Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՙՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ՉԱՇԽԱՏՈՂ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ՚ ՆԱԽԱԳԾԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Շուրջ մեկ տարի առաջ Ստեփանակերտի մամուլի ակումբի կողմից մեկնարկեց քաղաքացիական լրագրության և հասարակական ակտիվության հիմունքների ուսուցման ծրագիր չաշխատող կանանց համար։ 2016 թվականի նոյեմբերին մրցութային կարգով ընտրվել են 25-55 տարեկան 10 կին, ովքեր ամիսը 2 անգամ կազմակերպվող մեկօրյա թրենինգների միջոցով անցել են 10 ամսվա ուսումնական դասընթաց։

Ծրագրի ավարտի կապակցությամբ հրատարակվել էր ՙՔաղաքացիական լրագրություն՝ չաշխատող կանանց համար՚ գրքույկը, որի շնորհանդեսը կազմակերպվեց օրերս՝ Ստեփանակերտի ՙԱրմենիա՚  հյուրանոցի կոնֆերենց-դահլիճում։ Դրան զուգահեռ, վկայականներ հանձնվեցին նշյալ ծրագրի բոլոր մասնակիցներին։

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ եթե մինչև հիմա իրականացնում էին տարբեր նախագծեր` միտված պրոֆեսիոնալ լրագրողների հմտությունների կատարելագործմանը, ապա այս նախագիծը սկզբունքորեն տարբերվում է մյուսներից, այն նպատակաուղղված էր քաղաքացիական լրագրության ոլորտի զարգացմանը: Միջոցառման ժամանակ Գ. Բաղդասարյանը խոսեց ներկայիս տեղեկատվական դաշտի վիճակից և հույս հայտնեց, որ նախագիծը քաղաքացիական լրագրության ոլորտում լուրջ առաջընթաց կարձանագրի։ Մեկ տարի առաջ մեկնարկած ծրագրի առաջին փուլի ավարտին կյանքի կոչվեց նաև երկրորդ փուլը, որին ընդգրկվել են նոր մասնակիցներ և ովքեր էլ դեկտեմբերի 1-ին մասնակցեցին առաջին դասընթացին։ Թե՜ առաջին և թե՜ երկրորդ խմբի մասնակիցները ծանոթացան հրատարակված գրքույկին. այդտեղ ամփոփված են առաջին խմբի մասնակիցների մեկական հոդվածները։ Նրանց առաջադրվել էր լուսաբանել մեր կյանքի խնդրահարույց թեմաները, արծարծել հանրային հնչողություն ունեցող հարցեր։ Հեղինակները պրոֆեսիոնալ լրագրությունից հեռու մարդիկ էին, և ընթերցողի դատին է հանձնվել նրանց աշխատանքի երեխայրիքը։ Գ. Բաղդասարյանի խոսքով՝ խմբի մասնակիցները լրագրող կդառնան, թե ոչ, դժվար է ասել, բայց այն, որ նրանք լինելու են իրազեկ ու գիտակից քաղաքացիներ, դրանում կասկած անգամ չկա, ինչն էլ կարևոր է քաղաքակիրթ պետության համար։ Իսկ լրագրությունն այն եզակի մասնագիտություններից է, որ ամենօրյա քրտնաջան աշխատանք ու զարգացում է պահանջում։ 

Ծրագրի ուսուցմանը ներգրավվածները ճանաչված մասնագետներ են ԼՂՀ¬ից և ՀՀ¬ից, իսկ ընդհանուր աշխատանքները համակարգեց Ալբերտ Ոսկանյանը, ում շնորհիվ ապահովվեց նախագծի իրագործումը։ Առաջին խմբի դասընթացի թեմաներն առնչվում էին ոչ միայն լրագրությանը, որովհետև դա մեծ ջանքեր ու միջոցներ էր պահանջում, այլև ավելի նեղ ուղղվածության խնդիրներին, որպեսզի մասնակիցները, դառնալով ակտիվ և իրազեկ քաղաքացիներ, տիրապետեն նաև տեղեկատվություն հայթայթելու և դրանք տարածելու հմտություններին։ Մարզիչները սովորեցրին նրանց տիրապետել սոցիալական մեդիայի տարրական հմտություններին ու կարողություններին։ Այդ ընթացքում Ստեփանակերտի մամուլի ակումբը նպաստել է տարբեր լրատվամիջոցների ու հաստատությունների հետ կապերի ստեղծմանը, հասարակական¬քաղաքական դաշտի երևելի մարդկանց հետ հանդիպումների, բանավեճերի ու քննարկումների կազմակերպմանը։ Ա. Ոսկանյանը` որպես ծրագիրը համակարգող, հանդիպման ընթացքում պատմեց առաջին խմբի հետ տարված աշխատանքների առանձնահատկությունների և բարդությունների մասին։ Նրա համար հաճելի էր վերջում արձանագրել, որ մասնակիցներն արդեն նյութեր են հղում տարբեր լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում և միջազգային էլեկտրոնային հարթակներում բացել են իրենց բլոգները։ Թրենինգների թեմաներն առնչվում էին նաև գենդերային հարցերին, մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնակիցների աշխարհայացքի ընդլայնմանը։ Ընդհանուր առմամբ, մարզիչներն ու մասնակիցները գոհ էին արդյունքներից և հույս հայտնեցին, որ կշարունակեն համագործակցել, կապ պահել և երկուստեք նկատի առնել արված առաջարկությունները, դիտարկումները՝ ծրագրի հերթական փուլերն իրականացնելու համար։ 

Դասընթացի մարզիչ Մեսրոպ Հարությունյանը, կիսվելով իր դիտարկումներով ու տպավորություններով, նախ շնորհավորեց առաջին խմբի մասնակիցներին` ծրագիրն ավարտելու, այնուհետև երկրորդ խմբի անդամներին՝ նոր նախագծում ընդգրկվելու կապակցությամբ։ 

Ծրագրի շրջանակներում դասընթաց էր վարել ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով՝ նախագիծը կազմակերպվեց հետաքրքիր ձևաչափով, և հույս հայտնեց, որ մասնակիցները չեն խզի իրենց կապը մարզիչների հետ։ Դրան զուգահեռ օմբուդսմենը մասնակիցներին հորդորեց լինել ավելի ակտիվ բազմաթիվ հարցերի քննարկումների ժամանակ, տեղեկացված` երկրի իրադարձություններին։ Իր հերթին նա պատրաստակամություն հայտնեց  համագործակցել տարբեր ձևաչափերով։ 

Հանդիպման ընթացքում իրենց բարեմաղթանքները հղեցին դասընթացի մարզիչներ Աշոտ Բեգլարյանը, Հայկ Խանումյանը, ուրիշներ, ովքեր հույս հայտնեցին, որ նույնիսկ եթե մասնակիցները լրագրողներ չեն դառնալու, սակայն կյանքի որոշակի փորձ արդեն ստացել են։ 

Մեկնարկած երկրորդ փուլի դասընթացները քիչ¬ինչ տարբերվելու են նախորդից։ Եթե առաջին խմբի համար ամեն ամիս անց է կացվել երկու թրենինգ, ապա երկրորդ խմբի համար նախատեսված է մեկ թրենինգ և երկրորդի փոխարեն մարզիչը կազմակերպելու է քննարկում կամ մամուլի ասուլիս, որի ժամանակ կհրավիրվեն տվյալ ոլորտի ներկայացուցիչներ, և խմբի անդամներն էլ հնարավորություն կունենան հարցադրումներ անել, ինչպես նաև լուսաբանել ասուլիսը։ Առաջին խմբի մասնակիցները ժամանակ առ ժամանակ նույնպես կներգրավվեն երկրորդ խմբի դասընթացներին՝ փորձելով համատեղ պահել քաղաքացիական ակտիվությունը։ Բացի դրանից, նախատեսված է որոշակի գումար լուսաբանված նյութերի հոնորարի համար։ Ծրագրի կազմակերպիչները կընտրեն երեք լավագույն նյութերը և կխրախուսեն հոնորարով։ Նախատեսվում է հրատարակել թերթ, որտեղ կտպագրվեն մասնակիցների նյութերը։ Այնպես որ, առաջին խմբի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու շարունակական ծրագրի միջոցառումներին։ 

Առաջին խմբի ներկայացուցիչ Նարինե Աղալյանը շեշտեց, որ լինելով մասնագիտությամբ քաղաքագետ, չէր կարողանում գտնել իր տեղն ու դերը, և ունեցած գիտելիքներն օգտագործել կյանքում։ Ծրագրի շնորհիվ նա մասնակցեց միջազգային քաղաքագիտական նախագծերի, ինչը նոր փուլ բացեց մասնագիտական զարգացման գործում։ 

Ինչպես շեշտեցին նախագծի կազմակերպիչները, այս ամենի նպատակն էր լինել օգտակար տարբեր մասնագիտությունների տեր չաշխատող կանանց, որպեսզի նրանք վստահեն իրենց ուժերին և պարզապես գտնեն իրենց տեղը որևիցե ոլորտում, լինեն երջանիկ անձնական կյանքում։  

 

;

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ