[ARM]     [RUS]     [ENG]

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 9-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Մայիսի 30-ից հունիսի 1-ը ՀՀ սփյուռքի նախարարությունում  կայացավ Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը՝ ՙՀայոց պետականությունը և հայ լրագրությունը՚ խորագրով։ Եռօրյա  համաժողովին մասնակցեցին ավելի քան 100 լրատվամիջոցների խմբագիրներ ու ներկայացուցիչներ ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից։ 

 Եռօրյա համաժողովը բացեց Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը՝ ներկաներին փոխանցելով նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը, որում գերատեսչության նորանշանակ ղեկավարը վստահություն է հայտնում, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ևս կիրականանա հեղափոխություն՝ նոր մտածողությամբ, նոր ոճով, սիրո ու անկեղծության վրա հիմնված հարաբերությունների զարգացման նոր տրամաբանությամբ։ Արդյունքում համատեղ ուժերով կկառուցվի իսկապես արդար, ազատ ու զարգացող հայրենիք։ 

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության փոխնախագահ Գայանե Առաքելյանը, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ղեկավար Շահան Գանտահարյանը։ ՀՀ ժուռնալիստների միության նախագահը խորհրդանշական համարեց, որ համաժողովն անցկացվեց Հայաստանի Հանրապետության 100-րդ տարեդարձի կապակցությամբ, որովհետև պատմական այդ ժամանակաշրջանի դեպքերի վերաբերյալ տեղեկություններ են ստացվել ոչ միայն պատմաբանների, այլև Առաջին Հանրապետության կազմավորման տարիներին աշխատած լրագրողների շնորհիվ։ Ս. Սեյրանյանը ցավով նշեց, որ ՀՀ ժուռնալիստների միությունը հնարավորություն չունեցավ հանդես գալ այս համաժողովի կազմակերպական որևէ հարցում, այնինչ` պիտի հակառակը լիներ։ Նրա կարծիքով` Հայաստանի ժուռնալիստների միությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա ավելի լայն ու մասնագիտական շրջանակների հարցերի քննարկմանը, և համաժողովի թեմաները պետք է ոչ թե դասախոսական բնույթ կրեն, այլ լինեն ըստ էության: ՙՍա մասնագիտական ու պրոֆեսիոնալ համաժողով է, և կարծում եմ, որ այն պետք է կազմակերպվի Հայաստանի ժուռնալիստների միության հովանու ներքո, որին ակտիվորեն ներգրավված կլինեն ՀՀ և Սփյուռքի շահագրգիռ կառույցները, անհատ ստեղծագործողները, ակտիվ գործունեություն ծավալողները։ Մասնագիտական համաժողովը չպետք է կազմակերպվի որևէ գերատեսչությանը կից, որովհետև մամուլը 4-րդ իշխանություն է, այն չպետք է դառնա այս կամ այն կառույցի, կամ իշխանական տարբեր գաղափարներ կրող գործիք՚,- ընդգծեց Ս. Սեյրանյանը։ Նման պարագայում լրատվամիջոցի դերը կորսվում է, այնինչ ժամանակակից զարգացում ապրող աշխարհում տեղի են ունենում արմատական հայեցակարգերի փոփոխություններ բոլոր ոլորտներում։ Եվ, ըստ ՀՀ ժուռնալիստների միության նախագահի` մամուլը նույնպես, ինչպես տեխնիկական ու տեխնոլոգիական, այնպես էլ բովանդակային ու գործառութային իմաստներով բարեփոխումների պետք է ենթարկվի։ Անդրադառնալով խոսքի ազատության խնդիրներին` Ս. Սեյրանյանը նշեց, որ մամուլը պետք է ազատ ու անկախ լինի։ Ապրիլի 11-ից ՀՀ-ում մեկնարկած քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները հանգեցրել են իշխանափոխության, որից հետո ՀՀ-ն ապրում է բեկումնային, անկյունադարձային շրջափուլում, իսկ թավշյա հեղափոխությունը, ինչպես և բոլոր հեղափոխությունները, առաջացրել են զգայականության, սպասումների, ակնկալիքների մթնոլորտ, որոնց պետք է հաջորդի նոր ձևավորված իշխանությունների պրակտիկ և պրագմատիկ աշխատանքը։ Այս իրողությունը մամուլի ներկայացուցիչների համար բացառիկ է նաև մասնագիտական առումով։ ՙԼրագրողները կատարեցին հսկայական աշխատանք` հիմնականում հավատարիմ մնալով իրենց մասնագիտական կոչմանը։ Իհարկե, եղան որոշակի բախումներ, տեխնիկական և էթիկական առանձին թերացումներ, որոնք դեռևս կքննարկվեն մասնագիտական շրջանակներում։ Մեր պրոֆեսիոնալ պարտքն է երկրում կատարվող իրադարձությունների մասին ժամանակին ու համալիր կերպով իրազեկել հանրությանը, ինչպես նաև վեր հանել ոլորտների առկա խնդիրները՚ ,- նշեց Հայաստանի թիվ մեկ ժուռնալիստը։ Նա հույս հայտնեց, որ թավշյա հեղափոխության առաջնորդները հավատարիմ կմնան ազատ, ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու իրենց խոստումներին, համակարգային ձեռնարկումներում կանեն առավելագույնը, մամուլի համար հավասար պայմաններ, ազատ արտահայտման լիարժեք և անվերապահ քննադատություն ապահովող համապատասխան օրենսդրական, ինստիտուցիոնալ կառուցակարգեր ստեղծելու համար։ 

Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության փոխնախագահի խոսքով` հերթական անգամ կազմակերպվող համագումարի նպատակն է ամրապնդել հայկական լրատվամիջոցների միջև կապը, ձևավորել համատեղ աշխատանքների մթնոլորտ և արդյունքում հայկական մամուլի ուժերի փոխհամաձայնեցված աշխատանքների միջոցով հասնել համահայկական ազգային նշանակության խնդիրների լուծման։ ՙՀամահայկական լրատվամիջոցների ամրապնդումը եղել և մնում է լրատվամիջոցների համահայկական ընկերակցության հիմնական նպատակներից մեկը։ Հասարակական կարծիքի ձևավորման հարցում կարևոր ներդրում ունեն ԶԼՄ-ները, որովհետև սոցցանցերում գրող մարդիկ կարծիք են ձևավորում հենց մամուլի շնորհիվ՚,- ասաց Գ. Առաքելյանը։ Նա առաջարկեց փոփոխել քննարկվելիք հարցերի թեմատիկ բովանդակությունը։ Ըստ Գ. Առաքելյանի` Սփյուռքի նախարարությունն օժանդակում է այս համաժողովների կազմակերպմանը և ոչ թե հանդես գալիս թելադրողի դերում։ Իսկ այս ամենի նպատակն է նպաստել հայկական լրատվամիջոցների ուժեղացմանն ամբողջ աշխարհում, որն էլ կբերի ազգային միասնության, հայության ամբողջականացման և հայկական պետությունների հզորացման։ 

Լրագրողների համահայկական համաժողովների համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը ներկայացավ դրանց ընթացքում բարձրացված հարցերի լուծման վերաբերյալ որոշակի հաշվետվությամբ և նշեց, որ ՀՀ, Արցախի և Սփյուռքի լրատվական դաշտի փոխճանաչողությունը վերածվել է համագործակցության, ու արդյունքում ներկայումս սփյուռքահայ որոշ լրատվամիջոցներ արդեն ունեն իրենց սեփական թղթակիցները ՀՀ-ում և Արցախում։ 

Եռօրյա համաժողովին քննարկվեց 7 թեմա, 30 հոգի հանդես եկան զեկույցով, իսկ 50-ից ավելի մասնակիցներ ներկայացան հարակից այլ թեմաներով ու առաջարկություններով։ Հիմնականում անդրադարձ եղավ ՙԹավշյա հեղափոխության արձագանքները մամուլում՚, ՙՀայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը և հայ լրագրությունը՚, ՙՀայ լրագրությունը խորհրդային տարիներին՚, ՙՀՀ անկախությունը և հայ լրագրությունը՚, ՙՀայաստանում և Սփյուռքում հայկական մամուլի տպագիր խնդիրները՚ և այլ թեմաների։ 

Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը հանդես եկավ ՙԱրցախյան մամուլ. հին և նոր խնդիրներ՚ թեմայով։ Ներկաները ծանոթացան արցախյան պարբերական մամուլի ձևավորման պատմությանը՝ սկսած 1874թ.-ից մինչև մեր օրերը։ Արցախյան մամուլը համարյա նույն տարիքին է, ինչ հայաստանյանը՝ 5 տարվա տարբերությամբ (1-ին տպագիր մամուլը ՀՀ-ում լույս է տեսել 1869թ. Էջմիածնում, իսկ արցախյանը՝ 1874թ. Շուշիում)։ Արցախի ժուռնալիստների միության նախագահը նաև տեղեկացրեց արցախյան մամուլի վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ու իրականացվելիք այլ աշխատանքները` միաժամանակ անդրադառնալով արցախյան լրատվական դաշտի ներկայիս իրավիճակին՝ ՙԱզատ Արցախ՚ պաշտոնաթերթի, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության աշխատանքային գործունեության ընթացակարգերին, տպագրաքանակին  և  եթերների հաճախականությանը։

Միևնույն ժամանակ Արցախում կա լրագրողական ներուժ, որոնցից որպես առաջին աղբյուր կարող են տեղեկատվություն ստանալ մյուս լրատվամիջոցները։ Որպես համաժողովի համակարգող մարմնի անդամ` Կ. Գաբրիելյանն առաջարկեց համաժողովների ընթացակարգերի վերաբերյալ կազմակերպել քննարկում և գտնել նոր ձևաչափ հետագա աշխատանքների կազմակերպման համար։ Նրա կարծիքով` նման համաժողովները միշտ էլ օգտակար են, հատկապես փոխադարձ շփումների, խնդիրների համատեղ քննարկումների առումով, որովհետև դրանք ի վերջո տալիս են դրական արդյունքներ։ Ամեն դեպքում, թե՜ Արցախի ժուռնալիստների միության նախագահը, և թե՜ համաժողովի մասնակիցների մեծ մասն անհրաժեշտություն համարեցին նման համաժողովների ուղղվածությունն ու ձևաչափը դարձնել առավել արդյունավետ։ Խնդրի առնչությամբ` ամենայն հավանականությամբ աշնանը, նախատեսվում է համակարգող մարմնի անդամների և համապատասխան փորձագետների այցը Արցախ, որտեղ էլ կկազմակերպվեն քննարկումներ նշյալ ձևաչափերի, հետագա համաժողովների կազմակերպական մի շարք հարցերի վերաբերյալ։ 

Հունիսի 1-ին Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովն ամփոփեց աշխատանքը։ Ելույթներով և առաջարկներով հանդես եկան Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության փոխնախագահ Գայանե Առաքելյանը, լրագրող Յուրի Կարապետյանը (Ռուսաստան) և Շահան Գանտահարյանը։ Նրանք կարևորեցին կազմակերպական և բովանդակային ձևաչափերի մշակումը և նախանշեցին արծարծված կարևորագույն հարցերի հնարավոր լուծումները։  Գ. Առաքելյանն իր հերթին շեշտեց, որ լրատվամիջոցի առաջնային առաքելությունն է լինել անաչառ, ազնիվ և վեր հանել երկրում առկա խնդիրները, քանի որ ազատ մամուլի առանձնահատկությունը պետք է լինի ցանկացած երկրի ժողովրդավարության հիմքը։ Նրա կարծիքով` պետությունն իր հերթին պետք է աջակցի լրատվամիջոցին ու լրագրողին՝ ստեղծելով աշխատանքային լիարժեք պայմաններ։ Իսկ ԶԼՄ-ների դերն է  վերահսկել իշխանությունների գործունեությունը և այդ ամենն իրազեկել քաղաքացիներին, ստեղծել հասարակական կարծիք։ ՙԻր մասնագիտական գործունեության ընթացքում լրատվամիջոցը չպետք է կախված լինի իշխանությունից, սակայն պետության համագործակցությունն անհրաժեշտ է։ Պետությունը պետք է կանխի յուրաքանչյուր բռնարարք, որ կատարվում է լրագրողի նկատմամբ։ Ինչ վերաբերում է հետագա համաժողովների ընթացակարգերին, ապա դրանք կծավալվեն արդեն նոր ձևաչափով` հիմք ընդունելով եռօրյա համաժողովում բարձրացված բոլոր հիմնախնդիրները՚,- նշեց Գ. Առաքելյանը։ 

Համաժողովի ընթացքում առաջարկվեց ունենալ հայկական համընդհանուր լրատվական կայք, որտեղ ներկայացված կլինի հայկական մամուլը։ Դա կլինի տեղեկատվական հզոր բազա ու շտեմարան համահայկական և ընդհանրապես արտասահմանյան բոլոր լրատվամիջոցների համար ճիշտ հղումներ կատարելու և հանրությանը ճշմարտությունը իրազեկելու, ինչպես նաև տեղեկատվական պատերազմում արդյունքներ արձանագրելու համար։ Տեղեկատվական ընդհանուր հարթակ պետք է ունենան ոչ միայն տպագիր մամուլը, այլև հայկական հեռուստառադիոընկերությունները։ Լրագրողների համահայկական համաժողովների համակարգող մարմնի պատասխանատուները նշեցին, որ այդ աշխատանքները դեռևս սաղմնային վիճակում են, սակայն վստահեցրին, որ նշված խնդիրը կլուծվի։ 

Համաժողովում բարձրացված բոլոր դիտարկումներն ու առաջարկները  ձայնագրվել են։ Նյութերը կուսումնասիրվեն, կարվեն հետևություններ։ Վերջում ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը եզակի համարեց այն առումով, որ բարձրացված խնդիրներն ավելի շատ էին, քան նախորդ բոլոր համաժողովներում հնչեցված հարցերը։ Նա հավաստիացրեց, որ մեկ առ մեկ դրանք կվերլուծվեն և արդեն 10-րդ համաժողովին կզեկուցվեն բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ կատարված աշխատանքները, իսկ համաժողովը ևս մեկ հանգրվան հանդիսացավ համահայկական միասնական տեղեկատվական  հարթակ ստեղծելու ճանապարհին։ 

Համաժողովի ավարտից հետո Սփյուռքի (14 երկրների) լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպում ունեցան ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ  Մնացականյանի հետ։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ