[ARM]     [RUS]     [ENG]

ՕԳՆԵԼ, ՍԱՏԱՐԵԼ, ՈԳԵՎՈՐԵԼ

ԱՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունն իր գործունեության երեք տասնամյակները նշանավորում է տարաբնույթ միջոցառումներով։ Այդ ընթացքում կառույցի կողմից բազմաթիվ ծրագրեր  են կյանքի կոչվել:

Ժամանակի պահանջներին համահունչ փոխվել են ծրագրերի էությունն ու խնդիրները։ Այս օրերին կազմակերպությունը կրկին հանդես է գալիս նոր ծրագրերով։ Ուշադրության  կենտրոնում պահելով մոր և մանկան, բազմազավակ ընտանիքների սոցիալական խնդիրները` կազմակերպության պատասխանատուները փորձում են հնարավորության սահմաններում սատարել ու գոնե փոքր-ինչ թեթևացնել այն ընտանիքների հոգսը, որոնք այսօր կենսական խնդիրներ ունեն լուծելու։ 

ՙԱզատ Արցախ՚-ի ընթերցողները թերթից տեղյակ են Ռուդիկ Աբրահամյանի և Արևիկ Գասպարյանի ընտանիքի պատմությանը։ Ընտանիքում ութ անչափահաս զավակներ են մեծանում, հոգսի տակ կքված տանտիրուհին, ում ամուսինն անբուժելի հիվանդություն ունի, իսկ ինքն էլ՝ սրտի հետ կապված խնդիր, բարի կամքի տեր մարդկանց հույսին է մնացել։ Իսկ այդպիսիք, փառք Աստծո, քիչ չեն։ Համագյուղացիներն օգնում են` ինչով կարող են, գյուղապետն է ձեռք հասցնում, բայց, մեկ է, ընտանիքի խնդիրները խորքային լուծման կարիք ունեն։

Մեր թերթի ս.թ. մարտի 29-ի համարում ՙԻսկ գուցե  միասի՞ն գտնենք խնդրի լուծման բանալին՚ հրապարակմանը բազմաթիվ  արձագանքողներ եղան ու դեռ շարունակում են արձագանքել...Առաջինների թվում էին Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ Դավիթ Սարգսյանը, ՙԱզատ Արցախ՚ և ՊԲ ՙՄարտիկ՚ թերթի մի խումբ լրագրողներ ու աշխատակիցներ, բլոգեր-լրագրող Ալբերտ Ոսկանյանը, ՙԷռնա Բաբուրյան՚ ԱՁ-ն, Այգեստան գյուղի մանկապարտեզի տնօրենը, իրավաբան Շուրա Օհանյանը, տնային  տնտեսուհիներ Նորա Գաբրիելյանն ու Լիանա Հաշումյանը։ ՙՄայրույթյուն՚ ՀԿ-ի ակտիվիստներն օրերս առաջին անհրաժեշտության պարագաների հերթական խմբաքանակը հասցրին Մարտունու շրջանի  Թաղավարդ գյուղ։ Ընտանիքի մայրը, շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր պատրաստակամ են կիսելու բազմանդամ  ընտանիքի հոգսերը։ Ընտանիքին այցելած գյուղական համայնքի ղեկավար Լևոն Ալավերդյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ  ջանքերով  ու միջոցներով բազմանդամ ընտանիքին վերադարձնել լիարժեք կյանքի։ 

Մայիսյան տոների շրջանակներում կազմակերպության պատասխանատուներն օրերս այցելեցին  Ն հետախուզական  զորամաս, որտեղ ըստ հրամանատարության ներկայացրած  ցուցակների` մի խումբ զինծառայողներ պարգևատրվեցին ՙՄայրական երախտագիտություն  Արցախի  քաջորդիներին՚ հուշամեդալով։ 

Ի նշանավորումն մայիսյան հաղթանակների` մայիսի 28-ին ՙՄայրությունը՚ նախաձեռնեց այցելություն հյուսիսային ուղղության  զորամասերից մեկը։ Միջոցառմանը մաս էին կազմում Շուշիի  Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնն ու Շուշիի մշակույթի և  երիտասարդության կենտրոնը։ 

ՙԵղնիկներ՚-ում (ինչպես ընդունված է կոչել զորամասը) ԱրՊՀ ուսանողուհի Լիլիթ Ավանեսյանը շարահրապարակում ձիգ, հպարտ ու անսասան կանգնած  զինծառայողներին  էր փոխանցում նույնքան անսասան թիկունքայինների խոսքը. ՙՀողը շենացնողն ու ծաղկեցնողը հայրենիք կպահի, գիտակցելով, որ կյանքի օրենքը պայքարն է, հայը ընտրել է ապրելու, գոյատևելու միակ ճշմարիտ ճանապարհը, պայքարի ճանապարհը, առանց որի  անհնարին կլիներ մեր ժողովրդի փրկությունը։ Թող մեր ուժն ու կորովը, անսասան կամքը  մշտապես նպաստեն հայրենիքի բարգավաճմանն ու հայոց բանակի հզորացմանը՚։

Մշակույթի կենտրոնի համույթի մենակատարները ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ մեծ բավականություն պատճառեցին երկրի  հյուսիսային սահմանի պաշտպաններին, ձեռք ձեռքի, ուս ուսի տված պարեցին: Օրը կրկնակի տոնական  ու անմոռաց դարձավ  շարքային Յուրի Ավետիսյանի համար, ում ծննդյան օրն էր։ Ընկերներն ուսերի վրա վեր-վեր թռցնելով՝ երգում էին հանրահայտ ՙԾնունդդ շնորհավոր՚ երգը, իսկ ներկաները հանպատրաստից նրան  նվեր մատուցեցին։ Միջոցառման  կազմակերպիչները, մասնակիցներն ու զինծառայողներն իրար հրաժեշտ տվեցին փոխադարձ շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով, իսկ հանդիսավար Լիլիթ Ավանեսյանի ձայնը արձագանքվում էր երկնահաս լեռներում: ՙԱյս պահին մի ողջ ժողովուրդ քո  կողքին է, դու մենակ  չես, զինվոր, ու երբեք ժողովուրդը  քեզ մենակ չի թողնի, ինչպես դու ես  հիմա սահմանին կանգնում ի պաշտպանություն նրա, այնպես էլ  նա է կանգնած աչալուրջ՚. այսպիսին են յուրատեսակ ուղերձի տողերը:

ՙՄայրություն՚ ՀԿ-ի կողմից Արցախի  գրողների հեղինակած գրքերից որոշակի խմբաքանակ ստացան մի խումբ սերժանտներ՝ իրենց հետ զորամասեր տանելու համար։ Ի դեպ, նախորդ հանդիպման ժամանակ  նրանք էին գրքեր խնդրել կազմակերպության նախագահից։  

Զինվորների կողմից մի առանձին ջերմությամբ ընդունվեց խանդամիրյանցիների ՙԵրեք խոզուկները՚  տիկնիկային ներկայացումը։  Թատրոնի տնօրեն  Աշխեն Հարությունյանի հավաստմամբ` իրենց կոլեկտիվը միշտ  պատրաստակամությամբ է արձագանքում զինվորների համար ցանկացած միջոցառման կազմակերպմանը։ Իսկ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն  Լաուրա Հովսեփյանի խոսքով՝ իրենց պարտքն է տոն պարգևել  բոլորին և երբեք  չմտածել հանգստանալու մասին։ 

Օրվա կապակցությամբ ՙՄայրություն՚ ՀԿ-ի նախագահ Հասմիկ Միքայելյանը ՙՄայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին՚ մեդալով պարգևատրեց  Ն զորամասի շտաբի պետ Սպարտակ  Հարությունյանին, ով ՊԲ շարքերում ծառայում է շուրջ 22 տարի։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ