում է ՈՒԱԶ-21891 մակնիշի մարդատար մեքենա, այն բեռնում պահածոներով, ծխախոտով, քաղցրավենիքով, անձրևանոցներով և  գալիս Հայենիք: Տեղ հասնելուն պես իսկույն մեկնում է Մարտակերտի պաշտպանական շրջանի դիրքերը, ուղեբեռն անձամբ բաժանում մեր դիրքապահներին: Վերադառնալով Ստեփանակերտ և ներկայանալով  ԼՂՀ  պաշտպանության նախարարություն` նա նշված ավտոմեքենան  նվիրում է Պաշտպանության բանակին։ 

Հրանտ Սարգսյանը 2012թ.-ից ՀՀ հայ-կազակական միջազգային ուժերի միավորման հրամանատարի կողմից նշանակվել է գլխավոր ներկայացուցիչ ՌԴ-ում կազակական` գեներալ-մայորի կոչումով։ Հայրենիքին մատուցած ծառայությունների և խաղաղարար գործունեության համար Հ. Սարգսյանը պարգևատրվել է Շուշիի ազատագրման  20-ամյակի մեդալով, 2014թ.  հունվարին` նախկին խորհրդային 366-րդ գնդի Մազուրյան Կարմիր Դրոշի հուշամեդալով, խաղաղարար գործունեության համար` Ռուսաստանի Դաշնությունում ՙԴելտա՚ հատուկ ջոկատների միության կողմից։ 

Հայր ու որդի Սարգսյանների կատարածը հայրենասիրության վառ օրինակ է ինչպես ներկա, այնպես էլ գալիք սերունդների համար։ 

Վագիֆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ