Logo
Print this page

ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԸ` ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

Ասում են` երջանիկ է այն մարդը, ով մինչև կյանքի վերջը մի քիչ երեխա է մնում։ Մանկությանն ուղեկցող երևույթները, թերևս, ամենատպավորիչն են։

 Կանդրադառնամ մուլտֆիլմերին, որոնք մենք հաճույքով նայում ենք ոչ միայն մանուկ հասակում։ Դրանցից ստացած տպավորությունները մնում են մեզ հետ։ Խորհրդային հասարակարգը, ըստ ամենայնի, շատ հեռու էր կատարելությունից։ Այնուամենայնիվ, կային բաներ, որոնք այն ժամանակ ավելի լավ էին ստացվում, կրում էին ուրույն ոգեշնչվածության կնիք։ Մուլտֆիլմի նկարահանումը, կերպարների ստեղծումը, ոճը զուտ պրոֆեսիոնալիզմի դրսևորում էին։ Ինձ, որպես ունկնդրի, հետաքրքիր է, թե ինչ է տալիս տվյալ գործը՝ գեղեցիկի, բարու ընկալման տեսակետից, ինչ նոր գաղափար է թելադրում, հետաքրքրում են նաև երաժշտությունն ու դերերի կրկնօրինակումը։ Խորհրդային տարիների նկարահանված մուլտֆիլմերի 90 %¬ից ավելին մինչև հիմա աչք ու ականջ է շոյում։ Նույն ժամանակահատվածում հայկական մուլտֆիլմը նույնպես սկսեց կամաց¬կամաց վերելք ապրել։ Արվեստագետը սիրում էր իր գործը, նրա մեջ ներդնում իր հոգու և մտքի ամբողջ ուժն ու երևակայությունը։ Արդյունքում այնպիսի գործեր են ստեղծվել, որոնք հիացնում են ցայսօր, դարձել են չգերազանցված եզրագիծ, ոսկե ֆոնդ։ Կոնկրետ՝ այնպիսի մուլտեր, ինչպիսիք են ՙԱմենա, ամենա, ամենա՚, ՙՈզնին մառախուղի մեջ՚, ՙՎինի Թուխի արկածները՚, ՙՇունն ու կատուն՚, ՙՁախորդ Փանոսը՚, իրենց թարմությունը չեն կորցրել ոչ միայն գույների տեսանկյունից։ Հապա ամանորյա տոներին նվիրված հեքիաթնե՞րը...։ Այնտեղ կա ամեն ինչ. հրաշալի երաժշտություն, իրական¬ֆանտաստիկ բնություն, սեր, աներկբա վստահություն, իրական ընկերություն, ինչպես նաև՝ թևավոր խոսքերի առատություն։ Այսօրվա հասարակությունը մի՞թե ավելի վատ վիճակում է, քան հետպատերազմյան Խորհրդային Հայաստանը։ Մի՞թե թեմաներ չկան, որոնց կարող է անդրադառնալ անիմացիան: Գոնե որպես հիմք ունենանք ՙՀայֆիլմի՚ բարի ավանդույթները։ Թող հարգելի ընթերցողին չթվա, որ ես հեշտ ու հանգիստ դատողություններ եմ անում, իհարկե, առարկել կարելի է փաստարկներով. մարդ մտածում է մի կտոր հաց վաստակելու մասին, ի՞նչ մուլտֆիլմ։ Մի՞թե փոխվել են մեր երազանքներն ու արժեհամակարգը։ Խորհրդային Հայաստանը ո՞վ է ոտքի կանգնեցրել։ Մոռացե՞լ ենք եղեռնից փրկված մեր նախնիներին և նրանց անմիջական հետնորդներին։ Ճյուղակոտոր ազգը համախմբվեց  և հաղթահարեց ամեն ինչ։ Ու գիտե՞ք ինչու. մենք ի վերուստ անկոտրում սիրտ և հանճարեղ ոգի ենք ունեցել։ Պահպանեցինք եղածն ու ստեղծեցի՛նք, ստեղծեցինք...

Պահեր են լինում, որ ափսոսում եմ. ինչո՞ւ համապատասխան կրթություն չունեմ, իրոք, որոշ գաղափարներ ունեմ ու շատ¬շատ եմ սիրում անիմացիան։ Բայց հոգ չէ, մենք ունենք հրաշալի մասնագետներ։ Իսկ որակյալ գործերի ստեղծման համար հովանավորների բարի կամքն ու առատաձեռնությունը վերջին տեղում չեն գտնվում։ Փոխանակ կորչելու համացանցի անդաստաններում, փոքրերը թող վայելեն գեղեցիկին, բարուն ձգտող մերօրյա հերոսներին։ Թե չէ ՙհամակրելի՚ Շրեկն ու նրա ոչ պակաս ՙհամակրելի՚ ընկերուհին իրենց տափակ հումորով ավերում են մանկան չձևավորված ճաշակը։

Առաջին հայացքից մուլտֆիլմն ուղղակի զվարճանք է, ժամանց։ Սակայն, ըստ էության, լինելով հզոր քարոզչադաստիարակչական մեխանիզմ, անջնջելի հետք է թողնում մարդու ենթագիտակցության ամենախոր շերտերի մեջ։ 

Ոչինչ միանգամից չի լինում։ Թող որ սկզբում քանակով քիչ, բայց որակով ՙՇունն ու կատվին՚ չզիջող գործերը հակաթույն դառնան այն չարորակ ուռուցքների դեմ, որ կոչվում են ՙՎինքսեր՚ կամ չգիտեմ, թե էլ ինչ... 

Դիանա ՎԱՆՅԱՆ 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.