Logo
Print this page

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏԱՐԵՇՐՋԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ՝ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ակտիվ տարեշրջանին ընդառաջ՝ Արցախում բարելավում են զբոսաշրջային ենթակառուցվածքները, սկսում նոր ու խոստումնալի ծրագրեր։ Ընդ որում, ուշադրության կենտրոնում եւ՜ բուն զբոսաշրջավայրերն են, եւ՜ Արցախ այցելողների համար գիշերակացի նոր ու լրացուցիչ հնարավորությունների ապահովումը, եւ՜ զբոսաշրջության ոլորտում Արցախում նոր մշակույթի հիմնավորումը։

 Հունոտի կիրճը շարունակում է մնալ Արցախի ամենապահանջված զբոսաշրջավայրերից մեկը։ Հատկապես ակտիվ տարեշրջանում այստեղ այցելուների  պակաս չի լինում։ Գալիս են ինչպես հյուրեր, այնպես էլ արցախցիներ։ ՙՇուշիից սկսած՝ ճանապարհը բարեկարգելու կարիք կա։ Նաեւ կամուրջների բարելավման խնդրանքով են շատ անգամ Հունոտի կիրճ այցելողները դիմել մեզ՚,- տեղեկացնում է ՙՀունոտի կիրճ՚ բնապատմական արգելոցի վարիչ Արամ Հարությունյանը։ Արգելոցի պատասխանատուներն արդեն որոշակի օրինաչափություն են նկատել։ Սովորաբար, Հունոտի կիրճի արցախցի այցելուները նախապատվությունը տալիս են Մխիթարաշենի ուղղությանը. ավտոմեքենաներով հասնում են մինչեւ գյուղ՝ կիրճի մուտքը, մեքենաները կայանում եւ կածանով իջնում կիրճը։ Սա ավելի կարճ ճանապարհ է՝ համեմատած Շուշիից ու Քարին տակ գյուղից Հունոտի կիրճ մտնող արահետների հետ։  Փոխարենը, արգելոցի աշխատակիցների դիտարկումերի համաձայն, արտասահմանցի այցելուներից շատերը նախընտրում են Շուշիից իջնել Հունոտի կիրճ։ Հենց այդ դիտարկումներն էլ որոշիչ են դարձել ընտրության հարցում՝ առաջին փուլում ո՜ր արահետները կահավորել։ 

Այդ աշխատանքն իրականացնելու պատրաստակամություն է հայտնել ՙՀայ լեռնագնացների միություն՚ ՀԿ-ն։ ՙԿազմակերպությունը նախատեսում է մաքրել Շուշիից մինչեւ Քարին տակ հատվածը, որն անցնում Հունոտի կիրճով եւ պատմական Հունոտ գյուղով, եւ վերականգնել պատմական արահետը՝ որպես քայլարշավային երթուղի,- ծրագրերը դեռ ընդհանուր գծերով է ներկայացնում ՙՀայ լեռնագնացների միություն՚ ՀԿ նախագահ Գեւորգ Գասպարյանը։- Նախատեսվում է թփերից, խոտերից մաքրել պատմական արահետի այն հատվածը, որը փակված է բուսականությամբ, Հունոտի կիրճում կառուցել մի քանի կախովի կամուջ՝ ճոպաններով, այն հատվածներում, որտեղ ջրի հոսքի բարձրացման հետեւանքով ողողումներ են լինում, կկահավորվեն շրջանցիկ արահետներ, կհեշտացվի դեպի ջրվեժներ՝ Մամռոտ քար տանող ճանապարհը։ Կարող ենք վստահ լինել, որ սա լինելու է ամենահարմարավետ, էսթետիկ առումով էլ ամենագեղեցիկ արահետներից մեկը՚։ 

Հունոտի կիրճում նախատեսվող աշխատանքներն իրականացվելու են բարեգործական միջոցներով։ Ֆինանսների զգալի մասը հանգանակվել է 2017-ին արշավորդուհի Թելմա Ղազարյան-Ալթունի՝ Հայաստանից Արցախ ճանապարհը վազքով  հաղթահարելու շնորհիվ։ Կահավորման աշխատանքների մեկնարկից առաջ՝ ապրիլի սկզբին կազմակերպության ներկայացուցիչները Հունոտի կիրճում էին անելիքները գնահատելու, ծրագրելու համար։ ՙՄենք ոչ միայն տարբեր երկրներից ենք այցելուներ ունենում, այլեւ տարբեր տարիքի՝ տարեցներ, երիտասարդներ, անգամ՝ երեխաներ, ուստի նախատեսում ենք արահետները կահավորելիս հաշվի առնել այդ բոլոր հանգամանքները՚,- ասում է  ՙՀունոտի կիրճ՚ բնապատմական արգելոցի վարիչ Արամ Հարությունյանը։ Բնապատմական արգելոցը կահավորվելու է՝ արտասահմանյան փորձի կիրառմամբ ։ Այս նպատակով Արցախ է ժամանել ամերիկաբնակ Հանս Քեյֆերը։ ՙՄեր նպատակն է, որ Հայաստան ու Արցախ հնարավորինս շատ զբոսաշրջիկներ գան,- ընդգծում է ՙՀայ լեռնագնացների միություն՚ ՀԿ նախագահը։ - Մենք էլ մեր հերթին աշխատում ենք այն միջավայրը ստեղծել, որ այցելուները կարողանան միջազգային չափանիշներին համապատասխան, ապահով ու հարմարավետ պայմաններում անցկացնել իրենց ժամանցը, հիանան մեր բնական ու պատմական հուշարձաններով՚։ 

B & B ԾՐԱԳԻՐԸ ԼԱՅՆՈՐԵՆ ԿԿԻՐԱՌՎԻ ԱՐՑԱԽՈՒՄ

B & B. լատիներեն տառերի այս համակցությունը հավանաբար շատերին շատ բան չի ասի։ Դա սակայն զբոսաշրջիկներին չի վերաբերում. նրանց համար դա նշանակում է Bed and Brekfast՝ անկողին ու նախաճաշ։ Դեռ ավելին։ Դեպքերի մեծ մասում դա նշանակում է անկողին ու նախաճաշ սովորական հյուրանոցներից ավելի մատչելի գներով, զբոսաշրջավայրերին ավելի մոտիկ։ Շատ երկրներում այս ձեւաչափը վաղուց արդեն կիրառվում է զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար։ Արցախում դրա մասին գիտեն։ Մասնավոր փորձեր ևս եղել են, բայց արդյունքները դեռ հեռու են գոհացուցիչ համարվելուց։ Ոլորտի պատասխանատուները փոփոխություններ են խոստանում։ Ծրագիրը մայիսից կմեկնարկի։ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության  նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ Արցախի շուրջ մեկուկես տասնյակ համայնքներում նախատեսում են իրականացնել  B & B ծրագիրը։ ՙՓորձելու ենք բոլոր շրջաններում էլ իրականացնել այդ ծրագիրը, սակայն առաջին փուլի համար ընտրել ենք Շահումյանի եւ Մարտակերտի շրջանները։ Ներկայում մշակման փուլում է հյուսիսային զբոսաշրջային երթուղու զարգացման ծրագիրը, որը հենց այդ շրջաններն է ընդգրկում՚,- մանրամասնում է Արտակ Գրիգորյանը։ Հյուսիսային զբոսաշրջային  երթուղու վրա գտնվող  համայնքների  այն բնակիչները, ովքեր հետաքրքրված են ծրագրով, հնարավորություն կունենան մասնակցել  դասընթացների, կսովորեն ճիշտ կառավարել  հյուրատնային բիզնեսը եւ աջակցել  համայնքների զարգացմանը։ Արտակ Գրիգորյանի խոսքով, ծրագիրը կարեւոր է շրջաններում հյուրատների  թիվն ավելացնելու համար: ՙԱյս նախաձեռնության նպատակներից մեկն էլ այն է, որ ապակենտրոնացվեն հյուրանոցային տնտեսությունները՝ մայրաքաղաքից դեպի շրջաններ՚,- ասում է նա։ Համայնքները, որտեղ նման հյուրատներ լինեն, կստանան նաեւ սեփական արտադրության գյուղմթերքն իրացնելու լրացուցիչ հնարավորություն՝ հիմքեր նախապատրաստելով Արցախում ագրոտուրիզմի զարգացման համար։

Ծրագիրն իրականացվելու է ՙՀայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամի աջակցությամբ եւ Արցախի ներդրումային հիմնադրամի հետ համագործակցությամբ։ 

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.