ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԽՆԱՊԱՏՈՒՄ
Երբ մշուշված են աչքերդ, երբ փոթորկված է հոգիդ, երբ գոռալ ես ուզում անզորությունից և միայնակ ու անօգնականես, հանկարծ մի լույս է առկայծում, բորբոքում մարած կրակը, քնից արթնացնում հույսը ու բոցավառում խամրած աչքերը:
Գրեթե մեկ տարի առաջ նման հակասական ապրումների մեջ էր Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի մի ընտանիք: 2016թ. օգոստոսի մեկին փլատակների է վերածվում (նախորդ օրը երկրաշարժից խարխլվել էր) Խնապատ համայնքի բնակիչ Արամ (Չերքեզ) Մելքումյանի տունը: Աստծո կամոք տան անդամները կարողանում են դուրս պրծնել և փրկվել վերահաս վտանգից: Չնայած նրանք ֆիզիկապես որևէ վնաս չէին կրել, սակայն օթևանը կորցնելու մեծագույն ցավը խորն էր: Տեղավորվելով տան մի անկյունում` տխուր իրականությունից անզորացած, բայց հավատը չկորցնելով ապրում էին:
Արամ Մելքումյանը պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է: Մասնակցել է Արցախյան գոյապայքարին, իր ավանդն ունի այդ սուրբ գործում, և 40 ու ավելի տարիներ աշխատել է Ասկերանի ՙԲերդ՚ համույթում, նաև երջանկահիշատակ Աշոտ Բաբայանի համույթում` որպես դուդուկ, շվի, զուռնա նվագող:
Մեր կառավարությունը գնահատեց նրա վաստակը և օգնության ձեռք մեկնեց կյանքի օրհասական պահին:
2016թ. նոյեմբերից սկսվեցին նոր տան շինարարական աշխատանքները, և 2017թ. նոյեմբերին ավարտվեցին դրանք` արդյունքում տուժած ընտանիքին նվիրելով հրաշալի բնակարան: Այն կառուցված է արդի բոլոր պայմաններին համապատասխան` հյուրասրահով, երկու ննջասենյակով, խոհանոցով և սանհանգույցով: Ստեղծված են բոլոր հարմարությունները` բնակարանը լիարժեք վայելելու համար:
Խորին երախտագիտություն ենք հայտնում մեծարգո Նախագահ Բակո Սահակյանին, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին, բոլոր այն մարդկանց, ովքեր օժանդակեցին այս կարևոր գործին: Սա աներևակայելի մեծ ուրախություն է, ուրախություն, որը բառերով դժվար է փոխանցել:
Ես` որպես այդ ընտանիքի դուստր, իմ և ընտանիքիս անունից դարձյալ ուզում եմ շնորհակալություն հայտնել նման նախաձեռնության և այն կյանքի կոչելու համար:
Նոր կառուցված բնակարանը նոր կյանքի սկիզբ է` գունավոր, ուրախ: Թող Արցախ աշխարհում խաղաղ լինի երկինքը, բոլոր մարդիկ անվրդով ապրեն իրենց տներում և թող դեռ երկա՛ր ու երկար տարիներ այս հրաշալի բնակարանից հնչեն մանկանց աշխույժ ճռվողյունն ու ուրախության ելևէջները:
Անահիտ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ