Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՀԱՏՎԱԾԸ

Ստեփանակերտի Ալեք Մանուկյան 120ա բազմաբնակարան  շենքի բնակիչների համար փետրվարի 1-ը տոնական օր էր. 20 ընտանիք այդ օրը բնակարանամուտ տոնեց` վերադառնալով հիմնանորոգված ու վերափոխված իրենց բնակարանները։ 

 Արցախի Հանրապետության  կառավարության ֆինանսավորմամբ վերակառուցված շենքի առաջին հատվածի շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության պատասխանատու աշխատողներ, շահառուներն ու նրանց հարազատները, ինչպես նաև նույն շենքի երկրորդ՝  դեռևս վերանորոգվող հատվածի ապագա բնակիչները, ովքեր ևս սրտատրոփ սպասում են նման ուրախալի օրվա։ 

Նախկին հանրակացարանային շենքը կառուցվել էր դեռևս 1960-ական թվականներին՝ Ղարմետաքսկոմբինատի աշխատողների համար։ Այն երկար տարիներ վթարային վիճակում էր, շենքում բացակայում էին կենսաապահովման ամենատարրական պայմանները: Ամբողջ հարկի համար նախատեսված էր ընդամենը մեկ սանհանգույց և մեկ խոհանոց: Բնակիչներից միայն մի քանիսը տարիների ընթացքում սեփական միջոցներով վերանորոգել էին իրենց բնակարանները, կառուցել առանձին սանհանգույց: Այստեղ 71 ընտանիք էր բնակվում: Ներկայում այն վերակառուցվում է 50- բնակարանոց  շենքի։                                                      

Վերակառուցման աշխատանքներն սկսվել են 2015 թվականին։ Հանրակացարանի շենքն ապամոնտաժվել, համապատասխանեցվել է քաղաքաշինական նորմերին, ավելացվել են նոր սենյակներ, պատշգամբներ, ամբողջությամբ վերափոխվել են ներքին կոյուղացանցը, էլեկտրագծերը, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերը: Յուրաքանչյուր հարկ ունի 4 բնակարան, որից 2-ը՝ երկուսենյականոց, մեկը՝ երեք և մեկը՝ մեկսենյականոց։ Ժամանակակից չափանիշներով նորոգված սենյակները, խոհանոցը, բաղնիքը աչք են շոյում։ Յուրաքանչյուր ընտանիք ունի ջեռուցման առանձին համակարգ։ Շենքը նաև փոքր նկուղներ ունի։  

Միջոցառման սկզբում տեղի ունեցավ վիճակահանություն մեկսենյականոց բնակարանների համար։ Այնուհետև  ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության բնակարանային վարչության պետ Արթուր Մուսայելյանը քսան երջանիկ ընտանքներին հանձնեց բնակարանների բանալիները։ 

Շքամուտքը երիզող կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Պետրոսյանների ընտանիքի մանկուց հաշմանդամ որդուն։

 ՙՄենք այս օրվան երկար ենք սպասել,- երախտագիտության իր խոսքում նշեց Իգոր Պետրոսյանը։- Արդեն 2,5 տարի է՝ ապրում ենք վարձով։ ԱՀ կառավարությունը փոխհատուցում էր բնակվարձը, բայց, անշուշտ, ուզում էինք, որ շենքի վերակառուցումը հնարավորինս արագ ավարտվի։ Այսօր մի տեսակ երազի պես է թվում այս ամենը. 13 տարի ապրել ենք այս շենքում, ահավոր պայմաններում։ Խորին շնորհակալությունն ենք հայտնում Արցախի իշխանություններին՝ մեր կենցաղային պայմանները բարելավելու, այսպիսի շքեղ բնակարաններ տրամադրելու համար՚։

ՙԳրանդ Ալյանս՚ շինարարական կազմակերպության ներկայացուցչի հավաստմամբ՝ շենքի երկրորդ հատվածի վերակառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ։ Սա նշանակում է, որ  ևս 30 ընտանիքներ շուտով կվերադառնան իրենց հիմնանորոգված բնակարանները։ Ա. Մուսայելյանի խոսքով՝ հանրակացարանի մնացած  21 ընտանիքները բնակարաններով կապահովվեն մայրաքաղաքի այլ հատվածներում։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ