[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ` ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Հաշմանդամների միջազգային օրը  հռչակվել է 1992 թվականին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը սևեռել այդ կատեգորիայի քաղաքացիների խնդիրների վրա, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ։ Աշխատանք, տրանսպորտից օգտվելու հնարավորություն, մատչելի միջավայր, ապահովվածություն, խնդիրներ, որոնց ամեն օր բախվում են հաշմանդամները։ 

 

-Միանշանակ այդ խնդիրները գտնվում են ԱՀ կառավարության  ուշադրության կենտրոնում։ Բոլոր տոնական, հիշարժան օրերին մեր հաշմանդամներն օգտվում են պետական աջակցության ծրագրերից,- ասում է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Նոննա Գասպարյանը՝ նշելով, որ նրանց վերականգնմանն ուղղված միջոցառումներն արդյունավետ կազմակերպելու, վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ) հասանելիությունն ապահովելու նպատակով ծառայությունն օգտվում է ՙՓյունիկ՚ տեղեկատվական համակարգից։

Հաշմանդամների առողջության վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան՝ շրջանի առաջին խմբի 9 հաշմանդամի տրամադրվել է թիկնասայլակ, իսկ 3 հաշմանդամ ուղեգրվել է Հայաստանի Հանրապետություն՝ աչքի պրոթեզավորման համար։

2017 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է 1-ին, 2-րդ խմբերի զինվորական հաշմանդամների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության ծրագիրը։ Այդ ծրագրից օգտվում է շրջանի 176 զինվորական հաշմանդամ։ Աջակցությունը տրամադրվում է հաշմանդամի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով` ամսական 60 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի և 10 խորանարդ մետր բնական գազի, իսկ չգազիֆիկացված բնակավայրերում` ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով ամսական 78 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի չափով։

Մայիս-հոկտեմբեր ամիսներին, սահմանված ընթացակարգի համաձայն, առողջարանային ուղեգրերից օգտվել են 14 զինվորական, 22 ընդհանուր հիվանդության, մանկուց 2 հաշմանդամ։

Նույն մայիսին 349 զինվորական հաշմանդամներ օգտվել են ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից տրամադրված նյութական օգնությունից (սննդամթերք)։

Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամության կարգավիճակ ստացած 6 զինծառայողի (որից 2-ը՝ 2-րդ խումբ, 4-ը՝ 3-րդ խումբ) տրամադրվել է ապահովագրական գումար, որի ընդհանուր գումարը կազմել է 2 մլն դրամ։

6 հաշմանդամ զինծառայողների մահվան կապակցությամբ յուրաքանչյուրի ընտանիքի տրամադրվել է 1.400.000- դրամ գումար՝ գերեզմանի բարեկարգման ծախսերի փոխհատուցման նպատակով։

Ընդհանուր հիվանդության հաշմանդամները ստանում են ամենամսյա դրամական օգնություն։

Նշենք, որ 2017թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ շրջանում առկա է 349 հաշմանդամ, ովքեր ստանում են ամենամսյա զինվորական թոշակ, և  մանկուց 55 հաշմանդամ, ովքեր ստանում են ամենամսյա պետական նպաստ։ 

Վերջին տարիներին ոլորտում պետական լուրջ ներդրումներ են կատարվում, կյանքի են կոչվում նոր ծրագրեր, սակայն այստեղ դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան։           

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի