[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ-ՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԾՐԱԳԻՐԸ ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԻ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Անցած շաբաթ ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունների միջև կնքվել էր հերթական փոխըմբռնման հուշագիր։ Հայկական երկու հանրապետությունների առողջապահական ոլորտների համագործակցության շրջանակներում  նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնցից  նախանշվեց էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդնումը։

Հանդիպելով Արցախի առաջնային օղակի բուժաշխատողների հետ` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց ոլորտում նախատեսվող բարեփոխումները և դրանց ներդրման ուղիներն ԱՀ-ում։ Քննարկումներին ներկա էին մեր հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրման հանձնաժողովի նախագահ Հարություն Մանգոյանը, ոլորտի այլ պատասխանատուներ։ 

Լ. Ալթունյանը նախ անդրադարձավ ՀՀ առողջապահության ոլորտում մեկնարկած մի շարք նախաձեռնություններին, որոնցից առաջնայինը էլեկտրոնային առողջապահության համակարգն է, և դրանց առնչվող գործելակարգերը, ուղեցույցների մշակումն ու ներդնումը։ ՀՀ մասնագետներն ուսումնասիրել են արտերկրի փորձը և, այն տեղայնացնելով, մշակել մի շարք փաստաթղթեր։  Նախատեսված 1500 փաստաթղթերից վերջին տարվա ընթացքում Հայաստանում մշակվել են 300-ը, որոնք էլ հաստատվել են ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարությունների կողմից։ Դրանք ոլորտում կներդնվեն որպես բուժման ընդունված գործելակարգեր, խորհրդատվություններ։ Նոր համակարգի ներդնումը կիրականացվի փուլ առ փուլ։ Ներկայումս այն ներկայացվում է առաջնային օղակում աշխատող բուժանձնակազմին, որպեսզի համատեղ արծարծված որոշակի հարցեր հնարավորինս լուսաբանվեն ապագա գործելակարգերում։ Նմանատիպ քննարկումներ Լ. Ալթունյանն արդեն անց է կացրել Արթիկում, Ախուրյանում և Եղեգնաձորում։ Ներկայացնելով ծրագրի էությունը` ՀՀ առողջապահության նախարարը փորձեց ծանոթանալ տեղի մասնագետների կարծիքներին, հատկապես որ նախատեսվող միջոցառումներն ուղղված են առավելապես առաջնային օղակի բժիշկների վարկանիշի բարձրացմանը, նրանց աշխատաոճի  հստակեցմանն ու կանոնակարգմանը։ Էլեկտրոնային համակարգի կիրարկման համար ՀՀ առողջապահության նախարարությունը պայմանագիր է ստորագրել համապատասխան կազմակերպության հետ, որի շրջանակներում ՀՀ պետպատվեր իրականացնող բուժհաստատությունները պետք է համալրվեն անհրաժեշտ համակարգիչներով և գույքով։ Էլեկտրոնային համակարգի շնորհիվ բժիշկներն օնլայն եղանակով կտեղադրեն իրենց կողմից կատարված աշխատանքը, ինչը թույլ կտա վարել հիվանդի ճշգրիտ բուժական ընթացակարգը։ Անհրաժեշտ տեխնիկական միջոցները նախատեսված է ձեռք բերել առաջիկա երեք ամիսների ընթացքում։ Մյուս խնդիրը բոլոր բուժհաստատությունները համացանցով ապահովելն է, ինչը նույնպես ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով կյանքի կկոչվի։ Ծրագրի իրականացման ամենախնդրահարույց հարցը Լ. Ալթունյանը համարեց բուժանձնակազմը համապատասխան գիտելիքներով ապահովելը։ Շուրջ երկու տարվա ընթացքում հայ բժիշկներն ու բուժքույրերը պետք է տիրապետեն էլեկտրոնային և թվային նոր գործելակարգերին։ ՙՀՀ-ում կա 12 հազար բժիշկ, և մենք նախատեսում ենք, որ բոլոր բժիշկներն ու բուժքույրերը, ինչպես նաև դեղատների և ստոմատոլոգիական ոլորտի աշխատակիցները, ովքեր կկազմեն շուրջ 24 հազար մասնագետ, պետք է անցնեն համապատասխան դասընթացներ։ Ներկայումս 200 հոգի մասնակցում են թրենինգների, որպեսզի ավարտելուց հետո անցնեն մեր բուժանձնակազմին համապատասխան գիտելիքներ տալու գործընթացին: Այն կմեկնարկի մեկ ամսից։ Հայաստանում այդ գործընթացը հավուր պատշաճի իրականացնելուն պես մենք կառաջարկենք նաև Արցախում տեղայնացնել ծրագիրը՚, -նշեց Լ. Ալթունյանը։ 

Ծրագրի իրագործման համար բոլոր բուժաշխատողները պետք է տիրապետեն համակարգչով շարվածք անելու, նյութեր տպելու և դրանք կանոնակարգելու ունակություններին։ Այդ ամենը հնարավորություն կտա ճշգրիտ վիճակագրություն վարել հիվանդությունների բուժման, վերահսկման և այլնի առումով։ Կկատարվեն վերլուծություններ, կարվեն հետևություններ բուժման, դեղորայքի ընտրության, եղած տեխնիկական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման վերաբերյալ։ ՀՀ առողջապահության նախարարի խոսքով՝ էլեկտրոնային համակարգը ներդնելու հիմնական նպատակը ոչ միայն վերահսկողությունն է, այլև այն, որ հայ մարդը, սկսած ծնված օրվանից, ձեռքի տակ ունենա իր հիվանդության մասին օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվությունը։ 

Արցախի բուժաշխատողները նոր ծրագրի վերաբերյալ արտահայտեցին իրենց կարծիքները, առաջադրեցին մի շարք հարցեր, ներկայացրին մանկաբույժների ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմը հատկապես շրջանային բուժմիավորումներում, բժիշկների վերապատրաստման հարցը։          Կ. Աթայանը հավաստիացրեց. բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ 

Ներկայացնելով քննարկվող հիմնական ծրագրի ուղղությամբ կատարված աշխատանքները` Հ. Մանգոյանը նշեց, որ այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրել են արտերկրի բժշկագիտության լավագույն ապացուցողական աղբյուրները, փաստաթղթերը, մշակել են ձևաչափեր տարբեր նեղ մասնագիտությունների առումով և  այդպիսի 300 փաստաթուղթ արդեն զետեղել են ՀՀ առողջապահության նախարարության կայքէջում։ Որոշ տեքստերի վրա աշխատանքներ դեռ տարվում են։ Անդրադառնալով կոնկրետ գործելակարգերին՝ հայաստանյան մասնագետը ներկայացրեց ախտորոշման և բուժման նոր մոտեցումները։  Նախատեսվող փաստաթղթերում հստակեցված են տվյալ հիվանդությունների ախտորոշման եղանակները, ռիսկի գործոնները գնահատելու ձևաչափերը, անհրաժեշտ դեղորայքի հիմնավոր նշանակումը, մի շարք  այլ հարցեր։ Այս և այլ խնդիրների վերաբերյալ կայացան բուռն քննարկումներ։ 

Որոշվեց պարբերաբար անդրադառնալ առկա հիմնախդիրներին, գտնել դրանց լուծման առավել արդյունավետ տարբերակները։ 

 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ