[ARM]     [RUS]     [ENG]

ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱԿՆԵՐԵՎ Է

 2017 թվականին Արցախի Հանրապետության կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրով, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով և ֆինանսական այլ աղբյուրների հաշվին Ասկերանի շրջանում նշանակալի աշխատանքներ են իրականացվել կապիտալ շինարարության, օբյեկտների վերակառուցման-վերանորոգման, շրջանի համայնքներում բնական աղետներից տուժած բնակելի տների և հասարակական նշանակության օբյեկտների վերականգնմանն աջակցելու համար։

Հաշվետու տարում կատարվածի, ոլորտում առկա խնդիրների շուրջ ճեպազրույց ունեցանք շրջանի վարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Ալբերտ  ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ։

 -Պարոն Ավանեսյան, ներկայացրեք, խնդրեմ, 2017 թվականին շրջանում կատարված կառուցապատման աշխատանքները։

   -Նախ, նշեմ, որ կառուցապատման աշխատանքներում շոշափելի բաժինը հասնում է պետպատվերով իրականացված ներդրումներին, որոնց ծավալը 2017թ. կազմել է ավելի քան 860մլն դրամ։ Ընթացիկ տարում զոհված ազատամարտիկների ընտանիքների համար վերանորոգվել է 10 բնակելի տուն։ Նորագյուղում և Լուսաձորում կառուցվել, իսկ Ասկերանում բազմազավակ ընտանիքների համար գնվել է 1-ական տուն։ Ընթացքի մեջ են բազմազավակ ընտանիքների համար բնակելի 14 տների շինարարական աշխատանքները։ Սոցիալական այլ խմբերին պատկանող ընտանիքների համար Խնապատում կառուցվել է մեկ բնակարան, յոթ ընտանիքի աջակցություն է ցուցաբերվել բնակարանային պայմանների բարելավման համար։ 2017թ. կառուցվել և շահագործման է հանձնվել Նորագյուղի 100-տեղանոց մանկապարտեզի շենքը, իսկ մարտ ամսում շահագործման է հանձնվել նաև Ասկերանի արվեստի դպրոցի շենքը, Խնապատում կառուցվել են 0.4 կՎ օդային գիծը և արտաքին լուսավորության ցանցը, լուծվել են Նորագյուղի և Սարուշենի մանկապարտեզների և Ասկերանի արվեստի դպրոցի գույքի ձեռքբերման հարցերը։ Շոշափելի աշխատանքներ են տարվել շրջանի տարածքով անցնող պետական և ընդհանուր օգտագործման տեղական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման, վերակառուցման և պահպանման ուղղությամբ։ Ոռոգման և ջրամատակարարման համակարգերի զարգացում և շահագործում ծրագրով ավարտվել են Ծաղկաշատի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները, ընթացքի մեջ է Ռև, Սարուշեն, Պատարա և Շոշ գյուղերի ջրամատակարարման համակարգերի կառուցումը։

Շրջանի տարածքում բնական աղետներից տուժած բնակելի տների և հասարակական օբյեկտների վերականգնման նպատակով կապիտալ ներդրումներով նախատեսված միջոցներով ձեռք է բերվել 15մլն դրամի շինանյութ, ինչն օգնության կարգով տրամադրվել է 83 ընտանիքի և 6 հասարակական օբյեկտի։ Քաղաքաշինության նախարարության կողմից շրջվարչակազմին հատկացված 2000 քառ. մետր թիթեղը, 40 խորանարդ  մետր փայտանյութն ու 10տ ցեմենտը վերանորոգման աշխատանքներին աջակցելու նպատակով բաշխվել են շրջանի համայնքների կարիքավոր բնակիչներին։

   - Ի՞նչ նոր ծրագրեր ու մտահղացումներ կան։

   -Ներկայում ընթացքի մեջ են Իվանյանի, Քռասնու և Խնձրիստանի համայնքային կենտրոնների շինարարական աշխատանքները, իսկ Ուղտասարում դպրոցական շենքի շինմոնտաժային աշխատանքներն ավարտման փուլում են։ Նախագծման փուլում է Շոշ համայնքում 50-տեղանոց մանկապարտեզի շենքը։ Այս աշխատանքներն իրականացվում են ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ։ Կապիտալ շինարարության բնագավառում դեռևս առկա են որոշակի թերություններ և խնդիրներ։ Համայնքների տարածքներում շարունակվում են տեղ գտնել ինքնակամ շինարարության և քաղաքաշինական նորմերին ու կանոններին չհամապատասխանող կառուցապատման դեպքերը։ 2018-ին մեր ջանքերը մեծապես ուղղված են լինելու շրջանի տարածքում կապիտալ շինարարության բարելավմանը, ինքնակամ շինարարության փաստերի կանխարգելմանը և քաղաքաշինական նորմերի պահանջներին չհակասելու դեպքում առկա օբյեկտները սահմանված կարգով օրինականացմանը։

 

Ճեպազրույցը` 

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ