[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Հանրապետությունում ընթացող վերաբնակեցման գործընթացի մասին է մեր հարցազրույցը  ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության վերաբնակեցման և միգրացիայի բաժնի պետ Էլինա ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ: 

 - Վերաբնակեցման գործընթացի ակտիվացումը միշտ էլ մեր հանրապետության համար դիտարկվել է որպես զարգացման և առաջընթացի առաջնահերթ ու  անչափ կարևոր ուղղություն: Տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են գրանցվել վերաբնակեցման քաղաքականության ծրագրերում:  

Ըստ Ձեզ՝ այսօր պետության կողմից ձեռնարկվող քայլերն այս դաշտում կարելի՞ է համակարգված և հետևողական  անվանել: 

-Մեր հանրապետության  բնակավայրերի վերականգնման և վերաբնակեցման, ինչպես նաև մեծաթիվ բռնագաղթածների, բռնի տեղահանվածների տարաբնակեցման ծրագիրը գործում է 1993 թվականից: Պետք է ասել, որ եթե հայրենադարձության քաղաքականության խնդիրը սկզբնական շրջանում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով իրենց բնակավայրերից հեռացած և հարևան երկրներում ապաստանած, անօթևան մնացած մեր հայրենակիցների վերադարձի կազմակերպումն էր, ապա 2007 թվականից արդեն վերաբնակեցման ծրագիրը  որակապես փոխել է բնույթը, առաջնահերթություն է տրվել հայրենադարձների անվտանգ տեղափոխման ապահովման, յուրաքանչյուր ընտանիքի բնավորման, նորմալ կենսապայմանների ստեղծման, զբաղվածության խնդիրների լուծման հիմնադրույթներին: Ծրագիրը պետական քաղաքականության հիմնարար բաղկացուցիչներից է, և անկախության առաջին իսկ տարիներից այն  մեր հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում էր, ու գործընթացի շարունակական կենսագործման համար հստակ դիրքորոշումը չի փոխվել, անկախ նրանից, թե որ պետական գերատեսչության շրջանակում  է այն իրականացվել:  Դրա ապացույցն են նաև ԱՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո հայրենադարձության ծրագրի նոր շեշտադրումները, որոնք համահունչ են օրվա հրամայականներին:   

-Ներկայում ինչպե՞ս է ընթանում վերաբնակեցման գործընթացը:  Ի՞նչ են վկայում վերջին տարիների հայրենադարձության վիճակագրական տվյալները: 

- Վերաբնակ ընտանիքներին արտոնություններ տրամադրվում են գործադիրի համապատասխան որոշումներով. տեղափոխման ծախսերը փոխհատուցելու, նրանց սոցիալ-կենցաղային կարիքները հոգալու, տեղում հնարավորինս կարճ ժամանակահատվածում հաստատվելու գումարներից բացի վերաբնակ ընտանիքները պետական օժանդակություն են ստանում նաև գործարար նախաձեռնությամբ սեփական մանր տնտեսություն գործարկելու համար: Ծրագրով հայրենադարձ յուրաքանչյուր ընտանիքի 10 տարվա օգտագործման իրավունքով տրամադրվում է անհատական տուն կամ բնակարան, որը, պարտավորությունների կատարման դեպքում, նվիրատվության պայմանագրով նրան է հանձնվում: Մշտական օգտագործման իրավունքով վերաբնակ ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվում է 0,6 հա հողատարածք: Վերաբնակ ընտանիքը 5 տարի ժամկետով  ազատվում է բնակարանային, կոմունալ ծառայությունների  վարձավճարից: Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում ընտանիքի յուրաքանչյուր շնչին տրվում է վառելափայտի և էլեկտրաէներգիայի փոխհատուցում:   

Վերաբնակիչներն օգտվում են սոցիալական պաշտպանության իրավունքից` օրենսդրությամբ սահմանված կարգով ԼՂՀ քաղաքացիներին համահավասար: 

2007-2017 թվականների վիճակագրությունը փաստում է, որ  վերաբնակեցմանն ուղղված պետական ծրագրի արդյունքում հանրապետության տարբեր բնակավայրերում մշտական բնակություն հաստատած վերաբնակիչներից ընդամենը 3%-ն է կենսաթոշակային տարիքի, իսկ 44%-ը կազմում են անչափահասները, այսինքն՝` տնտեսական տեսանկյունից էլ ծրագիրն արդարացված է:  

Վերջին տարիներին Քաշաթաղի շրջանում ապաստանել, ապա և մշտական բնակություն են հաստատել 26 սիրիահայ ընտանիքներ՝ 76 անձ, ովքեր Կովսական, Իշխանաձոր, Աղավնո համայնքներում ապահովվել են բնակելի տներով, անհրաժեշտ գույքով: Պետական ու բարեգործական ամենատարբեր ծրագրերով նրանց տրամադրվել է ֆինանսական և նյութական տարաբնույթ օգնություն: 

Վերաբնակեցման քաղաքականությանը զուգահեռ կառավարությունը մեծ թափ է հաղորդել Քաշաթաղի և Շահումյանի շրջանների զարգացմանը` գլխավոր նպատակ ունենալով տեղում բնական հավելաճի, տնտեսական ակտիվության և կեցության համար արժանապատիվ պայմանների ապահովումը: Մի քանի անգամ աճել է նշված շրջաններում ենթակառուցվածքների վիճակի բարելավմանն ուղղվող գումարների չափը: 2009 թվականից գործարկվել է նաև նախորդ տարիներին մշտական բնակություն հաստատած վերաբնակ ընտանիքների բնակելի տների՝ պետության կողմից հատկացված շինանյութով սեփական ուժերով վերակառուցման ծրագիրը: Վերաբնակ ընտանիքների բնակսեփականաշնորհման գործընթացի մեկնարկից` 2011թ.-ից սկսած, ընդամենը 6 տարվա ընթացքում ԼՂՀ տարբեր համայնքներում ավելի քան 10 տարի բնակվող 608 վերաբնակ ընտանիքներ նվիրատվությամբ ստացել են պետական միջոցներով կառուցված բնակելի տները, ընդ որում` նվիրատվության գործընթացի ֆինանսական պարտավորությունները ևս պետությունը վերցրել է իր վրա: 

-Ի՞նչ բարեգործական կազմակերպություններ են առավել ակտիվ ներգրավված այդ ծրագրերում: 

-Բարեգործական կազմակերպություններից կարելի է առանձնացնել  Լիբանանի ՙԱրցախ ֆոնդ՚, ՙՆոր կյանք, նոր հույս՚, ARI (Artsakh roots investment) կազմակերպությունները: Պարբերաբար միջոցառումներ են կազմակերպում նաև ՙԹուֆենկյան՚ և ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամները:  Մասնավորապես, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի զարգացմանը, որպես օժանդակ օգնություն, հատկացվել է նաև Արցախի ազգային վիճակախաղի խաղարկության հասույթի ավելի քան 50%-ը: Նշեմ,  որ Լիբանանի վերոհիշյալ բարեգործական կազմակերպությունների ծրագրերից օգտվել են 3 և ավելի երեխաներ ունեցող 1153 ընտանիքներ: Վերջին 10 տարիներին Քաշաթաղի և Շահումյանի շրջանների  գյուղատնտեսությամբ զբաղվող 854 սուբյեկտների տրամադրվել է  ավելի քան 1,6 մլրդ  դրամի չափով փոխառություն՝`միտված  շրջանների տնտեսական զարգացմանն ու վերաբնակեցմանը: ԼՂՀ կառավարության և  ARI-ի համագործակցության արդյունքում Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կառուցվել և վերաբնակ ընտանիքներին է հանձնվել 26 բնակելի տուն, ևս 24-ի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: Հայրենադարձության ծրագրի շրջանակներում վերջին 10 տարիների ընթացքում բարեգործական կազմակերպությունների միջոցներով շուրջ ութ տասնյակ ընտանիքներ ապահովվել են նորակառույց բնակելի տներով:  ՙԹուֆենկյան՚ բարեգործական հիմնադրամի կողմից Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղական համայնքում տներ են կառուցվել 6 բազմանդամ ընտանիքների համար, որոնցից երկուսն  Ադրբեջանից բռնագաղթած փախստական ընտանիքներ են:  

-Ի՞նչ փոփոխություններ են կատարվել վերաբնակիչների համար նախատեսված աջակցության ծրագրերում, բոլոր վերաբնակիչների համար  միատեսա՞կ արտոնություններ են նախատեսված: 

-Վերաբնակեցումն իրագործող ծրագրերը համապարփակ միջոցառումների ամբողջություն են կազմում ԱՀ ամբողջ տարածքում: Կիրարկման հիմնարար, ընդհանուր սկզբունքներով հանդերձ, դրանք ընդգրկում են առանձին տարածաշրջանների ֆիզիկա-աշխարհագրական, տնտեսական ներուժի, ինչպես նաև մշտական բնակության տեղափոխվող անձանց մասնագիտական յուրահատկությունները: 

-Ընթացիկ տարում, ինչպես հայտնի է, վերաբնակեցման ծրագրերի խթանման համար պետբյուջեից հատկացվող գումարը նկատելիորեն  աճել է: Արդեն կարելի՞ է խոսել կոնկրետ ծրագրերի և անելիքների մասին: 

-ԱՀ պետբյուջեից վերաբնակեցման ծրագրին հատկացվել է շուրջ 656 մլն դրամ, որից 400 մլն-ը կօգտագործվի բնակարանաշինական ծրագրերի համար, ընդ որում` կառավարության որոշման նախագծով  ըստ եռամսյակների սահմանվում են նոր բնակելի տների կառուցման առաջնահերթությունները: Շուրջ 256 մլն դրամն էլ նախատեսված է նոր եկած ընտանիքների ընդունման, սահմանված արտոնությունների տրամադրման, արդեն վերաբնակված ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման համար:  

Մեր իշխանությունների կողմից բազմիցս հատկանշվել է, որ հայրենադարձության ծրագիրը համազգային կարևորություն ունի, և դրա իրագործմանը պետք է ուղղվեն համայն հայության միջոցներն ու ջանքերը: Այս մասին բարձրաձայնվել է նաև 2017թ. սեպտեմբերին կայացած Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ընթացքում:  

Հուսով ենք` ՀՀ տարբեր գերատեսչությունների, Սփյուռքի տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ բարեգործական նախաձեռնություններն այս ոլորտում կվերածվեն համազգային  բազմաշերտ միջոցառումների համալիր գործընթացի: 

 Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ