[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՀՆԱՐԻՆ Է ՄՈՌԱՆԱԼ ՈՒ ՆԵՐԵԼ

Մեզանից յուրաքանչյուրը սրտի կսկիծով է հիշում 1990 թվականի Բաքվի սահմռկեցուցիչ իրադարձությունները, երբ հունվար ամսում Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվել և իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած։

Շուրջ 400-հազարանոց հայ համայնքը ենթարկվել է բռնությունների, ջարդերի և բռնատեղահանվել է քաղաքից։ Կոտորածն սկսվել է հունվարի 13-ից և շարունակվել մինչև 20-ը։ Զոհերի մեջ կային ծերեր, երեխաներ ու կանայք։ Ակներև էր, որ ջարդերն ու բռնությունները կազմակերպվել էին վաղօրոք։ Ականատեսների հիշողություններն այնքան սրտաճմլիկ և արյունոտ  էին, որ ակամա պատվում ես սարսուռով, լցվում  ատելությամբ ու վրեժխնդրությամբ՝ վայրագ թշնամու հանդեպ։ Ադրբեջանցիները Բաքուն ՙմաքրում՚ էին հայերից, այն հայերից, որ տարիներ ի վեր ապրել էին իրենց կողքին, հարևանություն արել, մի կտոր հաց կիսել։ Այդ դեպքերից ողջ մնացածները՝ արդեն խոշտանգված ու խեղված, մի կերպ դուրս եկան Ադրբեջանից և բնակություն հաստատեցին տարբեր տեղերում։ 

...Բաքվի հայաթափումից անցել է 28 տարի։ Տարիներ, որոնք այդպես էլ չկարողացան ջնջել դառն ու ցավոտ հուշերը...

Այդ մարդկանցից մեկի հետ հանդիպելու համար ես մեկնեցի Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղ։ Հանդիպումս 89-ամյա Նորա տատիկի հետ էր։ Բարեհամբյուր, հյուրասեր տատիկն ուրախությամբ ընդունեց ինձ։ Ծերունական նրա աչքերում անսահման բարություն կար և ինչ-որ մի ամոթխածություն, որն ակամայից իմ մեջ ավելի մեծացրեց  հարգանքն ու պատկառանքը դեպի նրա ճերմակահեր մազերը։ Տատիկի որպիսությունը հարցնելուց հետո՝ սկսեցինք խոսել գյուղի առօրյայից։ Գյուղում ամեն ինչ նորմալ է, մարդիկ աշխատում են, հաց ստեղծում։ Փառք Աստծո, այս գյուղում բոլորն էլ աշխատասեր են, չեն սիրում պարապ նստել։ 

Նորա տատիկի հետ զրույցս կամա՛ց-կամաց տանում էի դեպի հետ, դեպի տարիների խորքը։ Ու երբ նա իմացավ իմ այցելության նպատակը, միանգամից փոխվեց դեմքի արտահայտությունը։ Աննկարագրելի մի տրտմություն ու ցավ դաջվեց խորշոմներով պատված նրա դեմքին։ Մի քանի րոպե ոչ մեկս չէինք խոսում։ Ամենքս մեր մտքերի հետ էինք՝ նա անցյալի իր ցավոտ հուշերի, իսկ ես՝ փորձում էի կարդալ նրա մտքերը։

Հանկարծ սկսեց խոսել։ 

Ամուսնանալով Հրաչիկ Առստամյանի հետ՝ 1948 թվականին տեղափոխվել են Բաքու և հաստատվել այնտեղ։ Ունեցան 4 երեխա և անում էին ամեն ինչ, որպեսզի ադրբեջանցիների շրջապատում ապրող իրենց զավակների մեջ արմատավորվի հայեցի դաստիարակությունը։ Հաճախակի էին գալիս հայրենի գյուղ, շփվում հայրենակիցների հետ, երեխաները խաղում էին իրենց հասակակիցների հետ և միշտ սրտատրոփ սպասում հաջորդ հանդիպմանը։

ՙ1988 թվականին խաթարվեց ամեն ինչ,-վերհիշում է նա:-Բաքվում ապրող հայությունը համոզվում էր, որ այստեղ հնարավոր չէ այլևս մնալ։ Չէինք կարողանում տանից դուրս գալ, ահ ու դողի մեջ էինք։ Ադրբեջանցի մի հարևան ունեինք, ում հետ երկար տարիներ բարեկամություն էինք անում։ Մի օր նա գալիս է մեր տուն և ասում, որ կարող ենք իր վրա հույս դնել։ Եվ նա սկսեց մեզ համար ուտելիք և խմելիք բերել խանութից։ Բանտարկված ապրում էինք մեր սեփական տանը, վախենում էինք անգամ պատուհանից նայել։ Չէ՞ որ գազազած ամբոխներ էին շրջում քաղաքում։ Այլևս անկարելի էր թաքնված ապրել, ամուսնուս հետ որոշեցինք տեղափոխվել հայրենի գյուղ։ Նույն հարևանը սկսեց մեզ օգնել տունը փոխանակելու և Բաքվից տեղափոխվելու գործում։ Հետո լսեցինք, որ նրան սպառնացել են գլուխը կտրել, եթե շարունակի օգնել մեզ։ Օրերից մի օր մեր տանը հայտնվեց ադրբեջանցի մի ընտանիք և հայտարարեց, որ տունն արդեն իրենցն է։ Որոշ իրեր վերցնելով՝ մենք մի կերպ հասանք Երևան։ Համարյա ամեն ինչ թողեցինք այնտեղ, կարելի է ասել՝ մեր ստեղծած և ունեցած ամեն ինչը։ Սակայն փառք էինք տալիս Աստծուն, որ փրկվեցինք գազանից։ 

Չմնացինք Հայաստանում, թեև որդիներս այնտեղ բնակարաններ ունեին, հասցրել էին փոխանակել ադրբեջանցիների հետ։ Նրանք հորդորում էին մեզ մնալ այդտեղ, բայց որոշեցինք և վերադարձանք հայրենի գյուղ՝ մեզ հետ վերցնելով աղջկաս։ Թոռս՝ Արսենը, Երևանում ավարտեց ռուսական ութամյա դպրոցը և հետո տեղափոխվեց գյուղ։ Իսկ Ղարաբաղում պատերազմ էր մոլեգնել, մեր անվեհեր տղաները ելել էին մեր թշնամու դեմ։ Նրանց կամքի, ուժի և հավատի շնորհիվ մենք հաղթեցինք և հայ մնացինք։ Ափսո՛ս, այդ հաղթանակը շատ թանկ արժեցավ, բազում քաջ տղաներ նահատակվեցին։ Մեր գյուղից հինգ հայորդիներ իրենց արյամբ շաղախեցին այս սուրբ հողը, որի վրա այսօր հաստատուն կանգնած են մեր սերունդները՚։ 

Նորա տատիկը հանկարծ լռեց և հոգոց հանելով՝ շարունակեց. ՙ...1991 թվականն էր, ամուսինս ավտոբուսով մեկնել էր Ասկերան, ինչ-որ փաստաթղթերի հարցով։ Երբ հասան Խոջալու, ադրբեջանցիներն սկսեցին քարկոծել մեքենան։ Վարորդը չկարողանալով պահպանել մեքենայի հավասարակշռությունը՝ մեքենան գլորեց ձորը։ Վիրավորվեց նաև ամուսինս և տեղափոխվեց Ստեփանակերտի հիվանդանոց։ Տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել, միաժամանակ նրա մոտ բացահայտվեց այլ հիվանդություն։ Մեկ ամիս մնաց հիվանդանոցում, սակայն բժիշկներին չհաջողվեց պահպանել նրա կյանքը...

Շատ դաժան օրեր ունեցանք, մեծ դժվարությամբ հաղթահարեցինք ամեն ինչ և մի կերպ ոտքի ելանք՚։ 

Հիշողությունները Նորա տատիկի մեջ մե՜րթ ուրախ, մե՜րթ տխուր զգացմունքներ էին առաջացնում։ Իմ աչքից չէր վրիպում, թե ինչպիսի ջերմությամբ էր տատիկին նայում թոռը՝ Արսենը, և երբեմն լրացնում էր նրան։

Ուսումը շարունակելով Ավետարանոցի միջնակարգ դպրոցում և ստանալով միջնակարգ կրթություն՝ Արսենը զորակոչվել է Արցախի ՊԲ և այնտեղ ծառայել 3 տարի։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել գյուղում՝ որպես կոմբայնավարի օգնական։ Ինչպես ինքն է ասում՝ պետք է օգներ ծերացող տատին և մորը։ Ոչ մի աշխատանքից չէր երկնչում։ Միաժամանակ ընդունվեց Արցախի պետական համալսարանի ռուս-բանասիրական բաժինը և ավարտելով այն ու ստանալով ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի մասնագիտություն՝ աշխատանքի անցավ գյուղի հիմնական դպրոցում։ 

Անշուշտ, հայրենի գյուղում ապաստան գտած փախստական ընտանիքն այսօր չի տրտնջում և դժգոհում ոչնչից։ Համագյուղացիների սիրով և հոգատարությամբ շրջապատված՝ նրանք ապրում են հասարակ գյուղացուն վայել աշխատասիրությամբ, հայի պատվախնդրությամբ ու հայրենասիրությամբ։ 

Նորա տատիկի և Աիդա մայրիկի միակ հույսն ու հպարտությունն Արսենն է, ով այսօր վայելում է համագյուղացիների սերն ու հարգանքը։ Երեք երեխաների հայր Արսեն Հայրապետովն այսօր ղեկավարում է հայրենի համայնքը։ Աշխատելու, ստեղծելու էներգիայով լեցուն երիտասարդ ղեկավարն անում է ամեն ինչ հարազատ համայնքը շենացնելու համար։ Այսօր նրա միակ և գերակա խնդիրը համայնքը ջրով ապահովելու հարցն է։ ՙԱյդպես է հայի ճակատագիրը, պետք է պայքարել ու միշտ առաջ նայել՝ երբեք չկորցնելով հույս ու հավատ։ Աշխատող մարդը միշտ էլ կարող է արարել ու ստեղծել։ Արցախ աշխարհում թող միշտ խաղաղություն լինի, մանուկները մեծանան կապույտ և անամպ երկնքի ներքո։ Այդ է իմ միակ ցանկությունը՚,- ավելացրեց Նորա տատիկը և խանդաղատանքով լի հայացքն ուղղեց դեպի իր ծոռնիկները։

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ք. Ասկերան