[ARM]     [RUS]     [ENG]

ՊՈՒՐԱԿ՝ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ

Բերձոր քաղաքում և մոտակայքում մոտ 20 պուրակ ու այգի է հիմնվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՙԳուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին՚ հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի կողմից և օժանդակությամբ։

Շրջանի կազմավորման առաջին օրվանից բարերարն սկսեց տարբեր ոլորտներում օժանդակել քաշաթաղցիներին և դրան զուգահեռ ծառատունկ իրականացրեց: Ավելի քան երկու տասնամյակի ընթացքում հազարավոր ծառեր են տնկվել քաշաթաղյան հողում։ Ստեղծված պուրակները, այգիները, ծառուղիները կրում են հայ մեծերի, Արցախյան գոյամարտի մարտիրոս-հերոսների, բարեգործների անուններով։ Այս հայրենանվեր ձեռնարկին գրեթե մշտապես մասնակից են եղել Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը, դասախոսներ, ուսանողներ։ 

Մարտի 12-ին Բերձորի հարակից տարածքում՝ Մոնթե Մելքոնյանին նվիրված պուրակի դիմաց, Հակարի գետի աջակողմյան լանջերին հիմնվեց նոր պուրակ, որը նվիրեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակին։ Այս անգամ ևս ծառատունկին մասնակից եղան ԵՊՀ ուսանողները, ովքեր 3 օր շարունակ Արցախում էին։ Սկզբում Շարժման առաջամարտիկ, ԱՀ ԱԺ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը և ԵՊՀ ուսանողության հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը բացեցին պուրակի ցուցանակը՝ՙԱրցախյան շարժման 30-ամյակի պուրակ՚։ Ապա, ինչպես միշտ, ծառատունկն սկսվեց Գ. Մելիքյանի՝  Լևոն-Զավեն Սուրմելյանի` ծառատնկմանը նվիրված բանաստեղծության արտասանությամբ։ Առաջին տնկին հողին հանձնեցին Գ. Մելիքյանը, Մ. Միրզոյանը, ԵՊՀ հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի դասախոս, հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը, Վահագն Վարագյանը, ով մշտապես ուղեկցում է ուսանողներին Արցախում և ՀՀ տարբեր մարզերում, ինչպես նաև՝ 2016 թ. ապրիլյան պատերազմի հերոսներ՝ այժմ ԵՊՀ ուսանողներ Գոռ Դարմանյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Շուլի Հակոբյանը։ Այնուհետև սկսվեց ընդհանուր աշխատանքը՝ ուսանողները, խումբ-խումբ, սկսեցին արդեն պատրաստ փոսորակներում տեղադրել տնկիները: 

80 ուսանող են մասնակցում ուղերթին։ Եղել են Դադիվանքում, Գանձասարում, Տիգրանակերտում, Ամարասում, Շուշիում։ Այցելել են նաևՙԵղնիկներ՚ զորամաս, մասնակցել զորամասի հիմնադրման և Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ուսխորհրդի մշակութային խումբը զինվորների համար հանդես է եկել համերգով։  Գոռ Դարմանյանը նույն զորամասում է ծառայել, 2015-ի մարտի 19-ին մարտական ընկերների հետ դիմավորել մի քանի անգամ առավել թշնամու դիվերսիոն խմբին։ Մարտի ընթացքում մարտիրոսվել են 3 զինակից՝ Հակոբ Գագիկի Խաչատրյանը(1996թ. ծնված, Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղից), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը(1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը(1995թ.), 4 զինծառայողներ՝ ինքը, Սամվել Հակոբյանը, Սարգիս Գաբրիելյանն ու Էդգար Մարտիրոսյանը վիրավորվել են։ Ստացած վերքերից օրեր անց մահացել է Սամվելը։ Ամիսներ անց ոտքի ելավ Գոռը և այժմ ուսանողների հետ իր զորամասում է։ Հանդիպելով հրամանատարությանը՝ խնդրել է և բարձրացել դիրքեր, որտեղ 3 տարի առաջ մասնակից եղավ հերոսամարտին։ Մերօրյա հերոսը ՀՀ նախագահի կողմից արժանացել է ՙԱրիության համար՚ մեդալի, իսկ Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով։ Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի ապրիլի 15-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած ավագ սերժանտ, գյումրեցի Շուլի Հակոբյանն այժմ ուսանում է համալսարանի տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետի 3-րդ կուրսում։  2016թ. ապրիլի 4-ին Թալիշի մոտակայքում խոցել է թշնամու 3 տանկ, որից երրորդը՝ շարժման ընթացքում։Նրա ընկերը՝ գյումրեցի Ռաֆայել Հովհաննիսյանը, ով երեքՙպոստ՚ այն կողմ էր եղել՝ նույնպես 3 տանկ էր խոցել, ու դիրքերում տղաների սխրանքի մասին խոսելիս պարզապես ասում էին՝ՙԳյումրին 6 տանկ է խփել՚։ Արցախի  նախագահի 2016թ. ապրիլի 15-ի հրամանագրով Ռաֆայել Գևորգի Հովհաննիսյանը բացառիկ արիության և խիզախության համար պարգևատրել է ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով: Այժմ ընկերները Գոռի հետ միասին ազատագրված հայրենիքում շենացման աշխատանք են իրականացնում։ 

Ծառատունկից հետո, ինչպես ընդունված է, կայացավ փոքրիկ խնջույք, որի ընթացքում ռազմահայրենասիրական, ազգագրական, երգ ու պարով հանդես եկան ուսանողները, երաժշտություն ապահովեցինՙԲերձոր՚ համույթի երաժիշտները: Երեկոյան ուսանողները մեկնեցին Երևան՝ հավատացած, որ նորից են գալու Արցախ, մասնակցելու են ծառատունկի, հայրենասիրական այլ աշխատանքների։ 

 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր