[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՇՎԵՏՈՒ ԵՂԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Տեղական ինքնակառավարման մարմինների  2017 թվականին կատարած աշխատանքների մասին հաշվետվությունները Քաշաթաղի շրջանում ավարտվեցին։

Օրերս շրջվարչակազմի նիստերի դահլիճում  վերջին հաշվետվությունը ներկայացրեց Բերձորի քաղաքային համայնքի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը։ Ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, օգնական Ստեփան Սարգսյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, բնակիչներ, քաղաքում գործող տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ 

Ա. Սարիբեկյանը նախ ներկայացրեց տեղեկանք քաղաքի բնակչության, այստեղ գործող կրթամշակութային կառույցների մասին։ 2017 թվականին Բերձորն ունեցել է մոտ 500 ընտանիք՝ 2167 բնակչով։ Մինչև 16 տարեկան երեխաների թիվը՝ 660։ Քաղաքում գործում է 2 հանրակրթական դպրոց։ Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգում սովորել է 200 աշակերտ, իսկ Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգում՝ 192։ Քաղաքում գործող երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում եղել է 21 երեխա։ Մանկապատանեկան մարզադպրոց հաճախել է 129 երեխա, իսկ արվեստի դպրոց՝ 188։ Պետական մանկապարտեզ հաճախել է 111 երեխա։ Հաշվետու տարում քաղաքում ծնվել է 21 երեխա, գրանցվել 13 ամուսնություն։ 

Քաղաքապետարանը նշված ժամանակահատվածում գումարել է 12 հերթական և մի քանի արտահերթ նիստեր։ Քաղաքում սեփականաշնորհվել է 18 բնակելի տուն՝ հողամասերով։ Օտարվել է 10 միավոր անշարժ գույք։ Բյուջեն կազմել է 48.930.000 դրամ, որից 40 միլիոնը՝ պետական փոխհատուցում, մնացածը գոյացել է սեփական եկամուտներից։ 

Անցած տարվա ընթացքում քաղաքում իրականացվել են բարեկարգման մի շարք աշխատանքներ։ Խաղաղության և Վեհափառի հրապարակներում կառուցվել է հեղեղատ, աղբյուր, կատարվել են և այլ աշխատանքներ, որոշ փողոցներում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ։ 

Ելույթից հետո ներկաները հարցեր ուղղեցին քաղաքապետին և շրջվարչակազմի պատասխանատու աշխատակիցներին։ Կարևորվեց աղբահանության, թափառող շների խնդիրը։ Անցած տարվա ընթացքում Բերձորի համար կառուցվեց խմելու ջրի նոր խողովակաշար, որով մոտ 15 կմ հեռավորությունից ջուր հասցվեց քաղաք։ Քանի որ քաղաքում ներքին ցանցի մոտ 40 տոկոսը դեռ անբարեկարգ է, առայժմ ջուրը հատկացվում է օրումեջ՝ մի քանի ժամով։ Բնակչությանն անհանգստացնում է նաև այն, որ երբեմն ջրի գույնը պարզ չէ։ Վերջերս ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ-ի կողմից ջրագծի վրա մաքրման սարք է դրվել։ Եղան հարցադրումներ նաև քաղաքի փողոցների անվանակոչման, բարեկարգման, որոշներում՝ գիշերային լուսավորման վերաբերյալ։

 Հաշվետվությունն ընդունվեց բավարար, հարցերին տրվեցին պարզաբանումներ, պատասխաններ: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալի կողմից պատասխանատու կառույցներին տրվեցին հանձնարարականներ։  

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր