Logo
Print this page

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

ԱՀ առողջապահության նախարարության Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտի պատկերասրահում բացվեց ցուցահանդես` նվիրված հաշմանդամների   միջազգային օրվան։

Ընդհանրապես, Վերականգնողական կենտրոնում բուժում են ստանում շուրջ հազար հոգի։ Ցուցահանդեսում ներկայացվել են սահմանափակ կարողություններով անձանց բուժման գործընթացներին վերաբերող 130 ֆոտոլուսանկար, ինչպես նաև ձեռքի տարբեր աշխատանքներ։ Ցուցահանդեսը կտևի 10 օր։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Իսրայելյանը, ոլորտին առնչվող մասնագետներ։ 

Վերջին տարիներին Վերականգնողական կենտրոնը տարբեր ծրագրեր է իրականացնում սահմանափակ կարողություններով անձանց ոչ միայն բուժման, այլև ինտեգրման համար։ Ցուցադրված լուսանկարներն էլ հենց արտացոլում են այդ աշխատանքները։ Կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի պարզաբանմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ամբողջ աշխարհում խոցելի են, սակայն տարբեր երկրներում հարցին տարբեր մակարդակներով են մոտենում։ ԱՀ-ում  գործող Վերականգնողական կենտրոնի հնարավորությունները, ցավոք, սահմանափակ են, այսինքն՝ այստեղ բուժում կարող են ստանալ մինչև հազար հոգի, և հաշմանդամները 2-3 ամիս առաջ են հերթագրվում։ Բացի դրանից, վերականգնողական բուժման կազմակերպման կարիք կա հանրապետության բոլոր շրջաններում։ Այդ առումով վերջին 2 տարիներին առողջապահության նախարարի աջակցությամբ Հադրութի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում աշխատում են անհրաժեշտ մասնագետներ։ ՙՄենք լրիվությամբ չենք կարողանում բոլոր հարցերը լուծել, բայց տարեցտարի ավելի շատ մարդկանց ենք ներգրավում վերականգնողական բուժման գործընթացն ապահովող ծրագրերին, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն բուժել, այլև ապահովել հաշմանդամների ինտեգրումը,-նշեց Վ. Թադևոսյանը:- Վերականգնողական կենտրոնն արդեն 19 տարեկան է, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ունենանք լավ մասնագետներ։ Ուստի պարբերաբար ՀՀ-ից և արտերկրից  մասնագետներ ենք հրավիրում համապատասխան աշխատանքներ տանելու համար։ Իսկ բարոնուհի Ք. Քոքսն էլ իր հերթին` ամեն տարի այցելելով Կենտրոն, անում է հնարավոր ամեն ինչ մեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար՚։ 

Բացի վերականգնողական աշխատանքներից, Կենտրոնը բուժվողների համար պարբերաբար կազմակերպում է ժամանցային ծրագրեր, մասնավորապես` այցելություններ Արցախի և Հայաստանի տարբեր հանրային և պատմամշակութային վայրեր՝ ապահովելով հաճելի ու անմոռաց պահեր։ Ցուցահանդեսին առանձին-առանձին ներկայացված են այդ այցելությունների և մյուս ծրագրերի մասին պատմող լուսանկարներ։ Բացի դրանից, արդեն  6-7 ամիս է, ինչ Կենտրոնում բացվել է աուտիզմի խնդիրներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և բուժման բաժանմունք։ Վերականգնողական կենտրոնը միակ հաստատությունն է  Արցախում, որը բազմապրոֆիլ մասնագիտական աշխատանք է տանում նման խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Այստեղ բուժվում և խնամք է ստանում 2-16 տարեկան 48 երեխա։ Բուժումը տևում է 4 ամիս։ Բաժանմունքում զբաղվում են ոչ միայն երեխաների բուժմամբ, այլև ծնողներին խնդրի առնչությամբ իրազեկելու հարցով։ Ծրագիրը կյանքի է կոչվել ԱՀ առողջապահության նախարարության,  ՙՀովարդ Կարագյոզյան՚ բժշկական բարեգործական կազմակերպության, ՙՋինիշյան՚ հիմնադրամի աջակցությամբ։ Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման մասնագիտացված կենտրոնի աշխատանքների մասին նույնպես պատմում են ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները։ Վ. Թադևոսյանի տեղեկատվությամբ՝ բավականին աշխատանքներ են իրականացվում հաշմանդամների շրջանում ֆինանսական ոչ մեծ ներդրումներ պահանջող մարզաձևերը զարգացնելու համար։ Համագործակցելով ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ, Կենտրոնն ամեն տարի կազմակերպում է բոչայի մրցաշարեր, որի շրջանակներում սահմանափակ կարողություններով անձինք հնարավորություն են ունենում մասնակցել ՀՀ-ում կազմակերպվող այդ մրցաշարերին։ Իսկ ձեռքի աշխատանքների թերապիան նպաստում է հաշմանդամների վերին վերջույթների, ինչպես նաև հոգևոր և ֆիզիկական հնարավորությունների զարգացմանը և, արվեստի որոշ ճյուղերին ծանոթանալով, նրանք փորձում են այդ գործերը շարունակել նաև տանը։ Կենտրոնի թերապիաներից է նաև նեյրոզարգացողական բուժումը, որի շնորհիվ հատուկ մեթոդով  ֆիզիոթերապիստը երեխայի թույլ մկաններն ուժեղացնում է, շարժում հոդերը, ձգում կարճ մկանները։ Ֆիզիոթերապիայի բուժումն արդեն թիմային աշխատանք է, որն ուղղված է բուժվողի ֆիզիկական, ֆունկցիոնալ, հոգեբանական, մտավոր, սոցիալական հնարավոր վերականգնմանը։ 

Կենտրոնում զբաղվում են նաև կավագործությամբ, կերպարվեստով և ձեռքի այլ աշխատանքներով։ Սահմանափակ կարողություններով անձանց հետ աշխատում են նաև հոգեբաններ, լոգոպեդներ, էրգոթերապիստներ, հատուկ մանկավարժներ, այլ մասնագետներ։  Վերականգնողական կենտրոնն ունի ընդամենը 21 մահճակալ, և նման սահմանափակ հնարավորությունները թույլ չեն տալիս բուժմանը ներգրավել ավելի շատ հաշմանդամների։ ՙՀուսով եմ, որ մոտ ապագայում մեր երկիրը հնարավորություն կունենա կառուցել նոր վերականգնողական կենտրոն, և մենք այլևս նման խնդիրներ չենք ունենա ու բոլոր կարիքավորները կստանան անհրաժեշտ մասնագիտական օգնություն՚,-հավելեց Վ. Թադևոսյանը։ 

Դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ ԱՀ-ում գրանցված է 8900 հաշմանդամ, որից 480-ը մինչև 18 տարեկան երեխաներն են։ Ս. Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում սամանափակ կարողություններով անձանց խնդիրներն ինչ-որ ձևով լուծելու համար։ Տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, լսողական սարքեր, առողջարանային ուղեգրեր, որոնց զուգահեռ գործում են զբաղվածության խնդիրների լուծման և հասարակություն ինտեգրվելու այլ ծրագրեր։ Այդ առումով Ս. Իսրայելյանը կարևորեց Կենտրոնի մեծ ներդրումը։ Պետության կողմից շարունակվելու են իրականացվել հաշմանդամների իրավունքների և սոցիալական խնդիրների լուծմանը նպաստող գործող ծրագրերը։ Իսկ 2018թ. Մարտունի քաղաքում նախատեսվում է բացել հաշմանդամների խնամքի կենտրոն։ Նախահաշվարկային փաստաթղթերն արդեն ձևակերպված են և ներկայացված համապատասխան մարմիններին։ Մեր զրուցակցի պարզաբանմամբ՝ այդ կենտրոնում պետության կողմից ստացիոնար խնամք ստանալու հնարավորություն կունենան կյանքի ծանր պայմաններում հայտնված և միայնակ հաշմանդամները, ովքեր զրկվել են հարազատների խնամքից։ Այս և նման ծրագրերով պետությունը կփորձի աջակցել սահմանափակ կարողություններով անձանց որոշ հիմնախնդիրների լուծմանը։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.