[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԵՌԱՀԱՐ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Ստորագրվեց համագործակցության համաձայնագիր

 ԱՀ առողջապահության նախարարության և ՀՀ ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնի միջև հաստատված համագործակցության շրջանակներում իրականացվում են ոլորտային բազմապիսի ծրագրեր։ 2017թ. Արցախի առողջապահության համակարգի ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման և ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնի (Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ) միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում որոշվել էր նորածինների շրջանում իրականացնել բնածին հիպոթիրիոզի վաղ հայտնաբերման սկրինինգ։ 

Փետրվարի 23-ին ՙԱրևիկ՚-ում կրկին ստորագրվեց համագործակցության համաձայնագիր վերոնշյալ երկու կառույցների պատասխանատուների միջև։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Բաբլոյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ուռուցքաբան, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Գրիգորի Բադալյանը, ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման տնօրեն Մհեր Մուսայելյանը, ոլորտի պատասխանատուներ, բժիշկներ։ 

Կնքված համաձայնագրի նպատակն է ներդնել հեռաբժշկության համակարգ։ Ծրագրի իրականացման համար ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնն ՙԱրևիկ՚-ին նվիրաբերեց հեռահար բժշկության կազմակերպման համար սարքավորում (շուրջ 35 հազ. ԱՄՆ դոլարի արժողությամբ), որը հնարավորություն կտա երկու բուժհաստատությունների մասնագետներին օնլայն եղանակով իրականացնել խորհրդատվություններ այս կամ այն խնդրահարույց հիվանդությունների վերաբերյալ և համատեղ կայացնել ճիշտ ախտորոշումներ։ Հեռահար համակարգի շնորհիվ կհամագործակցեն ոչ միայն նշյալ բուժհաստատությունների մասնագետները, այլև, անհրաժեշտության դեպքում, գործընթացին կներգրավվեն բժշկական այլ կենտրոնների մասնագետները։ ԱՀ առողջապահության նախարարն իր երախտագիտությունը հայտնեց ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնին` Արցախում հեռահար բժշկության համակարգի ներդրման համար, ինչը հնարավորություն կընձեռի հիվանդությունները ճիշտ ախտորոշել և խորհրդակցել ոլորտի տարբեր բժիշկների հետ։ Ա. Բաբլոյանը տեղի մասնագետներին ներկայացրեց հեռահար բժշկության հնարավորություններն ու սարքավորման գործառույթները։ Հեռահար սարքավորման համակարգն ունի նաև առանձին այլ սարքեր, որոնք հնարավորություն են տալիս հեռահար ու մանրազնին հետազոտել աչքի, ականջի, մաշկի հետ կապված խնդիրները։ ՙՄեր Կենտրոնը, լինելով երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, իրականացնում է նաև որոշակի բժշկագիտական գործունեություն, մշակում գիտա¬մեթոդական ձեռնարկներ՝ ընդգրկելով բժշկության վերջին նորարարությունները։ Մենք չենք սահմանափակվում միայն ՙԱրաբկիր՚-ի մասնագետների խորհրդատվություններով. պատրաստակամություն է հայտնել ծրագրին մշտապես աջակցել պրոֆեսոր Գ. Բադալյանը։ Բացի դրանից, ծրագիրն ունի նաև կրթական մաս, այսինքն` բժշկագիտության նոր մոտեցումներին տեղեկանալով, մասնագետներն արդեն կկարողանան կոնկրետ դեպքի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կայացնել և ճիշտ բուժում նշանակել՚,¬ պարզաբանեց Ա. Բաբլոյանը։ Ընդհանրապես, հեռահար բժշկության համակարգն ՙԱրաբկիր՚-ում ներդրվել է 7-8 տարի առաջ, և Կենտրոնը համագործակցում է ԱՄՆ ՆյուՋերսիի  Սեն Ժոզեֆ համալսարանական հիվանդանոցի հետ։ Վերջինս էլ համակարգի շնորհիվ բժիշկներին հնարավորություն է ընձեռում կապ հաստատել աշխարհի առաջատար կլինիկաների հետ և կազմակերպել քննարկում կոնկրետ դեպքի վերաբերյալ։ 

Համագործակցության համաձայնագրով կողմերը նշանակել են պատասխանատուներ։ Արցախում հեռահար բժշկության ծրագիրը համակարգելու է ՙԱրևիկ՚ բուժմիավորման բժիշկ Սևակ Ասլանյանը, իսկ ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնից՝ մանկաբույժ Ստելլա Սարգսյանը։ Անհրաժեշտության դեպքում նրանք երկուսով քննարկելու են բժիշկներից ստացված, այս կամ այն հիվանդներին վերաբերող հետազոտությունների արդյունքները և խորհրդատվության հրավիրելու համապատասխան մասնագետների։ Համակարգի ներդրումը ողջունեց նաև ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման նորանշանակ տնօրեն Մհեր Մուսայելյանը, ով, իր հերթին, կարևորեց ծրագրի մեկնարկը և առցանց եղանակով մասնագիտական խորհրդատվությունների, ախտորոշումների, փորձի փոխանակման, ինչու չէ, նաև այս կամ այն թեմայի վերաբերյալ հեռահար դասախոսությունների կազմակերպումը։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ