[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԽԹԱՆ

 

 

 

2017 թվականը  շրջանի կառուցապատման բնագավառում կարելի է համարել  առաջընթացի  տարի։  Ձեռնարկվող միջոցների շնորհիվ բավարար աշխատանքներ են իրականացվել հատկապես կապիտալ շինարարության ուղղությամբ: Կատարվել է ավելի քան 1 մլրդ 114  մլն դրամի շինարարական աշխատանք։ 

 

Կարևորելով ժողովրդագրական վիճակի բարելավման  անհրաժեշտությունը,  հիմնական ուշադրությունը դարձվել է բնակարանաշինությանն ու բնակարանների վերանորոգմանը, ինչի համար ծախսվել է 220 մլն 656,2 հազ. դրամ: Այդ թվում` հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրերի շրջանակներում կառուցվել և շարունակվում է 8 բնակելի տների շինարարությունը, որի համար ծախսվել է 68 մլն 084,3 հազ. դրամ։  Շրջանի Հայկավան, Խծաբերդ, Արևշատ, Տումի գյուղերում  զոհված ազատամարտիկների ընտանիքների  համար կառուցվել և վերանորոգվել է 4 բնակելի տուն, որի համար ծախսվել է 23 մլն 020,6 հազ. դրամ։ Հադրութ քաղաքում  2 զոհված ազատամարտիկի ընտանիքների բնակարանների վերանորոգման համար տրվել է 5 մլն 300 հազ. դրամի փոխհատուցում։ Սոցիալական այլ խմբերին պատկանող 8 ընտանիքների համար Խծաբերդ, Մոխրենես, Հին Թաղեր, Մարիամաձոր գյուղերում կառուցվում են բնակելի տներ, որոնց համար արդեն իսկ ծախսվել է 102 մլն դրամ։ Մեծ Թաղեր, Մոխրենես գյուղերում և Հադրութ քաղաքում վերանորոգվել է 5 բնակելի տուն, ծախսվել 16մլն 912,7 հազ. դրամ։ Արևշատ գյուղում 5մլն 320 հազ. դրամով գնվել է բնակելի տուն։  Շրջանի կարիքավոր ընտանիքների բնակարանների վերանորոգման նպատակով 146 մլն 646 հազ. դրամի շինանյութեր է ձեռք բերվել։

 Կրթության բնագավառում ծախսվել է  97մլն 203,6 հազ. դրամ։ Շինարարական աշխատանքներ են իրականացվել Ազոխի, Հադրութի, Խծաբերդի, Առաջամուղի  դպրոցների, Հադրութ քաղաքի մարզադպրոցի  վերակառուցման  վրա։ Ասֆալտապատվել է  Ազոխի դպրոցի բակը։ Ուժեղացվել է Մեծ Թաղերի մանկապարտեզի շենքի հիմքը։ Այս գյուղի միջնակարգ դպրոցն ապահովվել է գույքով։  Հասարակական և վարչական նշանակության օբյեկտների շարքում աշխատանքներ են տարվել Ուխտաձորի 250-տեղանոց հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի կառուցման վրա, ինչի համար ծախսվել է 100 մլն դրամ։ Քյուրաթաղի և Ուխտաձորի  հանդիսությունների տների համար 11 մլն 420 հազար դրամի գույք է ձեռք բերվել։ Որոշակի աշխատանքներ են իրականացվել ոռոգման և ջրամատակարարման համակարգերի զարգացման և շահագործման ուղղությամբ։ Աշխատանքներ են տարվել Հադրութ քաղաքի ներքին ջրատար ցանցի որոշ տեղամասերի վերակառուցման ուղղությամբ, Թաղասեր համայնքում  կառուցվել է ներքին ջրամատակարարման համակարգ։ Արևշատ գյուղում  վերանորոգվել է արտեզյան հորը։ Տող գյուղում խմելու ջրի հարցի լուծման նպատակով հորատվել է խորքային հոր։ Հադրութ քաղաքում բազմաբնակարան շենքերի հարակից բնակարանների համար կառուցվել է կոյուղագիծ։ Նշված աշխատանքների կատարման համար ծախսվել է ավելի քան 152 մլն դրամ։  ԼՂՀ  ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների վերանորոգման, վերակառուցման և շահագործման ուղղությամբ ծախսվել է 263 մլն 337,2  հազ. դրամ։ Աշխատանքներ են տարվել Տումի, Տող, Թաղուտ, Հակակու, Մարիամաձոր, Ջրակուս,  Ուխտաձոր, Ֆիզուլի, Տող ավտոճանապարհների վրա, ասֆալտապատվել է Հադրութ քաղաքի  կենտրոնական մասը, Ուխտաձորի միջնակարգ դպրոցի տարածքը։  ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորմամբ կառուցվել և շահագործվել է Քյուրաթաղի 150-տեղանոց հանդիսությունների տունը։ Տումու և Թաղասերի համայնքային կենտրոնների շենքերի շինարարությունը հասցվում է ավարտին։ Կատարված աշխատանքների դիմաց ծախսվել է 120մլն 629,5 հազ. դրամ։

Մնում է հուսալ, որ 2018 թվականին իրականացվող աշխատանքների ծավալը կգերազանցի անցած տարվա ցուցանիշները, և  ժամանակին կշահագործվեն շրջանի համար կարևոր մի շարք օբյեկտներ։

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ