[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՊԻՍԻՆ ԷՐ 2017թ. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏԱՐԻՆ

Լինելով տնտեսության գերակա ուղղություններից մեկը՝  ինչպիսի՞ն էր 2017 թվականը զբոսաշրջության տեսանկյունից և որքանո՞վ է մեր երկիրը գրավիչ արտերկրացիների համար։

 Հարցերին անդրադարձանք ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Արտակ 

ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ, որն իր խոսքում նշեց.

- Վիճակագրությունը ներկայացնելու համար միշտ հենվում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների վրա.  զուտ վիճակագրական տվյալներով տարին գնահատում ենք լավ։ 2016 թվականի համեմատ ունենք 41 տոկոս  աճ, ինչը չի կարելի ասել աննախադեպ է, որովհետև նման աճ ունեցել ենք նախորդ տարիներին, բայց եթե հաշվի առնենք, որ բավականին ծանր է եղել 2016 թվականը, աճի տեմպերը հուսադրող է։

-Իսկ ո՞ր երկրների համար է Արցախը գրավիչ: 

-Մեր ուսումնասիրություններով՝ առաջին հնգյակում են Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան,  Իրանը, երբեմն Ուկրաինան, երբեմն` Մեծ Բրիտանիան։  Ինչ վերաբերում է Հեռավոր Արևելքին, չի կարելի ասել, որ ունենք  կայուն թվեր։ Բացի այդ, մենք աշխատում ենք այն երկրների հետ, որտեղ կա հայկական սփյուռք։  Հիմա Հայաստանն սկսել է բավական դիվերսիֆիկացված զբոսաշրջային արդյունք տալ, օրինակ` ակտիվ զարգանում է արկածային տուրիզմը, ունենք էկոտուրիզմի, ճանաչողական տուրիզմի նոր ուղղություններ։ Արցախը դեռ այդ դիվերսիֆիկացման փուլում է։ 

-Ի՞նչ է սպասվում զբոսաշրջիկին 2018 թվականին, ինչո՞վ է Արցախը հետաքրքիր առհասարակ։

-2018-20 թվականներին փորձելու ենք ստեղծել այնպիսի զբոսաշրջային արդյունք, որը  հետաքրքիր կլինի կոնկրետ  թիրախային շուկայի համար, օրինակ,  մենք գիտենք, որ Ռուսաստանի զբոսաշրջիկը ավելի շատ հանգիստ է նախընտրում, կամ իտալացի զբոսաշրջիկը` մշակութային: Փորձելու ենք առաջարկներ անել ըստ թիրախների։

Զբոսաշրջային շուկան ու բիզնեսն առհասարակ դանդաղաշարժ են, և դժվար է արագ արդյունք արձանագրել։  Մենք դեռ փորձում ենք պոտենցիալ գնորդին բացատրել, թե ի՞նչ է առհասարակ Արցախը։ Շահագրգիռ անձինք կամ ընկերություններն  սկսում են զբոսաշրջային արդյունքով հետաքրքրվել, ինչը  բավական ժամանակատար գործընթաց է։ Հետո նրանք սկսում են ուսումնասիրել բիզնես-միջավայրը։ Այդ ամենից հետո, եթե հետաքրքրություն է առաջանում, արդեն կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվում։  

Արցախի պարագայում առաջին հերթին հետաքրքրություն է առաջացնում, որքան էլ որ զարմանալի թվա, չճանաչվածության գործոնը։ Ինչպե՞ս են ապրում, ինչպե՞ս է մշակույթ զարգացնում։ Երկրորդը մարդկանց ապրելակերպն է  և, իհարկե, պատմամշակութային ժառանգությունը։  Այսինքն, եթե 12 հազ. քառ. կմ-ի վրա գրանցված է  4500 պատմամշակութային հուշարձան, դա խոսում է այն մասին, որ մենք մրցունակ ենք այդ բնագավառում։  

2018-ին մեր երկրում զբոսաշրջիկին սպասվելու է արկածային տուրիզմի մի ուղղություն, դա քայլարշավային տուրիզմն է, ՙՃանապարհ թրեյլ՚ ծրագիրը։  Ծրագրի զարգացման գործում ոչ միայն պետությունն է ներգրավված, այլև առկա է միջազգային թիմ՝ կազմված տարբեր  ՀԿ-ներից, որոնք պատրաստակամ են 2018-20 թվականներին  սկսել դրա զարգացման ծրագիրը։  Ծրագիրն իր մեջ ներառում է սոցիալական բիզնեսի զարգացում այն համայնքներում, որոնք ներառված են  ՙՃանապարհ թրեյլի՚ մեջ,  նախատեսվում է ունենալ միջինից բարձր դասի հյուրատներ։ Ծրագիրն այնպես է նախատեսված, որ զբոսաշրջիկը քայլարշավի ընթացքում գիշերակաց ունենա։  Փորձելու ենք նաև թեմատիկ զբոսաշրջային արդյունք առաջարկել մեր հյուրերին։ Ներկա պահին ծրագիրը մշակման փուլում է։ 

-Իսկ ի՞նչ կարող եք ասել էկոտուրիզմի մասին, Արցախն այդ ուղղությամբ ի՞նչ պոտենցիալ ունի։

-Էկոտուրիզմի զարգացման համար մեզ անհրաժեշտ են խոշոր կենտրոններ, որոնք կզբաղվեն դրանով։ Արցախյան գյուղերում այսօր առաջարկում են մնալու տեղ, սնունդ ու քայլարշավ կամ ձիարշավ, ինչը զբոսաշրջային բավարար արդյունք չէ  էկոտուրիզմի զարգացման համար։  Այստեղ մասնավոր հատվածի ներդրումներ են պետք. պետության գործառույթը զուտ խորհրդատվական է, մեթոդական աջակցության տեսքով։ Մեծ խնդիր է նաև տեղերում նախաձեռնության բացակայությունը  հենց բնակիչների կողմից։ 

Այս տարվանից պետությունն ակտիվ մեթոդական աջակցություն կցուցաբերի՝ գյուղական համայնքներում հյուրընկալող տներ ունենալու համար, որտեղ կմատուցվեն նվազագույն հյուրանոցային ծառայություններ՝  մահճակալ և նախաճաշ։

Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ