[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՏԵՂԵՆՔ ՋԱՆՔԵՐԸ՝ ՀԱՅՐԵՆԻ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հարցազրույց ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար  Վազգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ

 - Պարոն Միքայելյան, Հունիսի 5-ը աշխարհում նշվում է որպես Բնության և շրջակա միջավայրի պահպանության օր։ Արցախը ե՞րբ է միացել միջազգային այդ օրը նշելուն։

- Նախ տեղեկացնեմ, որ այդ օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանի որոշմամբ, 1972թ. դեկտեմբերի 16-ին, իսկ ամսաթիվը` հունիսի 5-ը, ընտրվել է ի հիշատակումն Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի: Ինչ վերաբերում  է  Արցախին` այս պահին չկա գործող իրավական ակտ, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են և մեզ մոտ էլ այդ օրը իրավապես կհռչակվի որպես Բնապահպանի օր: Կարծում եմ, բնությունը պահպանելու համար չպետք է սահմանափակվենք միայն մեկ օրով, այլ պետք է յուրաքանչյուր օր լուծենք բնապահպանական խնդիրները` ի շահ մեր երկրի, մեր քաղաքացիների բարօրության:

- Ո՞րն  է օրվա խորհուրդը կամ կարգախոսը։ Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում այդ օրն Արցախում։

- Որպես օրվա խորհուրդ ընտրվել է ՙՊահպանենք բնությունը, և նա կպահպանի մեզ՚ կարգախոսը, քանզի  այն վեր է հանում մեր ժամանակների համամարդկային  ամենակարևոր հիմնահարցերից մեկը`  բնության հետ ներդաշնակ ապրելու խնդիրը: Ներկա ժամանակներում մարդու գործունեությունն այնպիսի ծավալներ ու բնույթ է ստացել, որ միանգամայն օրինաչափ հարց է ծագում՝ մարդը բնության դե՞մ է, թե՞ բնության հետ։ Եվ մարդկության ապագայի տեսլականը թելադրում է  հարցի մեկ պատասխան` մարդկության կայուն զարգացումն ու հարատևումը հնարավոր են  միայն բնության հետ ներդաշնակ ապրելով, և այդ գաղափարին էլ հետամուտ է մեր կողմից իրականացվելիք միջոցառումների շարքը:  Ինչ վերաբերում է անցկացվելիք միջոցառումներին, ասեմ, որ նախատեսվում է հեծանվաերթ-ակցիա Ստեփանակերտի հուշահամալիրից մինչև Վերածննդի հրապարակ, որտեղ  կկազմակերպվի կավճանկարչություն, և որում ընդգրկված կլինեն նախադպրոցական տարիքի երեխաներ։ Դա նպատակային ակցիա է, քանզի այսօր մեր օրակարգային հարցերից մեկը մատաղ սերնդի մոտ բնապահպանական մշակույթի, բնապահպանական մտածելակերպի ձևավորումն է, նրանց՝ բնության հետ ներդաշնակ ապրելու կարողության փոխանցումը: Այնուհետև կլինեն քննարկումներ կլոր սեղանի ձևաչափով` ՙԱրցախի բնապահպանական հիմնախնդիրները՚  թեմայի շուրջ, որին հրավիրված են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

- Գաղտնիք չէ, որ բնապահպանական անվտանգությունը գրեթե հավասարազոր է ռազմական անվտանգությանը։ Ի՞նչ խնդիրներ, ռիսկեր ունենք այս ոլորտում։

- Վերջին տարիներին բնապահպանական նոր քաղաքականությունը բախվել է մի շարք բարդ ու հրատապ լուծում պահանջող խնդիրների, և այսօր՝ քան երբևէ,  առավել արդիական է բնապահպանական անվտանգության և բնապահպանական գործունեության ժամանակակից համակարգերի ձևավորումը:

Ինչպես ամեն մի պետություն, Արցախի հանրապետությունը ևս կանգնած է բնապահպանական աննախադեպ ռիսկերի առաջ, բայց  դրանք կառավարելի են, քանի որ  մեր պատմական բնօրրանից մեզ բաժին հասած փոքր հատվածի հարուստ ու ինքնատիպ բնաշխարհը մեզ հնարավորություն է տալիս խուսափել  լուրջ բնապահպանական խնդիրներից ու ռիսկերից։

- Վերջին ժամանակներս շատ է խոսվում հանքարդյունաբերության բերած վնասների մասին, որը առողջապահության տեսակետից ամենառիսկային ոլորտն է։ Արցախում հանքարդյունաբերության ծրագրերի իրագործման հետևանքով արդյո՞ք չեն տուժում բնությունն ու մարդիկ։ Հանքավայրերի պաշարներն անսպառ չեն, դրանց բերած ժամանակավոր սոցիալական օգուտը կարո՞ղ է համատեղելի լինել այն վնասի հետ, որ առաջանում է հանքի շահագործումից։

- Այո, ճիշտ եք, հանքարդյունաբերությունը վերջին շրջանում բավականին քննարկվող թեմա է`  հիմնականում բնությանը հասցված վնասի տեսանկյունից։

Պետք է նշել, որ հանքարդյունաբերությունը  մեր տնտեսության կարևոր հենասյուներից է, բայց, դրան զուգահեռ,  այն առաջ է բերում բնապահպանական խնդիրներ և առողջապահական ռիսկեր: Այդքանով հանդերձ, նշեմ, որ դրանք կառավարելի են, խուճապի մատնվելու  կարիք չկա, ուղղակի անհրաժեշտ  է իրականացնել հետևողական աշխատանք այդ  խնդիրների  վերացման  և  ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Դրա համար այսօր մենք պետք է շատ խնայողաբար օգտվենք մեր բնաշխարհի ընձեռած հնարավորությունից, այլ ոչ թե այն անխնա սպառենք` սերունդներին չթողնելով ոչինչ: Ուստի, մենք պարտավոր ենք մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք կօգնեն բացառելու կամ  նվազագույնի հասցնելու հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Մենք  պարտավոր ենք հետևել, որպեսզի ընդերքօգտագործողների կատարած աշխատանքները  համապատասխանեն  բոլոր նորմերին: Միայն այդ դեպքում հանքարդյունաբերությունը կարող է զգալի տնտեսական օգուտներ բերել  երկրին` միաժամանակ մեղմելով ազդեցությունը շրջակա միջավայրին:

- Անտառապահպանության առումով Ձեր ղեկավարած կառույցի կողմից ի՞նչ աշխատանքներ են տարվում։ Թվում է՝ տարեցտարի նոսրանում են մեր անտառային ծածկույթները. անտառներն այսօր ոչ միայն որպես վառելափայտ են օգտագործվում, այլև տարբեր փայտամշակման ընկերություններ՝ տարբեր նպատակներով են շահագործում դրանք։ Արցախի նման երկրի համար, որն ունի շատ փոքր աշխարհագրական տարածք, արդյո՞ք շռայլություն չէ անտառն այդպես անխնա ոչնչացնելը։

 - Ինչպես գիտեք, Արցախի  Հանրապետության  բոլոր անտառածածկ հողերը պետության սեփականությունն են, և բնափայտի մթերման կազմակերպումը, փայտանյութը՝ որպես շինափայտ, վառելափայտ և որպես թափուկ ներկայացնելը   կատարվում են օրենքով, ու բնափայտի տրամադրման աշխատանքները  իրականացվում են ՙԱրցախանտառ՚  պետական ոչ առևտրային կազմակերպության   կողմից:  Եվ մեր` Բնապահպանության և բնական  ռեսուրսների  նախարարության  ու ՙԱրցախանտառ՚ կազմակերպության  գործառույթներն  օրենքին, անտառաշինության նորմերին  համապատասխան իրականացնելու, ինչպես նաև բնափայտի մթերման աշխատանքները  ճիշտ կազմակերպելու, անտառային ոլորտին առնչվող հարցերը քննարկելու, առկա անհամապատասխանությունները, հակասություններն ու թերությունները բացահայտելու ու վերացման նպատակով  բազմիցս եղել են քննարկումներ, որոնց  հիման վրա էլ մշակել ենք առաջարկությունների փաթեթ, որը հիմք կհանդիսանա կանոնակարգերին համապատասխան նախագծերի մշակման համար։

Անդրադարձել ենք  նաև  ապօրինի  ծառահատումների, դրանց մեջ ներգրավված անձանց բացահայտման ու նրանց օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու հարցերին:

Ապօրինի ծառահատումների դեմ նախկինում իրականացված կանխարգելիչ միջոցառումները վերջին ամիսների ընթացքում կրում են ավելի խստացված բնույթ: Մեր   աշխատակիցները (տեսուչները) պարբերաբար  ստուգայցեր   են կատարում բոլոր անտառտնտեսություններում:

Ապօրինի ծառահատումների կանխարգելման ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք իրականացրել  ու  իրականացնում ենք  նաև իրավապահ մարմինների  հետ, և  այդ արդյունավետ համագործակցության արդյունքում ապօրինություններ կատարելու փորձերը զգալիորեն նվազել են:

Այսօր մենք  ձգտում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի մեր բնակչությունը կարողանա նվազագույն գումարներով վառելափայտի հարցը լուծել, հոգալ իր ընտանիքի հոգսերը:

Դաշտը կանոնակարգելու նպատակով միաժամանակ  մեր նախարարության գործակալության համապատասխան ստորաբաժանման կողմից մշակվել  է ՙՊետական և համայնքային անտառներում բնափայտի մթերման՚ կարգ, որն ուժի մեջ մտնելուց հետո ՙԱրցախանտառ՚-ի բոլոր ստորաբաժանումները կառաջնորդվեն այդ կարգով, և հուսով ենք, որ այն հնարավորություն կընձեռի կանոնակարգել անտառօգտագործման ծավալները:

- Հասկանում ենք, որ բարձրացված հարցերը Բնապահպանության նախարարության խնդիրները չեն միայն։ Քննարկումներ կառավարության նախարարությունների հետ՝ այս և նման հարցերի շուրջ, լինո՞ւմ են։ Չէ՞ որ բնապահպանական առումով կորցրած տարածքն այլևս հետ բերել հնարավոր չէ, կամ`վիճակը շտկելու համար ահագին ժամանակ է պետք:

- Իհարկե, բնության պահպանության գործընթացին մասնակցելը բոլորիս պարտականությունն է, և ամեն մեկս պիտի գիտակցի իր դերն ու պատասխանատվությունը:

Ինչ վերաբերում է կառավարության և այլ նախարարությունների հետ քննարկումներին, իհարկե, անհրաժեշտության դեպքում, մանրամասն, համապատասխան մարմնի, շահագրգիռ կողմի հետ ուսումնասիրում ենք, համադրում հանգամանքները և ընդունում  համապատասխան որոշումներ:

- Օրվա կապակցությամբ Ձեր խոսքը բնակչությանը։

- Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գիտակցում են հայրենի բնության պահպանության հարցում իրենց պատասխանատվությունը։ Միաժամանակ կոչ եմ անում համատեղել մեր ջանքերը՝ հայրենի բնաշխարհի պահպանության և կայուն զարգացում ապահովող շրջակա միջավայր  սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունն իրականացնելու համար:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ