ՙԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՈՒ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ՚
Մարտի 22-ին ՀՀ Էջմիածին քաղաքում տեղի ունեցավ ՙԱվանդական արժեքներն ու արդի մարտահրավերները՚ վերտառությամբ 3-րդ միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է Սուրբ Աֆոն Լեռան Ռուսական սրբությունների պահպանման բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, Ռուս Ուղղափառ եկեղեցու, Հայ Առաքելական եկեղեցու, ՙՌազմավարական նախագծերի կենտրոն՚ ինքնավար ոչ կոմերցիոն կազմակերպության և Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի (Երևան), Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի, Եվրասիայի ազգերի ասամբլեայի աջակցությամբ։
Գիտաժողովի նպատակն է բացահայտել Ռուսաստանի և Հայաստանի ազգային ավանդական արժեքների դեմ ուղղված արդի հոսանքներն ու սպառնալիքները, որոնք առկա են ժամանակակից լրատվական դաշտում, ընդհանուր միասնական միջոցներ ձեռնարկել հակադրվելու արդի մարտահրավերներին, ամրացնել հայ-ռուսական հարաբերությունների քաղաքակիրթ հիմքերը, նպաստել Հայաստանի և Ռուսաստանի հումանիտար և մշակութային համագործակցության ընդլայնմանը, Ռուս Ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու օբյեկտիվ գիտելիքների տարածմանը, պետական կենտրոնացված աջակցություն ցուցաբերել ընտանեկան ինստիտուտին, վեր հանել կրոնական աղանդների բացասական ներգործությունը, դատապարտել դրանց ապակառուցողական գործունեությունը, գործնական առաջարկություններ մտցնել` ուղղված ռուս և հայ ժողովուրդների շրջանում ավանդական և բարոյական արժեքների պահպանմանն ու զարգացմանը։
Գիտաժողովում հնչեցվեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղերձը, ելույթ ունեցան ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը և Կարեն Ավագյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, հոգևոր, լրատվական, հասարակական, քաղաքական այլ գործիչներ։ Առանցքային թեմաները կապված էին ԶԼՄ-ներում ավանդական արժեքների քարոզչության, երիտասարդության վարքի վրա սոցիալական ցանցերի անմիջական ներգործության, ԶԼՄ-ների օգնությամբ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների շրջանում ավանդական քրիստոնեական արժեքների պահպանմանը, ընտանիքի ինքնավարության, Եկեղեցու և ԶԼՄ-ների փոխհարաբերություններին։
Գիտաժողովին հնչած առանցքային միտքն այն էր, որ այսօր Արևմուտքի կեղծ արժեքները երկկողմանի քայքայիչ ազդեցություն են թողնում հայ և ռուս ընտանիքների վրա։ Մի կողմից միասեռական ընտանիքի գաղափարը՝ որպես բնականոն երևույթ, մյուս կողմից էլ ծնողներից երեխաների իրավունքների ՙպաշտպանությունը՚ փորձում են խցկել մեր իրականություն։ Մենք միասնաբար պետք է պայքարենք այս աղետի դեմ, օգտագործելով բոլոր ռեսուրսները։ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը ԶԼՄ-ներին խորհուրդ տվեց ոչ թե ներկայացնել հասարակության հայելային պատկերը, այլ փորձել բարձր արժեքներ հաղորդել, կրթել ու դաստիարակել մատաղ սերունդը։ Երիտասարդներից Մաքսիմ Սոկոլովը գործնական առաջարկներ ներկայացրեց այն մասին, թե ինչպես կարելի է սոցցանցերն օգտագործել ուղղափառ-առաքելական ճշմարիտ հավատքը երիտասարդներին փոխանցելու, աղանդավորական շարժումներին դիմագրավելու համար։
Ամբողջ գիտաժողովի ընթացքում գործում էր հատուկ ցուցահանդես ՙԵկեղեցին՝ ընտանեկան և տոհմական հիշողության պահոց՚ թեմատիկայով։ Գիտաժողովին արցախյան ներկայացուցիչների մասնակցությունն ապահովեց ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը։
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Ստեփանակերտ-Էջմիածին