[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից իրականացվող` տնային տնտեսությունների բարեկեցության ամբողջացված ուսումնասիրություններն արդեն չորս տարվա պատմություն ունեն:

Այդ հետազոտությունները բավական լուրջ քայլ կարելի է համարել բնակչության կյանքի որակի առկա իրողությունը հանրությանը ներկայացնելու, պետության սոցիալական ռազմավարության  բարեփոխումներն ավելի նպատակային, սոցիալական ծրագրերը հասցեական դարձնելու առումով: 

Անդրադառնալով վերոհիշյալ հետազոտությունների ընթացքին` ԱՀ ԱՎԾ աշխատակազմի հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանը նշեց, որ  ուսումնասիրությունը տարեցտարի փոփոխվելով՝ ավելի ընդգրկուն է դարձել, ավելացել են նոր բաժիններ, որոնց ուղղությամբ նախկինում առանձին հետազոտություններ էին իրականացվում:  Հետազոտությունն իրականացվում է ամեն տարի` տնային տնտեսությունների և բնակավայրերի ամենամսյա փոխարինմամբ: ՙՀետազոտության դաշտային աշխատանքներն իրականացնում են 15 հարցազրուցավար և 2 խմբավար, որոնց համար նախօրոք իրականացվում է  համապատասխան  հրահանգավորում:  Յուրաքանչյուր հարցազրուցավար տարվա ընթացքում աշխատում է 12  հաշվային տեղամասում` մեկ ամսվա ընթացքում այցելելով 9 տնային տնտեսություն՚,-մանրամասնեց Լ. Սողոմոնյանը: Ըստ մեր զրուցակցի` ընտրանքի ձևավորման համար հիմք է հանդիսացել  2015թ. մարդահամարի բազան: Բնակավայրերը բաժանվել են երկու կատեգորիաների` քաղաքներ և գյուղեր:  Համաձայն քաղաքների և գյուղերի բաշխման`  ըստ տարածքների ձևավորվել է տարբերակված երկաստիճան ընտրանք: Անփոփոխ են հետազոտության  գործիքները` հարցաթերթ, օրագիր և հարցազրուցավարի ուղեցույց:  Ամսական կտրվածքով տնային տնտեսություն կատարած այցելությունների ժամանակ հարցաթերթը լրացվում է հարցազրուցավարի կողմից: Տնային տնտեսության չափահաս ներկայացուցչի օգնությամբ նա տեղեկատվություն է հավաքագրում տնային տնտեսության կազմի, բնակարանային պայմանների, տան անդամների զբաղվածության, կրթական մակարդակի և առողջական վիճակի, հողամասի, անասունների և գյուղտեխնիկայի առկայության ու օգտագործման, տնային տնտեսությունների միջև դրամական և ապրանքային հոսքերի և այլնի  մասին: ՙԱշխատանքները նպատակ ունեն  կատարելագործելու տնային տնտեսությունների մակարդակով հավաքագրվող տվյալների որակը, ինչպես նաև զարգացնելու  սեփական հմտությունը՝ աղքատության մակարդակն առավել ստույգ գնահատելու համար՚,-ասաց մեր զրուցակիցը: Հետազոտության արդյունքները հիմնականում կիրառվում են երկրում սպառման վրա հիմնված աղքատության մակարդակի գնահատման համար:

 Անդրադառնալով հանրապետությունում աղքատության համեմատական ցուցանիշներին՝ բաժնի պետը նշեց, որ նկատվում է աղքատության մակարդակի բարձրացում. 2015թ. այն կազմում էր 22,8 %, 2016-ին աղքատ էր ԼՂՀ բնակչության 23,3 %-ը,   վերջին հետազոտությամբ՝ աղքատ է բնակչության շուրջ 24 տոկոսը: Լ. Սողոմոնյանի վկայությամբ` ըստ կենսամակարդակի, աղքատ ընտանիքների կարգախմբում առանձնացվել են նաև ծայրահեղ աղքատներ:  Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ընդհանուր գծից, ծայրահեղ աղքատ` ում սպառումը ցածր է աղքատության պարենային գծից: Նշենք, որ  աղքատության ընդհանուր` 35-36, և ծայրահեղ` 23-24 հազար դրամ կազմող աղքատության գծերը` արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, գնահատվում են ամփոփված տարեկան գներով, որոնք ներառում են ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերի սպառողական գները: Վերջին հետազոտությունների արդյունքներով՝ ծայրահեղ աղքատ է հանրապետության բնակչության 6,2 տոկոսը: 

Մեր դիտարկմանը, որ ԱՎԾ-ն, որպես պետբյուջեից սնվող մարմին, հնարավոր է, մի փոքր մեղմում է առկա պատկերը, բաժնի պետը չհամաձայնեց` նշելով. ՙԵթե մենք հիմք ընդունեինք ոչ թե հարցաշարերի տվյալները, այլ հարցվողների կարծիքը, ապա կունենայինք ավելի մեղմացված պատկեր, քանի, որ ըստ սեփական կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի` աղքատ  (ներառյալ` ծայրահեղ աղքատ) է  բնակչության 4,5%-ը: Ըստ հարցվածների` միջին կենսամակարդակ ունի հարցվածների 76,3%-ը, իսկ 16,3%-ի կարծիքով` իրենց կենսամակարդակը միջինից ցածր է: Հարցմանը մասնակցած ընտանիքներից ոչ մեկն  իրեն հարուստ չի համարել, միայն   2,9%-ը` սեփական կարծիքով, ունի միջինից բարձր կենսամակարդակ:  

Ըստ մեր զրուցակցի` աղքատ գնահատված ընտանիքների մեջ  կենսաթոշակառուները մեծ թիվ չեն կազմում, հակառակը, այդ խմբում գերակշռում են երիտասարդ ընտանիքները: Մինչև 6 տարեկան երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության ավելի բարձր ռիսկ (48,8%):

Ըստ ուսումնասիրության՝ առավել շատ  աղքատներ բնակվում են հանրապետության քաղաքներում,  իսկ Քարվաճառում և Բերձորում նրանց թիվը համեմատաբար մեծ է: Հարցաշարերի արդյունքներով՝ մրցունակ և աշխատաշուկայում պահանջված կրթություն ունեցող անձանց համար աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է: Բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում աղքատության մակարդակն ամենացածրն է: Միջնակարգ կրթությամբ անձինք աղքատ բնակչության շրջանում կազմում են ամենամեծ խումբը (42,8%), նրանք ամենաշատն են դժվարությունների հանդիպում աշխատանք փնտրելիս: 

Հետազոտությամբ փորձ է արվում նաև բացահայտել ԼՂՀ-ում գյուղական վայրերի զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնները՝  ենթակառուցվածքների թերզարգացածություն, ճանապարհներ, ոռոգման համակարգ, գյուղմթերքի մշակման, մթերման, պահպանման, ֆինանսավորման հնարավորություններ և այլն: Գյուղական աղքատության մակարդակը բարձր է  հողազուրկ կամ  շատ փոքր հողակտոր ունեցող տնային տնտեսություններում, ովքեր զուրկ են   գյուղտեխնիկայից կամ արտադրական հնարավորություններից և  ունեն սահմանափակ ֆինանսական աղբյուրներ:  

ԱՎԾ-ն տնային տնտեսությունների պարբերական հետազոտություններով նաև հանրապետությունում աղքատության հաղթահարման համար  անհրաժեշտ  մոտավոր գումարն է նշում. նախորդ ուսումնասիրության արդյունքներով  այն կազմել է  3,4 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 1,5% կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, իսկ ծայրահեղ աղքատության վերացումը պահանջում է 0,7 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 0,3 %-ը: 

Մենք անդրադարձանք համապարփակ վերլուծության միայն մի մասին: Առաջիկայում սպասվում է ԱՎԾ-ի կողմից տնային տնտեսությունների հերթական ամբողջական հետազոտության արդյունքներով պատրաստված զեկույցը: Ընթացիկ տարում, ըստ Լ. Սողոմոնյանի, հանրապետության վիճակագիրների ուսումնասիրության թիրախում են հայտնվելու զբոսաշրջության, ուղևորատար տրանսպորտի, բեռնափոխադրումների ոլորտները:  Մեր կողմից նշենք, որ նման հետազոտությունների արդյունքները կարևոր ներդրում են աղքատության հաղթահարման ռազմավարության ձևավորման տեսանկյունից, ինչի համար պատասխանատվությունը գործադիր իշխանությունն է ստանձնել: Ամբողջական այդ վերլուծությունները կարևոր հիմք են բարեփոխումների և համապատասխան որոշումների համար, որոշումներ, որոնք ապագա սերնդի ավելի բարեկեցիկ կյանքի հիմք կհանդիսանան:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ