[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

2017 թվականին հանրապետության բուժհիմնարկներում արձանագրվել է մոտ 500 հազար ամբուլատոր հաճախում` 2016 թվականի 450 հազարի դիմաց: Հիվանդանոցային բուժօգնություն է ստացել 19882 մարդ, 2016 թվականի՝ 19209-ի փոխարեն:

Բնակչության լիարժեք բուժսպասարկման համար անցած տարի կատարվել է 207734 լաբորատոր-գործիքային և 24013 դժվարամատչելի հետազոտություն` զգալիորեն ավելի, քան 2016 թվականին էր: 

ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի պարզաբանմամբ՝ հիվանդությունների վաղ հայտնաբերման ուղղությամբ 2017-ին իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում թոքային ախտահարումների բացահայտման նպատակով կատարվել է 17424 ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն, 2016 թվականի՝ 12491 հետազոտության դիմաց, արգանդի վզիկի քաղցկեղի բացահայտման 803 հիստոլոգիական հետազոտություն` 2016 թվականի 36 հետազոտության դիմաց, իսկ  կրծքագեղձի քաղցկեղի բացահայտման նպատակով՝ 2349 մամոգրաֆիա, 2016 թվականի՝ 1621-ի դիմաց։ Բացի դրանից, ոսկրանյութի խտության որոշման համար իրականացվել է 483 դենսիտոմետրիա` 2016 թվականի 336-ի դիմաց: Դիտարկումների արդյունքներով՝ ընդհանուր հետազոտությունների ծավալն աճել է։ Այսպես, անցած տարի իրականացվել է 24013 դժվարամատչելի հետազոտություն` 2016 թվականի 19899 հետազոտության դիմաց, այդ թվում` համակարգչային շերտագրիչի միջոցով հետազոտվել է 2537 անձ` 2016 թվականի 2395-ի դիմաց, իսկ անգիոգրաֆիայի բաժանմունքում հետազոտվել է 491 անձ` 2016 թվականի 364-ի դիմաց: Արդյունքում կատարվել է 373 կորոնարոգրաֆիա և 182 ստենտավորում՝ 2016 թվականի 201 կորոնարոգրաֆիայի և 163 ստենտավորման դիմաց:  ՙՆշեմ, որ, համաձայն Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականի 2017 թվականին վերանայվել են անգիոգրաֆիկ միջամտությունների և հետազոտությունների գները: Ներկայում կորոնարոգրաֆիան  կատարվում է 150հազ. դրամով` նախկին 230հազ. դրամի փոխարեն, 1 ոչ դեղապատ ստենտի տեղադրումով սրտի պլանային վիրահատությունը նախկին 1մլն 150հազ. դրամի փոխարեն իրականացվում է 800հազ. դրամով, իսկ 1 դեղապատ ստենտի տեղադրումով սրտի վիրահատության նախկին 1մլն 850հազ. դրամի փոխարեն սահմանված է 1մլն100հազ. դրամ։ Համաձայն կարգի՝ արդեն սրտի 2 և ավելի ստենտների տեղադրումով վիրահատությունը նախկին 2 մլն 850հազ. դրամի փոխարեն կատարվում է 1մլն 600հազ դրամով, ընդ որում` 2-րդ և ավելի ստենտների տեղադրման համար սահմանված է 500-հազարական դրամ,-տեղեկացրեց Կ. Աթայանը:-Պետք է նաև նշեմ, որ կորոնարոգրաֆիա հետազոտության ու պլանային կարգով ստենտի տեղադրման համար քաղաքացին վճարում է սահմանված արժեքի 40 %-ը, դեղապատ ստենտի անհետաձգելի տեղադրման դեպքում` 30%-ը, իսկ ոչ դեղապատ ստենտի անհետաձգելի տեղադրումը, ինչպես նաև վերը նշված դեպքերի գումարի մյուս մասն փոխհատուցվում է պետպատվերի շրջանակներում՚: Անգիոգրաֆիկ հետազոտությունների իրականացման համար, սկսած ծրագրի մեկնարկից (2014թ.), պետպատվերով ֆինանսավորվել է 552մլն 500հազ. դրամ, իսկ 2017 թվականին՝ 177մլն 308հազ. դրամ: Ընդհանուր առմամբ՝ դիտարկվող ժամանակահատվածում հանրապետության բուժհիմնարկներում կատարվել է 6078 վիրահատություն, որից ստացիոնար՝ 4708, ամբուլատոր՝ 1370:

2017 թվականին արձանագրվել է 1150 մահվան դեպք, 2016-ի՝ 1156-ի փոխարեն։ Արձանագրվել է հիվանդանոցային մահացությունների 228 դեպք, որը 2016 թվականի համեմատ (246 դեպք) նվազել է 18-ով: Հիվանդանոցային մահվան դեպքերից 19-ը վթարների և այլ պատահարների հետ էր կապված, 114-ը` արյան շրջանառության հիվանդությունների (67 ինսուլտ, 24 ինֆարկտ): Ընդհանուր մահացության դեպքերից 110-ը գրանցվել է 76 տարեկանից բարձր մարդկանց շրջանում, 41-ը՝ 66-70 տարեկանների և 36 դեպք` 56-65 տարեկան քաղաքացիների: Մահվան դեպքերի հիմնական պատճառը չարորակ նորագոյացություններն են և արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: ՙՀանրապետական բժշկական կենտրոն՚ ՓԲԸ-ում գրանցվել է 207 մահվան դեպք՝ 2016 թվականի 221-ի դիմաց։ 

Առողջապահության նախարարի խոսքով՝ ամենամյա առողջապահական պետական ծրագրերի շրջանակներում նախարարության կողմից բնակչության առողջության պահպանման առաջնային օղակի աշխատանքները լիարժեք իրականացնելու նպատակով գյուղական բնակչության շրջանում ցուցաբերվել է մասնագիտացված բուժօգնություն։ Շրջանային բուժհիմնարկների կողմից կազմակերպվել է 414 գյուղական այց, որի արդյունքում կատարվել են բնակչության մասնագիտացված բժշկական  խորհրդատվություններ, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաների պատվաստումներ: ՀՀ-ից և արտերկրից ժամանած բժիշկների կողմից ԱՀ առողջապահության նախարարության մասնագետների հետ միասին ՙԲաց դռների օր՚ ծրագրով Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկներում կատարվել են տարբեր հիվանդություններով տառապող մի շարք հիվանդների ընդունելություններ, ընդ որում` 1282 խորհրդատվություն, 1478 հետազոտություն և 303 վիրահատություն: 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ