[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՆԸ ԱՌԻԹ` ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մարտի 22-ին Ստեփանակերտի ՙՋրմուղ-կոյուղի՚ ընկերությունը նշեց ջրի և ջրային համակարգերի աշխատողի օրը: Մեր հանրապետությունում այն ընդունվել ու նշվում է 2015 թվականից:

Ընկերության ղեկավարությունը Շ. Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի սաների ուժերով կազմակերպված համերգով շնորհավորել է ոլորտի աշխատողներին, թոշակառուներին և Արցախյան պատերազմում զոհված գործընկերների ընտանիքներին: Տոնի կապակցությամբ ոլորտի մի շարք աշխատողներ ԱՀ քաղաքաշինության նախարարության ու ՙՋրամատակարարում և ջրահեռացում՚ ՓԲԸ-ի կողմից պարգևատրվել են: Ընկերության ընթացիկ աշխատանքների, խնդիրների և առնչվող այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ի տնօրեն Մարտիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ: -Պարոն Հայրապետյան, շատ հուզիչ էր կոլեկտիվից զոհված աշխատողների կանանց և մայրերին ծաղիկներով շնորհավորելը: Հաճա՞խ եք նման վերաբերմունք ցուցաբերում: 

-Յուրաքանչյուր արցախցի մեծ ակնածանքով է վերաբերվում զոհվածների հիշատակին: Ես անցել եմ պատերազմի թոհ ու բոհով, ընկերներ եմ կորցրել, այդ վիշտը չի մոռացվում: Ու մեր մասնագիտական տոնը, ինչպես նաև այլ առիթներ, լավ միջոց է մեր զոհվածների ընտանիքներին ցուցաբերել այն խորին հարգանքը, որը միշտ չես կարող արտահայտել: 

- Խոսենք նաև ընթացիկ աշխատանքների մասին, որը հիմնականում կապված է վթարների վերացման հետ: Վերլուծո՞ւմ եք պատճառները, դրանք նվազելու միտում ունե՞ն:  

-Ջրագծերի վթարների պատճառները հիմնականում տեխնածին են, այսինքն՝ հնարավոր է դրանք լինեն գործարանային, շինարարական խոտաններ, տեխնոլոգիաները չպահպանելու արդյունք: Ընկերությունը վերլուծում է միայն այն պատճառները, որոնք կապված են ձեռնարկության կողմից կատարվող աշխատանքների հետ: Այսպես, ուսումնասիրելով և վերլուծելով ջրատարների նախորդ տարիների սառցակալման բնույթը, 2016-2017 ձմեռվա ամիսների նախօրյակին քաղաքի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման համակարգում իրականացրել ենք ջրատար խողովակների ջերմամեկուսացման աշխատանքներ: Արդյունքում ձմռան ամիսներին ունեցել ենք սառցակալման մի քանի դեպք, այն էլ՝ մասնավոր սեփականություն հանդիսացող ներքին ցանցի ջրագծերում: 

Բոլորիս հայտնի է, որ քաղաքի կոյուղագծերն ունեն լուրջ ներդրումների կարիք՝ հին կոյուղագծերի փոխարինում, նոր կոյուղագծերի և ցանցի կառուցում, կոլեկտորների տեղադրում և այլն: ԱՀ քաղաքաշինության նախարարության ու Ստեփանակերտի քաղաքապետարանի միջոցներով յուրաքանչյուր տարի քաղաքի տարբեր հատվածներում կատարվում են զգալի աշխատանքներ՝ նոր թաղամասերի ջրամատակարարման, կոյուղագծերի և անձրևաջրերի հեռացման գծերի առանձին հատվածների շինարարություն: Չնայած ֆինանսական սուղ պայմաններին` կառավարության, Քաղաքաշինության նախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի և մեր ընկերության միջոցներով քաղաքում իրականացվում են ջրագծերի և կոյուղագծերի կապիտալ շինարարության և ընթացիկ վերանորոգման զգալի աշխատանքներ: Սակայն զարմանալին այն է, որ կոյուղագծերի վթարների կամ խցանումների ճնշող մեծամասնության պատճառը ոչ թե կոյուղագծերի հնամաշ լինելն է, այլ մարդկային գործոնը: 

Մեր ժողովուրդը այդպես էլ չսովորեց, որ կոյուղին չի կարող որպես աղբաման ծառայել: 

Նշեմ, որ ընկերությունն անցած տարի, ընդհանուր առմամբ, վերացրել է 5348 վթար: Այս տարվա 2,5 ամիսների ընթացքում վերացվել է 919 վթար: Անշուշտ, վթարները պակասում են տաք ամիսներին, բայց նման խնդիրների առկայության դեպքում վթարների լուրջ նվազում չի սպասվում: 

-Ի՞նչ իրավիճակ է ջրահեռացման համակարգում: 

- Պետք է փաստել, որ անձրևընդունիչների համակարգ մեզ մոտ համարյա գոյություն չունի: Ջրահեռացման համակարգի մի մասը մոտ 40-50 տարվա վաղեմություն ունի, և տեղադրված խողովակաշարերն ըստ տրամագծերի չեն համապատասխանում ներկայիս այն մակերեսին, որից անհրաժեշտ է ջրահեռացում կատարել: Բոլոր դեպքերում խնդիրը կայանում է նրանում, որ գոնե այն հատվածները, որտեղ դեռևս գործում են անձրևընդունիչներ, կարողանանք աշխատունակ պահել: 

-Անդրադառնանք զտիչ կայանների աշխատանքներին: 

-Աշխատանքները վերահսկվում են, առաջացած խնդիրներին էլ տալիս ենք համապատասխան լուծումներ: Մեծ փոփոխություն է կատարվել թիվ 1 զտիչ կայանում. տեխնոլոգիական ընթացքը հարմարեցվել է օգտագործվող ջրի բնույթին, որի շնորհիվ լուծում է տրվում գարնանային ու աշնանային պղտորումների ժամանակ առաջացած հարցերին: Գերակա խնդիր կա թիվ 2 զտիչ կայանում, որտեղ դեռևս գործում է զտիչների ինքնաշեն վթարային տարբերակը, որն անհրաժեշտ է վերակառուցել: Այն նախատեսված է իրականացնել այս տարի, նախագիծն արդեն պատրաստ է: 

-Ջրի որակի ապահովման համար գործող լաբորատորիան հագեցա՞ծ է անհրաժեշտ սարքավորումներով: 

-Ընկերությունում մշտական գործող ՙՋրի արտադրման, որակի ապահովման՚ լաբորատորիան հագեցված է ժամանակակից սարքավորումներով: Այն իրականացնում է պահանջվող լաբորատոր բոլոր աշխատանքները. նմուշահանում, անալիզ, վարակազերծում` ոչ միայն պլանային, այլև նախատեսվածից առավել մեծ ծավալի, հատկապես` ամռան շրջանում, երբ սուր վարակիչ հիվանդությունների բռնկման վտանգը մեծանում է: Ընկերության լաբորատորիան ԱՀ ԱՆ ՀՀԿ ՊՈԱԿ-ի հետ համատեղ նախապես մշակում ու հաստատում է ջրի որակի հետազոտությունների ժամանակացույցը (նմուշառման հաճախականությունը, նմուշների քանակը, որոշվող ցուցանիշները) և տարվա ընթացքում առաջնորդվում այդ ժամանակացույցով: Վթարների պարագայում լաբորատորիան տեղեկացնում է ԱՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը, ստանում համապատասխան ցուցումներ, հրահանգներ և առաջնորդվում դրանցով: Պարբերաբար կազմակերպվում է ջրային կառույցների համապատասխան աշխատողների առողջական վիճակի բուժզննություն: 2017թ. անձնակազմը վերապատրաստվել է. սիստեմատիկաբար կազմակերպվել են գործնական պարապմունքներ, տրվել մեթոդական ցուցումներ: 

-Ձեր աշխատանքի վերաբերյալ կա՞ դժգոհություն բնակչության կողմից: 

-Նման խնդիր կա: Բանն այն է, որ ջրամատակարարման համակարգում առկա են ավելի քան 2500 ԴՀ-եր (դիտահորեր) և ՋԲՀ-ներ (ջրաբաշխիչ հորեր): ՋԲՀ-ներում տեղադրված հաշվիչների ցուցիչների գրանցումը հսկիչ-փականագործներից շատ մեծ ջանքեր է պահանջում: Պատճառն այն է, որ դրանք տեղադրված են ստորգետնյա հորերում, և, քաղաքի ռելիեֆային կտրվածքով պայմանավորված, անձրևաջրերն ու ձնհալները լցվում են այդ հորերի մեջ, ջերմաստիճանի տարբերությունից առաջացած կոնդենսանտն անթափանց է դարձնում ջրաչափերի ցուցիչների ապակիները: Այդ պատճառով տեղի է ունենում ցուցիչների ոչ ճիշտ գրանցում, հետևաբար և բնակիչների դժգոհություն: ԴՀ-ի և ՋԲՀ-ի պահպանման և սպասարկման խնդիրը քննարկվել է քաղաքապետի մոտ, նշվել  լուծման տարբերակը` ստեղծել առանձին մասնագետների խումբ. այն հավանության է արժանացել քաղաքապետի կողմից: 

-Բազմաբնակարան շենքերում հաշվիչների տեղադրման հետ կապված ևս կա՞ն խնդիրներ:  

-Նախ, խնդիրներն առաջ են գալիս մեր հսկիչների առջև, քանի որ բազմաբնակարան շենքերի բնակարաններում հաշվիչները տեղադրված են խորքային տեղերում, ինչն անհնարին է դարձնում դրանց վիճակի ու ցուցանիշների վերահսկումը, առաջացնում բնակիչների դժգոհությունը: Բանն այն է, որ բաժանորդների հիմնական մասը տներում լինում է ժամը 18:00-ից հետո կամ շաբաթ-կիրակի օրերին: Բնական է, որ նշված ժամերին յուրաքանչյուր բնակիչ վերոնշյալ տարածքներն ավելի շատ է օգտագործում, և հսկիչների մուտքն անպատեհ է, իսկ ժամը 20:00-21:00-ից հետո հսկիչի մուտքը բնակարան խանգարում է մարդկանց հանգիստը: Վերոնշյալի վերլուծությունը և այլ քաղաքների փորձի ուսումնասիրությունը բերել են այն եզրահանգման, որ նպատակահարմար է, երբ հաշվիչը տեղադրված է բնակարանից դուրս, ինչպես, օրինակ, Թումանյան  121, 123, Սարոյան  1, Ս. Դավթի 6 շենքերում: Մի շարք շենքերի բնակարաններով անցնող ջրատար կանգնակներն էլ գտնվում են սալիկների տակ, որն անհնարին է դարձնում արտահոսքերի ժամանակին հայտնաբերումն ու վերացումը: Հետևանքները պարզ են:  Նշված խնդիրները մեծ դժգոհություն են առաջացնում այդ բնակիչների ճնշող մեծամասնության մոտ, որի համար ընկերությունը մեղավոր չէ: Հարցը բազմիցս բարձրացվել է, լուծումը ֆինանսատար է, մոտ ապագայում չի սպասվում: Հույս ունենք, որ նոր կառուցվող շենքերում խնդիրը հաշվի կառնեն: 

-Որպես ռազմավարական ուղղություն, ստանձնել էիք ջրագծերի, կոյուղագծերի քարտեզագրումը:     Ինչպե՞ս են ընթանում այդ աշխատանքները: 

-Քաղաքապետարանի աջակցությամբ այդ կարևոր և դժվարին գործերի համար բացել ենք հատուկ` տեխնիկական բաժին: Բաժնի կողմից արդեն կատարվել են քաղաքի մի շարք գոտիների ջրամատակարարման և կոյուղու ցանցերի քարտեզագրման աշխատանքներ՝ գծագրական ալբոմների տեսքով: Պետք է խոստովանել, որ դա դյուրին գործ չէ. շատ դեպքերում այդ ցանցերը չեն անցնում նախատեսված տեղով, և անհրաժեշտ է լինում այդ շեղումները ճշգրտել, ճշգրտություններ մտցնել գործող նախագծի մեջ: Քաղաքն է մեծանում, զարգանում, նոր ջրագծեր, կոյուղագծեր են անկացվում, որոնք նույնպես պետք է մտցվեն գործող նախագծի մեջ: Մի խոսքով` դա երկարատև ու ժամանակատար աշխատանք է, որի արդյունքը հուսալիորեն կծառայի մեր սերունդներին: 

Այս տարի նախատեսել ենք ստեղծել էլեկտրոնային կայքէջ, որը բաժանորդներին թույլ կտա հետևել իրենց հետաքրքրող տեղեկություններին: Ընկերությունը, օգտվելով արդի տեխնոլոգիաներից, արևահավաք վահանակներով հեռավերահսկման տեսախցիկներ կտեղադրի: Կկատարելագործենք հաճախորդների սպասարկումը, փակագծերը չեմ բացում, բայց, վստահ եմ` բնակչությունը գոհ կլինի:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ