Logo
Print this page

ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԴԵՐԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության (ՄԵՀԶ) նախարարության պատվիրակությունը ապրիլի 14-ին Երևանում մասնակցել է ՙԷկոտուրիզմը Հայաստանում՚ ամենամյա համաժողովին։

 Միջոցառումն անց է կացվել միաժամանակ 2 ուղղությամբ` համաժողով, որի ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ու, մասնավորապես, էկոտուրիզմի զարգացմանն ուղղված հարցեր, և ցուցահանդես, որտեղ մասնակիցները ներկայացրել են իրենց ծառայությունները։

ԱՀ ՄԵՀԶ նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը հանդես է եկել ՙԱՀ պատմամշակութային և բնապատմական արգելոցների դերը զբոսաշրջության զարգացման գործում՚ թեմայով։ Զուգահեռաբար անցկացվող ցուցահանդեսին զբոսաշրջության վարչության աշխատակիցները ներկայացրել են Արցախի զբոսաշրջային գրավչությունները, մասնավորապես, տեղեկություն տրամադրել Արցախում էկոտուրիզմի զարգացման ներուժի և ռեսուրսների մասին։

Ըստ Արտակ Գրիգորյանի` Արցախի զբոսաշրջային նկարագիրը մեծապես ձևավորվում է 3 հիմնական ասպեկտներով` պատմամշակութային, բնական և էթնոգրաֆիկ։ Դրա ձևավորման գործում առանձնակի դեր են խաղում հայկական ճարտարապետության գոհարներ համարվող հուշարձանները, բնական լանդշաֆտը, հատուկ էկոհամակարգեր ունեցող տարածքները։ 

Արցախում գործում է 5 պետական արգելոց`  տարբեր պատմական ժամանակաշրջանների ուրույն ճարտարապետական կոթողներով եւ բնական հուշարձաններով։ Արգելոցների ստեղծումը մեծապես նպաստել է ոչ միայն պատմամշակութային զբոսաշրջության, այլեւ զբոսաշրջության նոր ձևերի զարգացմանն Արցախում։ Օրինակ,  2011 թվականին Շուշիի և Ասկերանի շրջանների վարչական տարածքում  ՙՀունոտի կիրճ՚ բնապատմական արգելոցի ձեւավորումը մեծ խթան հանդիսացավ էկոտուրիզմի զարգացման համար։ Արգելոցի բնական եւ մարդածին ժառանգությունը եւ, դրանց շարքում, ճարտարապետական հուշարձանները հավուր պատշաճի ներկայացնելու հնարավորությունների ընձեռումը այն դարձրին  էկոտուրիզմի կենտրոններից մեկը։

Առհասարակ արգելոցները` իրարից տարբերվելով պատմամշակութային և բնական հատկություններով, զբոսաշրջային տեսանկյունից ունեն ընդհանրություններ։  Գտնվելով Արցախի տարբեր մասերում և իրենցից ներկայացնելով կարևոր զբոսաշրջավայրեր, դրանք մեծ դեր են խաղում զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման (տարազանման) գործում, կրոնական վայրերից բացի հնարավորություն ընձեռելով նաև այցելել աշխարհիկ պատմաճարտապետական ու բնական հուշարձաններ, մեկնաբանեց Արտակ Գրիգորյանը։ 

Զբոսաշրջության քաոսային զարգացումը մեծ վտանգ է ներկայացնում թե՜ պատմամշակութային և թե՜ բնական լանդշաֆտի պահպանման համար, սակայն   կայուն զբոսաշրջության զարգացման պարագայում կարելի է հասնել ոչ թե այդ երկու ոլորտների հակամարտության, այլ ընդհակառակը` յուրահատուկ սիմբիոզի (համակեցություն)։ Բարեբախտաբար,  Արցախը սկզբնապես  ընտրել և շարունակում է զբոսաշրջության կայուն զարգացման ուղին, եզրափակեց զբոսաշրջության վարչության պետը։  

Հիշեցնենք, որ սա Հայաստանում էկոտուրիզմի հիմնահարցերին նվիրված երրորդ տարեկան համաժողովն է, որի կազմակերպիչը Հայաստանի ամերիկյան համալսարանի ՙՅակոբեան՚ բնապահպանական կենտրոնն է։

Այս տարի համաժողովին մասնակցել է 100 ներկայացուցիչ, ցուցահանդեսին մասնակից կազմակերպությունների թիվը 40 էր։

Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.