[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է, ԵՐԲ ԱՄԵՆ ՕՐ ԶԲԱՂՎԱԾ ԵՍ ՔՈ ՍԻՐԱԾ ԳՈՐԾՈՎ՚

Սվետլանա Սերգեյի Պետրոսյան` մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչուհի, Ստեփանակերտում դասավանդման հենց առաջին օրվանից` սիրված ու հարգված անձնավորություն:

Նա վաղուց թոշակառու է, բայց մինչ այսօր պահանջված մասնագետ է: Դասավանդում է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցում: Ո՞րն է երկարամյա արդյունավետ աշխատանքի գաղտնիքը: Ի՞նչ աշխարհընկալման, գաղափարների տեր մարդ է նա: Ո՞րն է կնոջ դերը հասարակության, հայ ընտանիքի մեջ: Այս ամենի շուրջ է Սվետլանա ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցը:

-Գուցե փոքր-ինչ ծեծվա՞ծ հարցից սկսենք զրույցը: Ինչպե՞ս եք ընկալում Մարտի 8-ի, Ապրիլի 7-ի, այսպես ասած, կանանց տոները, միամսյակը: Ընդունո՞ւմ եք, դա ճի՞շտ երևույթ է, թե՞… 

-Եթե կա ինչ-որ մի օր` նվիրված կանանց, դա ողջունելի է: Բայց մեզ մոտ, չգիտես ինչու, իսկական իրարանցում է առաջանում այդ օրերին, ընդ որում, շատ դեպքերում առանց սրտից բխած անկեղծ խոսքերի: Ես դրան դեմ եմ, դա չեմ ընդունում: Շուրջբոլորը աղմուկ, իրարանցում, բայց հոգիդ դատարկ է մնում: Իսկ կնոջը պետք է հարգել, միշտ սիրել, և` ոչ միայն տոն օրը: Միշտ գիտակցել, որ նա մայր է, կին է, պետության հավասարազոր անդամ է: Իսկ ձևականորեն ինչ-որ ծաղիկներ, նվերներ ստանալ, ինքդ նվիրել, ճիշտն ասած, չեմ ընկալում: Թեկուզև դրա մեջ իմաստ կա: Ես ունեմ հարս և թոռնիկ-աղջիկ: Միշտ նրանց համար պահում եմ փոքրիկ նվերներ, որովհետև երբ այդ օրը նրանք հյուր են գալիս` ինձ շնորհավորելու, ես նրանց այդ փոքրիկ նվերներն եմ տալիս և ուրախանում նրանց ուրախությամբ: Բայց մեծ շուքով հանդիսություններ կազմակերպել, ճոխ սեղաններ գցել, կարծում եմ, չարժե: Սիրում եմ անկեղծությունը, ընդունում եմ կնոջ ամենօրյա պատվելը: Միայն այս լույսի տակ եմ ընկալում կանանց նվիրված տոները:

-Առ այսօր Ձեզ հրավիրում են դասավանդելու: Ուրեմն, դեռ պինդ եք, լավ ձևի մեջ եք: Ո՞րն է, անգամ այդ տարիքում, ձիգ, երիտասարդ մնալու գաղտնիքը:

-Գիտեք, ինչ-որ առանձնակի գաղտնիք չկա: Պարզապես ես լալկան չեմ: Կարծում եմ, դա բնավորության շատ կարևոր հատկանիշ է: Ոչ մեկը չի մտնի քո խնդիրների մեջ, ինչքան էլ դու բողոքես: Դու ինքդ ես քո կյանքի, ճակատագրի տերը: Քո խնդիրները ինքդ պետք է լուծես: Մյուս կարևոր հատկությունը, որ հոգիդ մաքուր ու առողջ է պահում, մարդկանց չնախանձելն է: Այդ էներգիան ծախսիր քո կյանքը դասավորելու, կառուցելու համար: Անգամ այն մարդկանց, ովքեր ինձ վնաս են հասցրել, վիրավորել են, նույնով չեմ պատասխանում: Ես անցել եմ Սովետական Միության փլուզման շատ ծանր տարիները, երբ կուտակած ունեցած-չունեցածը ռուբլու արժեզրկման հետևանքով կորցրինք, և ապահոով, բարեկեցիկ ընտանիքը կանգնեց աղքատության եզրին: Անցել եմ թոռնիկիս ծանր հիվանդության դժվարություններով: Կորցրել եմ ամուսնուս, ում հետ ապրել եմ 46 տարի խաղաղ ու համերաշխ կյանքով: Այնպես չէ, որ տարակարծություն, վեճեր չեն եղել, բայց իրար հետ անկեղծ ու բաց էինք և ամեն ինչ հումորով էինք անցկացնում: Ես լավատեսորեն եմ ամեն ինչին նայում: Ո՞վ պիտի ինձ սովորեցնի առանց ամուսնու ապրել, կառուցել հետագա կյանքս: Ոչ ոք: Ես պետք է դա անեմ: Փառք Աստծո, զավակներս այստեղ են և ինձ մենակ չեն թողնում, ձգտում են ինչ-որ ձևով ինձ աջակցել:

-Համաձայն եմ, դա քիչ չէ: Տիկին Սվետլանա, մեկ ուրիշը լիներ Ձեր տարիքում, կասեր, բավական է` ինչքան աշխատել եմ, հիմա էլ հանգստանամ: Բայց Դուք մեծ հաճույքով ու պատրաստակամությամբ եք դասավանդում:

-Այո, դա նրանից է գալիս, որ ի սկզբանե ես իմ գործը սիրել եմ: Համալսարանում սովորելիս դասավանդման ոչ մի մեթոդիկա չեմ անցել: Բայց շատ եմ սիրել երեխաներին: Սիրել եմ դասավանդել պաշտելի իմ առարկաները` մաթեմատիկան, ֆիզիկան: Եվ ամեն ինչ ստացվում, իր հունով էր ընթանում. երեխաներն ինձ էին սիրում, հարգում, ես էլ` իրենց: Նրանց` հետաքրքրությամբ լցված աչքերը, հայացքները երբեք չեմ մոռանում: Մինչև 68 տարեկանը լիարժեք աշխատում էի ֆիզմաթ դպրոցում. և՜ դասավանդում էի, և՜ ֆակուլտատիվ պարապմունքներ անցկացնում, աշակերտներիս ակտիվորեն օլիմպիադաների պատրաստում: Դպրոցի և՜ Ստեփանակերտի մասնաճյուղի, և՜ Երևանի գլխամասի տնօրենները, գնահատելով իմ աշխատանքը, թույլ էին տալիս շարունակել աշխատելու:

Հինգ տարի է միայն ֆակուլտատիվ պարապմունքներ եմ տանում: Դա դժվար, բայց շատ հետաքրքիր աշխատանք է: Երջանկություն է, երբ ամեն օր զբաղված ես քո սիրած գործով:

-Մի խոսքով, հանգիստ կյանքը Ձեզ համար չէ…

-Չէ, ինձ համար չէ: Չեմ սիրում իջնել բակ, պարապ կանանց հետ ինչ-որ մեկի մասին բամբասել: Սիրում եմ ինձ հարազատ, մտերիմ մարդկանց, նրանց ընտանիքների, դպրոցի կոլեկտիվի հետ շփվել: Սիրում եմ բացել դուռը և հենց առաջին խոսքերից մի այնպիսի բան ասել կամ անեկդոտ պատմել, որ բոլորը լիաթոք ծիծաղեն ու բոլորի տրամադրությունը բարձրանա: Հիմա մենակ եմ ապրում: Չեմ  տրտնջում: Երբեք: Ունեմ համակարգիչ, հեռուստացույց: Դրանք իմ հաղորդակիցներն են աշխարհի հետ: Երբ հեռուստացույցով ինչ-որ մեկը հետաքրքիր թեմայով ու խելամիտ խոսում է կամ քննարկում է գնում, կապ չունի` իմ մասնագիտությանն է դա վերաբերում, թե` ոչ, ես ուրախանում եմ, որ նման խելացի մարդիկ կան, ապրում եմ նրանց մտահոգություններով, մտքերով, եզրակացություններով: Անասելի հաճույք է ինձ պատճառում, երբ տեսնում եմ կամ, առավել ևս, շփվում եմ գրագետ, մտածող, կիրթ մարդու հետ, ով անտարբեր չէ իր ասպարեզում, ընդհանրապես, աշխարհում առկա խնդիրների հանդեպ: Ինձ համար անտարբեր մարդն ամենասարսափելի էակն է աշխարհում: Պատկերացրեք, եթե մեր ժողովուրդը ոչ թե վտանգի պահին, ինչպես դա եղավ 2016թ. ապրիլյան օրերին, այլ ամեն ինչի հանդեպ զգոն լինի, անտարբեր չլինի, ինչպիսի հաջողությունների կարող ենք հասնել:

-Այս տարի լրացավ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Դուք, որպես ճշգրիտ գիտությունների մասնագետ, ի՞նչ եք կարծում, մենք` այժմ ապրողներս, կտեսնե՞նք այն օրը, երբ Արցախի Հանրապետությունը ճանաչում կստանա:

-Բնավորությանս համաձայն, կրկին լավատեսությամբ եմ մոտենում նաև այս հարցին: Ավելին, կարծում եմ, աշխարհում ոչ մի բան տեղում կանգնած չի մնում: Ամեն ինչ առաջ է շարժվում: Մի՞թե մեզ շրջապատող աշխարհի բարձր գիտակցությունը չի հասնի այն ընկալմանը, որ մենք, թեկուզև փոքր ազգ ենք, բայց արժանի ենք հարգանքի և հնարավորության` ապրել այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Կամա՛ց-կամաց մենք դրան կհասնենք: Աշխարհում շատ ժողովուրդներ հասել են դրան շատ ավելի երկար ժամանակահատվածում: Ահա թե ինչու եմ ասում, որ Արցախում յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ դա երկար գործընթաց է, և նա կարող է այդ օրը մոտեցնել իր նվիրյալ ու որակյալ աշխատանքով ցանկացած ասպարեզում: Ես դա ձգտում եմ հասկացնել իմ աշակերտներին:

-Շրջապատված թշնամի հարևաններով, Արցախը, անշուշտ, Հայաստանի հետ մեկտեղ, կարո՞ղ է զարգացած պետություն կառուցի:

-Իհարկե, կարող է: Ամեն ինչ մեզանից է կախված: Եթե մենք ասենք մի բան, բայց անենք բոլորովին այլ, հասկանալի է, ոչնչի էլ չենք հասնի: Զարգացման շարժիչ ուժը ժողովուրդն է: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում շատ լավ պետք է կատարենք մեր գործը: Միայն դա կարող է մեզ առաջ տանել, չնայած բազմաթիվ դժվարություններին: Չենք կարող համեմատություններ անել հետպատերազմյան տարիների հետ: Տեսեք, կյանքն ինչքան է բարելավվել: Բայց կարող ենք անել ավելին, մեր ժողովուրդն ի վիճակի է դա անել, եթե, կրկնում եմ, յուրաքանչյուրս իր տեղում, առանց կեղծելու, լավագույնս անի իր գործը:

-Ի՞նչ կցանկանայիք հայ կնոջը: Ի՞նչ մաղթանքներ կուղղեք նրան:

 

-Կցանկանամ, որ հայ կինը մտածի իր ընտանիքի, իր երեխաների բարոյական դաստիարակման, ընտանիքում բարի, ներդաշնակ մթնոլորտ ստեղծելու մասին: Ես դեմ եմ այսօր հնչող թեզիսներին` ուղղված, այսպես ասած, արդի կնոջը. սիրիր քեզ, գնահատիր քեզ: Այս ինչ սուտ մտքեր են: Կինն է ընտանիքի առանցքը, 24 ժամվա ընթացքում նա պետք է մտածի և հոգա ամուսնու, երեխաների, աշխատանքի, պետության և, անշուշտ, ինքն իր մասին: Ժամեր վատնել վարսավիրանոցներում, խանութներում, մարզադահլիճներում, իբր նիհարելու համար, կարծում եմ, անիմաստ է: Ուզում եմ, որ մեր կանայք կենտրոնանան իրենց մերձավորների, ընտանիքի երջանկության վրա: Հայկական հեռուստաալիքներով հայկական սերիալներ են ցուցադրում, որտեղ հայ կանայք անընդհատ տանը գոռում են, դավադրություններ իրականացնում: Դա աննորմալ երևույթ է: Դա հատուկ չէ հայ կնոջը: Իսկ եթե հիմա նման միտումներ կան, պետք է էկրաններից հակառակը դաստիարակել: Ուզում եմ, որ աղջիկները, կանայք օրինակելի ապրելաձևը վերցնեն ոչ թե այդ ահավոր ֆիլմերից, այլ իրենց ընտանիքներից, լավ գրքերից: Հասկանան, որ գոռգոռալով, անիծելով, ատելով չեն կարող ընտանիք ստեղծել, երջանիկ լինել: Մեր կանայք սիրուն են, կիրթ են, հետաքրքիր են: Բայց ուզում եմ, որ նրանք, առաջին հերթին, հոգևոր գեղեցկություն իրենց հետ ընտանիք բերեն:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ